«Աղջիկ ես, քեզ չի թույլատրվում ձնագնաց վարել». Աննա Հովհաննիսյանը պայքար է սկսել խտրական վերաբերմունքի համար
Աննա Հովհաննիսյանը 2024թ. հունվարի 7-ին մտերիմների հետ մեկնել է Ծաղկաձոր՝ հանգիստն անցկացնելու: Ճոպանուղու առաջին կայանից հետո վարձով տրվող ձնագնացից նրան թույլ չեն տվել օգտվել՝ պատճառաբանելով, որ աղջիկ է։ Ոմն Փայլակ, ասել է, որ ձնագնացից կարող է օգտվել միայն տղամարդ աշխատակցի ուղեկցությամբ: Աննա Հովհաննիսյանը կարծում է, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել, և հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Արդեն 4 ամիս փորձում է հասնել քրեական վարույթ նախաձեռնելուն: Դիմել է նաև դատարան:
Աննա Հովհաննիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ արարքը լիովին պարունակում է Քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմ, քանի որ սեռի հիմքով իրեն մերժել են օգտվել ձնագնացից:
ՀՀ քրեական օրենսգիրք հոդված 203, 1-ին մաս. Խտրականությունը` տարբերակված վերաբերմունքի դրսևորումը, որը ոտնահարում է անձի իրավունքները կամ ազատությունները, կամ որով անձին առավելություններ են տրվում՝ առանց օբյեկտիվ հիմքի կամ իրավաչափ նպատակի՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծննդի, առողջական վիճակի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով:
Աննան պատմում է, որ վարձով տրվող ձնագնացների բաժնի աշխատակցից ճշտել է՝ արդյոք միայն աղջիկների՞ն չեն թույլատրում վարել ձնագնաց։ Փայլակ անունով աշխատակիցը պատասխանել է, որ այո, աղջիկներին ընդհանրապես վարձով չեն տրամադրում ձնագնացները, իսկ արական սեռի ներկայացուցիչները կարող են վարել։
«Փորձեցի համոզել` ասելով, որ մոտ 15 տարի մեխանիկական մեքենա վարելու իրավունք ունեմ, նախկինում միայնակ ձնագնաց վարելու փորձ ունեմ, սակայն խոսքս ընդհատեց և ասաց, որ չշարունակեմ, եթե իրենց պայմաններին համաձայն չեմ, ապա մի կողմ գնամ, որ մյուսները վարեն, ովքեր համաձայն են այդ պայմաններին։ Ես նկատեցի, որ տղամարդկանց նույնիսկ չէին հարցնում՝ մեքենա, ձնագնաց վարելու փորձ ունեն, թե ոչ: Տղամարդիկ երեխաների էլ էին իրենց հետ ձնագնաց նստեցնում»,- ասում է Աննա Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ, այստեղ ակնհայտ է խտրական վերաբերմունքը: Եթե հիմքում լիներ անվտանգությունը, ապա Աննայի կարծիքով, առնվազն պետք է բոլորից հետաքրքրվեին՝ վարելու փորձ ունենալու մասին, իսկ երեխաներին չթույլատրեին նստել ձնագնացը:
«Ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանում չի կարող լինել սեռի հիմքով տարբերակված վերաբերմունքի դրսևորում որևէ տեխնիկական միջոց վարելու դեպքում, չկա որևէ սահմանափակում որևէ վտանգավոր գործունեությամբ զբաղվելու համար»,- ասում է Աննան։
Նշենք, որ Ա. Հովհաննիսյանն ունի 15 տարվա մեխանիկական ավտոմեքենա վարելու իրավունք: Նախկինում և այժմ էլ վարում է «Բագգի», «Քվադրոցիկլ», զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ քիքբոքսինք, մարտեր առանց կանոնների, և բազմիցս եղել է ՀՀ առաջնությունների և միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր։
Աննա Հովհաննիսյանը հունվարի 12-ին հաղորդում է ներկայացրել Հրազդանի բաժնում՝ Քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման վերաբերյալ։ Հաղորդումը ուղարկվել է նույն մարզի քննչական վարչության քննիչ Աշոտ Խաչատրյանին։
Քննիչը հունվարի 13-ին հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել, որը մեկ ամիս անց՝ փետրվարի 16-ին, նոր միայն հաստատվել է հսկող դատախազ Գոռ Խանզադյանի կողմից, իսկ Աննա Հովհաննիսյանին առձեռն փոխանցվել է դրանից մոտ մեկ ամիս անց՝ մարտի 26-ին:
Որպեսզի քննիչը հիմնավորի, թե ինչու քրեական վարույթ չի նախաձեռնվում, համեմատական է անցկացրել այլ երկրի քաղաքացու և ՀՀ քաղաքացու իրավունքների միջև: Մասնավորապես՝ պատճառաբանություններից մեկն այն է, որ օրենքով որոշ անձանց արտոնությունները կամ սոցիալական երաշխիքները կարող են սահմանափակվել՝ պայմանավորված որևէ պետության քաղաքացիություն ունենալու հետ, և որպես օրինակ նշել են, որ հանրային ծառայության կարող են անցնել միայն ՀՀ քաղաքացիները: Թե ինչ կապ ունի օտարերկրացու իրավունքը ՀՀ քաղաքացի Աննա Հովհաննիսյանի իրավունքների հետ՝ վերջինիս համար անհասկանալի են մնացել:
«Այսինքն՝ կարող ենք փաստել, որ սրանք այնպիսի իրավիճակներ են, երբ օրենսդիրը պահպանվող արժեքների հարաբերակցության տեսանկյունից օրինաչափ կարող է համարել առանձին իրավիճակներում պայմանավորված անձի որևէ օբյեկտիվ կարգավիճակով, առավելություններ ստանալը կամ սահմանափակումների ենթարկվելը»,- նշված է որոշման մեջ:
Աննան որոշումը ստանալուց հետո բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին, որին պատասխանել է Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը, և բողոքն առանց քննության թողնելու որոշում է կայացրել՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ: Դատախազը նշել է, որ Աննան բողոքարկման ժամկետը բաց է թողել և ուշ է ներկայացրել բողոքը: Ա. Հովհաննիսյանն իրավունք ուներ բողոքարկել որոշումը ստանալուց 7-օրյա ժամկետում, մինչդեռ բողոքը ներկայացրել է ապրիլի 9-ին:
Աննա Հովհաննիսյանը դատախազի որոշումը բողոքարկել է դատական կարգով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքում ցույց է տվել մի շարք ընթացակարգային խախտումներ, որ թույլ է տրվել թե՛ քննիչի, թե՛ հսկող դատախազի կողմից: Մասնավորապես՝ օրենքով սահմանված է, որ քրեական վարույթ չնախաձեռնելու և դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատելու մասին քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է հաղորդումը ներկայացրած անձին՝ նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը, ինչպես նաև պարզաբանելով քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը բողոքարկելու կարգը և ժամկետները: Մինչդեռ, ըստ Ա. Հովհաննիսյանի՝ չի պահվել անհապաղ գրավոր տեղեկացնելու պահանջը, քանի որ որոշումը ստացել է 72 օր անց։ Ավելին՝ այդ որոշման մեջ որևէ նշում չկա բողոքարկան կարգի և ժամկետների մասին, ոչ էլ որևէ առանձին գրությամբ է բողոքարկման կարգի և ժամկետների մասին պարզաբանվել։
Աննան նշել է, որ ավելի քան 2 ամսվա ընթացքում բազմիցս փորձել է հեռախոսազանգով քննիչ Աշոտ Խաչատրյանից տեղեկանալ գործի ընթացքի մասին, սակայն վերջինս, եթե պատասխանել է զանգին, ասել է, որ որևէ տեղեկություն չկա, հետևաբար չի պահվել նաև 24 ժամվա ընթացքում հսկող դատախազի կողմից հաստատելու պահանջը: Այն հաստատվել է ավելի քան մեկ ամիս անց՝ փետրվարի 16-ին:
Ա. Հովհաննիսյանը դատարանին խնդրել է բողոքարկման ժամկետը բաց թողնելը համարել հարգելի և պարտավորեցնել դատախազ Սևակ Պողոսյանին քննել վերադասության կարգով ներկայացված բողոքը: Դատարանի որոշումը դեռ չի ստացվել:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեքենա վարելու հետ կապված առաջին խտրական դեպքն է, որին առնչվել են:
«Եթե խոսենք այն մասին, թե ինչ է անում պետությունը, կարող եմ ասել, որ մեխանիզմները բավականին թույլ են: Մի կողմից ունենք «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, բացի հռչակագրային դրույթներից, որևէ այլ մեխանիզմ չի նախատեսում, թե ինչ մարմնի կարող են դիմել, ինչ փոխհատուցում, իրավունքի վերականգնման ինչ միջոց կարող են ստանալ»,-ասում է Նվարդ Փիլիպոսյանը:
2017թ.-ից պարբերաբար շրջանառության մեջ է դրվում նաև խտրականության դեմ պայքարի նախագիծը, որն այդպես էլ Ազգային ժողով չի հասնում: Այդ օրենքը հնարավորություն կընձեռեր քաղաքացիական հայց ներկայացնել դատարան եւ փոխհատուցում ստանալ: Միջազգային պրակտիկան ևս միտված է խտրականությունը քաղաքացիաիրավական հարթություն տեղափոխելուն:
Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքում ամրագրված նորմին, ապա Ն. Փիլիպոսյանի դիտարկմամբ՝ չգործող հոդվածներից է: Նախ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չունեն բավարար փորձ և տեղեկություններ խտրականության դրսևորումների վերաբերյալ, ինչը պարզ զգացվում է այդ գործերի քննության ժամանակ:
ՀԿ-ի իրավաբանը կարծում է, որ Հայաստանում խտրականությանը վերաբերող և օրենսդրական և պրակտիկ կիրառության բացեր կան: Ըստ նրա՝ երկուսն էլ շաղկապված են: Պետք է հանրությանը հստակ իրազեկել, թե ինչի համար է արարքը նախատեսված Քրեական օրենսգրքում, որն է նպատակը, մյուս կողմից՝ նախատեսել նաև քաղաքացիական կարգավորումներ, որպեսզի մարդը կարողանա իր իրավունքները ճիշտ պաշտպանել և վերականգնել, իսկ ոլորտով զբաղվողներին էլ՝ թիրախային վերապատրաստել:
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով
Մեկնաբանել