HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի ՆԳ նախարարը Ադրբեջանին մեղադրում է Նոր Կալեդոնիայում անկարգությունների հրահրման մեջ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածք՝ խմբ.) առկա լարված իրավիճակին՝ աջակցելով քաղաքական այն շարժումներին, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայի Հանրապետությունից կղզեխմբի անկախության օգտին: Այդ մասին նա հայտարարել է France 2 հեռուստաընկերության եթերում։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դա երևակայություն չէ, դա իրականություն է։ Ցավում եմ, որ Նոր Կալեդոնիայի անկախության օգտին հանդես եկող խմբերի ղեկավարների մի մասը համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ, ինչում կասկած չկա»,- արձագանքել է ֆրանսիացի պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս սրման պարագայում խոսքը ճգնաժամին Բաքվի միջամտության մասին է։

Դարմանենը նշել է, որ չնայած միջամտության փորձերին, Ֆրանսիայի իշխանությունները վերահսկում են իրավիճակը Նոր Կալեդոնիայում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ֆրանսիական կողմի մեղադրանքները։ 

«Լիովին հերքում ենք մեր երկրի հասցեին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի հերթական անհիմն մեղադրանքները, ինչպես նաև նրա հայտարարությունները Ադրբեջանի և Նոր Կալեդոնիայում անկախության շարժման առաջնորդների միջև ենթադրյալ կապերի մասին, որոնք նա ներկայացրել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ «Նոր Կալեդոնիայում անկախության կողմնակիցների բողոքի ակցիաներին աջակցելու մեջ Ադրբեջանին մեղադրելու փոխարեն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը պետք է ուշադրություն դարձներ անդրծովյան տարածքների նկատմամբ իր երկրի ձախողված քաղաքականության վրա, որն էլ նման բողոքների պատճառ դարձավ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Փարիզից պահանջել է նաև դադարեցնել հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։

Նոր Կալեդոնիայում իրավիճակը լարվել է վերջին շրջանում։ 2024 թվականի գարնանը Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն էր տվել մի օրինագծի, որը նախատեսում էր տարածաշրջանային ընտրություններին մասնակցելու իրավունք տալ Նոր Կալեդոնիայի տարածքում ավելի քան 10 տարի բնակվող անձանց: Այս որոշումը զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել կղզիների բնակիչների շրջանում, նրանք այրել էին «տասնյակ տներ և ձեռնարկություններ», ինչի հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է: Բողոքի ցույցերի ֆոնին ֆրանսիական իշխանությունները որոշել են զորք մտցնել Նոր Կալեդոնիա ու արտակարգ դրություն հայտարարել։

Լուսանկարը՝ news.az-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter