HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ձեր փոխարեն համացանցում որոնում կանի արհեստական բանականությունը․ Google-ը թարմացումներ է ներկայացրել

«Google-ը կորոնի քեզ համար։ Ուղղակի հարցրո՛ւ»։ Այս խորհուրդն է տալիս Google-ն իր օգտատերերին ու պատմում վերջին թարմացումների մասին։ OpenAI-ի GPT-4o մոդելի թողարկումից ժամեր անց Google-ը ներկայացրեց արհեստական բանականության նոր հնարավորությունները որոնման համակարգում։

«Վերջին 25 տարվա բազմաթիվ տեխնոլոգիական շրջադարձերի ընթացքում մենք շարունակել ենք վերաիմաստավորել և ընդլայնել այն, ինչ կարող է անել Google Search-ը: Այժմ գեներատիվ արհեստական բանականության շնորհիվ այն կարող է անել ավելին, քան դուք երբևէ պատկերացրել եք»,- ասված է ընկերության հայտարարությունում:

Որոնողական համակարգում կներդրվեն ընկերության արհեստական բանականության Gemini լեզվական մոդելի հնարավորությունները:

Եթե ձեր հարցի համար արագ պատասխան եք փնտրում, բայց ժամանակ չունեք հավաքելու ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, անցնել առաջարկված բոլոր հղումներով, Google-ն առաջարկում է կարդալ որոնումների ամփոփ արդյունքները, որոնք գեներացվում են արհեստական բանականության միջոցով։ Այս հնարավորությունը հիմա հասանելի է ԱՄՆ-ում, շուտով կտարածվի ավելի շատ երկրներում: Google-ի փոխանցմամբ՝ փորձարկումները ցույց են տվել, որ այս հնարավորության շնորհիվ մարդիկ ավելի շատ են օգտագործում որոնողական համակարգը և ավելի գոհ են իրենց արդյունքներից:

Google-ն ասում է՝ որոնումն ավելին է, քան բառերը տեքստային պատուհանում, ու առաջարկում որոնումներ անել տեսանյութերի միջոցով՝ ցույց տալով ձեզ մոտ հարցեր առաջացրած տեսարանը։

«Հաճախ ձեր հարցերը վերաբերում են այն իրերին, որոնք տեսնում ենք մեր շուրջը, նաև առարկաները, որոնք շարժման մեջ են: Տեսանյութերն ըմբռնելու շնորհիվ մենք տեսողական որոնումը հասցրել ենք նոր մակարդակի՝ տեսանյութով հարցեր տալու հնարավորությամբ: Սա խնայում է խնդիրը նկարագրելու համար ճիշտ բառեր գտնելու ժամանակն ու հեշտացնում այն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Տեսանյութի միջոցով որոնումը անգլերենով շուտով ԱՄՆ-ում հասանելի կլինի Search Labs-ի օգտատերերին, հետո, ինչպես հայտնում է Google-ը, աշխարհագրությունը կընդլայնվի:

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter