HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պետական մարմինները չեն կողմնորոշվում, թե ինչպես թարգմանել «դելիմիտացիա» ու «դեմարկացիա» տերմինները

ՀՀ կառավարական մարմինները չեն կողմնորոշվում, թե ինչպես պետք է թարգմանել 2020 թվականից հետո հայ հասարակության համար արդիական դարձած «դելիմիտացիա» եւ «դեմարկացիա» տերմինները:

Հիշեցնենք, որ դելիմիտացիան հարեւան պետությունների սահմանագծի որոշումն է քարտեզի վրա, իսկ դեմարկացիան այդ սահմանագծի անցկացումն իրական պայմաններում՝ երկրի մակերեւույթին: 

2020 թ. դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո, «Հետքը» հարցեր էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով հետպատերազմական իրավիճակում Արցախ-Ադրբեջան եւ Հայաստան-Ադրբեջան դեմարկացիայից: Մասնավորապես, հարցրել էինք Գորիս-Կապան-Շիկահող-Մեղրի (Մ-2) ճանապարհի մասին, քանի որ այն անցնում է Հայաստան-Ադրբեջան նախկին խորհրդային սահմանի երկայնքով ու տեղ-տեղ հատում է այդ սահմանը:

Մեր բազմաբնույթ հարցերին պատասխանելու համար ներգրավվել էր 3 նախարարություն՝ ԱԳՆ-ն, ՊՆ-ն եւ ՏԿԵՆ-ը:

Մ-2-ի մասին հարցի պատասխանը հետեւյալն էր. «Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի սահմանամերձ հատվածներին վերաբերող հարցերը փոխկապակցված են ՀՀ զինված ուժերի մարտական նոր հենակետերի տեղակայման, իսկ հետագայում նաեւ երկկողմ սահմանագծման (դելիմիտացիայի) եւ սահմանազատման (դեմարկացիայի) աշխատանքների եւ այդ ուղղությամբ իրականացվելիք բանակցությունների հետ (որոնք միջազգային պրակտիկայում երկկողմ հարաբերություններ պահանջող եւ տարիներ տեւող գործընթացներ են)»:

Ինչպես տեսնում ենք, կառավարական մարմինները դելիմիտացիան ներկայացրել են որպես սահմանագծում, իսկ դեմարկացիան՝ սահմանազատում:

«Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարանում» (1982 թ., խմբ. Գ. Ավագյան) նույնպես դեմարկացիան թարգմանվում է որպես սահմանազատում՝ պետական սահմանագծի անցկացումը երկրի մակերեւույթի վրա՝ սահմանային հատուկ նշաններով (սահմանային սյուն, բուրգ, փշալարային ցանցեր եւ այլն):

Մեկ այլ՝ «Օտար բառերի բառարանում» (2011 թ., Ա. Հայրապետյան) դեմարկացիան թարգմանված է իբրեւ սահմանագծում՝ հարեւան պետությունների միջեւ սահմանների որոշումն ու տեղանքի վրա նշանակելը՝ անցկացնելը կնքված պայմանագրերի համաձայն:

Այս նույն բառարանում, սակայն, դելիմիտացիան թարգմանվել է ոչ թե սահմանազատում, այլ ներկայացվել է այսպես՝ միջազգային իրավունքում՝ փոխադարձ համաձայնությամբ հարեւան պետությունների սահմանագծի որոշումը եւ գրանցումը համապատասխան քարտեզի վրա:

2021 թ. փետրվարին ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Լեզվի կոմիտեն հրապարակել էր հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին հերթական հորդորակը, որում դեմարկացիան թարգմանված է սահմանագծում, իսկ դելիմիտացիան՝ սահմանազատում:

2022 թ. փետրվարին վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ եւ ԱՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով: Այս հանձնաժողովի ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն անվանումների մեջ սահմանազատումը ներկայացվում է որպես դելիմիտացիա:

Այսինքն՝ Կառավարությունը, ի տարբերություն 2020 թ. դեկտեմբերի, այժմ դելիմիտացիան թարգմանում է սահմանազատում, իսկ դեմարկացիան՝ սահմանագծում:  

Հաշվի առնելով միջազգային 2 տերմինների հայերեն ոչ միանման թարգմանությունները հենց կառավարական մարմինների կողմից՝ Լեզվի կոմիտեին խնդրել էինք հայտնել իր դիրքորոշումը հայերեն համարժեքների վերաբերյալ, ինչպես նաեւ հարցրել, թե արդյոք այս թեմայի շուրջ քննարկումներ եղել են Կառավարության հետ: Երրորդ՝ եթե այդ տերմինների թարգմանության վերաբերյալ չեն համընկնում Կառավարության ու Լեզվի կոմիտեի դիրքորոշումները, արդյոք վերջինը պատրաստ է հարցը քննարկել Կառավարության հետ։

Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, արձագանքելով հարցմանը, նախ մի շարք տեղեկություններ է հայտնել «դելիմիտացիա» եւ «դեմարկացիա» տերմինների ծագման ու հայկական տարբեր աղբյուրներում դրանց թարգմանությունների վերաբերյալ:

Ըստ այդմ, համաձայն «Ֆրանսերեն-հայերեն բառարանի» (2010 թ., Ա. Մուրադյան, Ս. Խաչատրյան), ֆրանսերենից թարգմանաբար «limite» նշանակում է սահման, սահմանագիծ, վերջնակետ, իսկ «marque»՝ նշան, նիշ, նշում:

«Վերջին տարիներին, տվյալ բառերի հաճախակի գործածությամբ պայմանավորված, դրանց հայերեն համարժեքները վերանայվել են, տարբեր գերատեսչություններ ու անհատներ այդ կապակցությամբ առաջարկներ են արել: Հիմնականում դելիմիտացիայի դիմաց առաջարկվում է սահմանազատում բառը, դեմարկացիայի դիմաց՝ սահմանագծումը: Այնուամենայնիվ, այս բառերի գործածության վերաբերյալ վեճը շարունակվում է: Բառարաններում հակասական մոտեցումներ կան»,- նշել է Ս. Դվոյանը՝ բերելով մի քանի օրինակ:

«Ֆրանսերեն-հայերեն բառարանում» (2010 թ., Ա. Մուրադյան, Ս. Խաչատրյան) դելիմիտացիան թարգմանվում է սահմանագծում, սահմանազատում: «Անգլերեն-հայերեն բառարանում» (2011 թ., Ն. Բարաթյան) եւս դելիմիտացիան ներկայացվում է սահմանագծում, սահմանազատում: «Իտալերեն-հայերեն բառարանը» (1995 թ.) թե՛ դելիմիտացիան, թե՛ դեմարկացիան թարգմանում է սահմանագծում:

«Թեեւ Լեզվի կոմիտեն նույնպես հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին հորդորակում առաջարկել է դեմարկացիայի փոխարեն գործածել սահմանագծումը, իսկ դելիմիտացիայի փոխարեն՝ սահմանազատումը, այսուհանդերձ, խնդիրը չի լուծվել, քանի որ հիշյալ բառերի տարիմաստ գործածությունը շարունակվում է: Վերջնական պատասխան գտնելու համար հարցն այժմ քննարկվում է տարբեր մարմիններում»,- «Հետքին» հայտնել է Լեզվի կոմիտեի նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter