
ՌԴ ԱԳՆ-ում կոչ են անում հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ հարցերն ուղղել Երևանին
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին հարցերը պետք է ուղղել Երևանին: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքեվ՝ Մոսկվան միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային ուղեգծին։
««Ջերմաստիճանի բոլոր չափումները», խնդրում եմ ուղղել այնտեղ։ Հենց այդ կողմին պետք է ուղղեք ձեր հարցերը։ Ռուսաստանը միշտ եղել է և մնում է հավատարիմ»,- հայտարարել է Զախարովան՝ պատասխանելով քաղաքական դաշտում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին հարցին։
Զախարովան երկու երկրների միջև հարաբերություններն անվանել է «երկկողմանի երթևեկությամբ փողոց»: «Մեր կողմից այդ նույն փողոցում երբեք ոչ մի զիգզագ չի եղել, իսկ մնացածը հարցրեք, խնդրեմ, պաշտոնական Երեւանից»,- ասել է ռուսաստանցի այդ պաշտոնյան։
Ճեպազրույցի ժամանակ Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանի տարածքից ռուս սահմանապահների դուրսբերման հարցին։ Նրա խոսքով՝ ենթադրությունները, թե Մոսկվան Երևանին առաջարկել է Հայաստանի տարածքից ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին, չեն համապատասխանում իրականությանը։
«Ես հսկայական թվով շահարկումներ եմ տեսնում մայիսի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։ Չի համապատասխանում իրականությանն այն ենթադրությունը, թե իբր ռուսական կողմն առաջարկել է Հայաստանի տարածքից ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին։ Դա ճիշտ չէ»,- նշել է նա։
«Այլ աղբյուրներում, տեսնում ենք, որ նշվում էր, թե սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Բաքվի և Երևանի պայմանավորվածության շրջանակներում՝ համատեղ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելու մասով։ Այս ամենը շահարկումներ են: Իրականությունն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից մի շարք մարզերից ռուս սահմանապահների դուրսբերումը՝ կապված նրանց կողմից նախկինում առաջադրված մի շարք խնդիրների կատարման հետ»,- եզրափակել է Զախարովան։
Լուսանկարը՝ Максим Блинов/РИА Новости
Մեկնաբանել