HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Սարգսյան

Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սամվել Դանիելյանն ու բժիշկ Գևորգ Թամամյանն ազատվել են աշխատանքից

Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը մայիսի 15-ին պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին բժիշկը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Դրանից քիչ անց նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց աշխատանքից ազատման պատճառը: Գևորգ Թամամյանն ասաց, որ պատճառը Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին՝ Սամվել Դանիելյանին, Առողջապահության նախարարության կողմից ազատման հրաման ներկայացնելն է: Իր աշխատանքից ազատվելը պատասխանն է այդ որոշմանը:

«Բժիշկ Դանիելյանը շարունակում էր պաշտոնավարել մինչև հունիսի սկիզբ, դրանից հետո մրցույթ էր լինելու, նա էլ իր թեկնածությունը չէր ներկայացրել: Ամեն ինչ շատ նորմալ ընթանում էր, բայց ինչի էս ամեն ինչը այսպես հապշտապ ստացվեց, ու ինչն էր պատճառն էս ամեն ինչի, որ օրեր առաջ բժիշկ Դանիելյանը Սրբազանի քայլերթի ժամանակ գնացել, ողջագուրվել էր Սրբազանին: Բնական է դա ցնցումներ է առաջացրել մեր բարձրագույն ղեկավարության կողմից»:

Գևորգ Թամամյանը ենթադրում է, որ դրանից հետո Առողջապահության նախարարի առաջ պահանջ է դրվել այդ հարցը շտապ լուծելու: «Եթե մարդու հետ ողջագուրվելու համար էսպես են վարվում, դրանից ավելի բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել»,- ասաց Գ. Թամամյանը:

Թամամյանը հավելեց, որ ռուսական շատ հայտնի կենտրոնների ղեկավարներ՝ Ռուսաստանում աշխատող, իրենց անհամաձայնությունն էին հայտնել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, բայց նրանցից ոչ մեկ աշխատանքից չի ազատվել։ Նա նաև ասաց, որ շարունակելու է իր աջակցությունը հայտնել և ամբողջովին սատարում է Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժմանը։

Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը «Հետք»-ին հայտնեց, որ պարոն Դանելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15-ից։

«Նա կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր, և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետն ավարտվելու էր, սահմանված համարժեք երաշխիքով փոխհատուցում իրականացվել է»:

Այն հարցին, թե ինչու չեն սպասել հունիսի 7-ին, խոսնակը պատասխանեց, որ Հիմնադիրը՝ այս դեպքում Առողջապահության նախարարությունը, այդպես է նպատակահարմար գտել։

Լուսանկարում ձախից՝ Սամվել Դանիելյանը, Գևորգ Թամամյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter