«Հայկական ժամանակ». մի լուսանկար, երկու ուղերձ
Լուսանկարը արված է անցած շաբաթ օրը Ծաղկաձորում, որտեղ ընթանում էր «Լավագույն մարզական ընտանիք 2012» ամենամյա մրցույթը: Ինչպես կռահեցիք, այս մի լուսանկարում միանգամից երկու ուղերձ կա:
Նախ այն, որ Սերժ Սարգսյանի դիմաց դրված է «Նոյ» և միայն «Նոյ», որը արտադրվում է Նեմեց Ռուբոյի սեփականությունը դարձած «Բջնի» գործարանում: Սրանից, թերևս, ակնհայտ է դառնում, թե «Հարսնաքարի» ողբերգության քննության գործում իրավապահները մինչև ուր կարող են խորանալ:
Երկրորդ ուղերձը, բնականաբար, Գագիկ Ծառուկյանի հետ «ախպերությունն է»: Որ Օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է մասնակցում այս միջոցառմանը, տարօրինակ չէ: Սերժ Սարգսյանի պարագան այլ է. ոչ նրա կարգավիճակը, ոչ նախասիրությունները, ոչ հետաքրքրությունների շրջանակը նրան, մեղմ ասած, չեն պարտադրում մասնակցել այս միջոցառմանը:
Պարզապես ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը առիթը բաց չի թողնում անընդմեջ ապացուցել իր և Ծառուկյանի մտերմությունը: Դրան հիմա ավելացել է ևս մեկ դետալ՝ «Նոյը»: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանին արդեն «ստիպում են» ոչ միայն գնալ օդանավակայն՝ Սերժ Սարգսյանին այսուայնտեղ ճանապարհելու ու դիմավորելու, այլև նկարվելու «Նոյի» ֆոնին:
Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը հրաժարվել: Իհարկե, կարող է: Ուզո՞ւմ է հրաժարվել: Այ դա այն հարցն է, որն այսօր դրված է ներքաղաքական քննարկումների հիմքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել