
Ռուս զինվորականները գերեվարում և գնդակահարում են Վովչանսկի բնակիչներին. Ուկրաինայի ՆԳՆ
Ռուս զինվորականները Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքի հյուսիսային հատվածում ընթացող մարտերի ընթացքում սկսել են գերեվարել տեղի բնակիչներին։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն:
Նախարարի պնդմամբ՝ ՌԴ զորքերը, որոնք փորձում են ամրապնդվել քաղաքի տարածքում, խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս տարհանել, մարդկանց առևանգում են և քշում նկուղներ։
«Հայտնի է ռուս զինվորականների կողմից քաղաքացիական անձանց առաջին գնդակահարությունների մասին։ Մասնավորապես, Վովչանսկի բնակիչներից մեկը փորձել է փախչել, հրաժարվել է կատարել զավթիչների հրամանները. ռուսաստանցիները նրան սպանել են»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Կլիմենկոն։
Ուկրաինայի Խարկովի մարզի ազգային ոստիկանության քննիչները քրեական վարույթ են սկսել պատերազմի օրենքների և սովորույթների խախտման հոդվածով:
Կլիմենկոն հավելել է, որ ոստիկանները շարունակում են աշխատել Վովչանսկում, չնայած ինտենսիվ մարտական բախումներին, և փորձում ապահովել բնակիչների հետագա տարհանումը:
Ռուսական զորքերը Ուկրաինայի Խարկովի մարզում հարձակողական գործողություններ են սկսել մայիսի 10-ին: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից մայիսի 13-ին հայտնել էին, որ ռուս զինվորականները «մարտավարական հաջողություն ունեն» Վովչանսկի համար մղվող մարտերում: Հաջորդ օրը Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարեց, որ ուկրաինական ուժերը Վովչանսկի հատվածում նահանջել են «առավել շահավետ դիրքեր»։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել