
Զախարովան զարմացած է, թե ինչու են արևմտյան լրատվամիջոցներն անտեսում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը
Արևմտյան ԶԼՄ-ները լուսաբանում են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, բայց միևնույն ժամանակ լռում են Հայաստանում տեղի ունեցող ակցիաների մասին: Այդ մասին մայիսի 15-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան զարմացած է, թե ինչու են արևմտյան լրատվամիջոցները «ամեն օր հարձակվում Վրաստանի իշխանությունների վրա», որոնց կարգադրությամբ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։
«Ի՞նչ ենք մենք տեսնում Հայաստանի համատեքստում: Հայաստանում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին Արևմուտքի քար լռությունը, այնտեղ նաև բիրտ ուժ է կիրառվում»,- տարակուսել է Զախարովան՝ պնդելով, թե իբր, Արևմուտքը «իր օրակարգից հանել է այս հարցը»։
«Մենք տեսնում ենք, որ բառացիորեն, կարծես թե ինչ-որ հրամանով ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցները ամեն կերպ «ուժեղ պտտացնում» են այդ թեման Վրաստանի պարագայում։ Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա արևմտյան մեյնսթրիմը դրանք կարծես չի նկատում, ձևացնում է, թե այնտեղ ոչինչ չի կատարվում»,- թեման եզրափակել է ռուսաստանցի պաշտոնյան։
Իր ճեպազրույցի ընթացքում Զախարովան անդրադարձել է նաև Ալմաթիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններին։ Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է խաղաղության պայմանագրի շուրջ Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները: Զախարովան այն կարծիքին է, որ դա ևս մեկ քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։
«Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ Ղազախստանի ջանքերին։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ամեն կերպ աջակցել գործընկերոջը»,- հայտարարել է Զախարովան։
Լուսանկարը՝ Bulkin Sergey/news.ru/Global Look Press
Մեկնաբանել