HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել մասնակցել Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով ժամանել է Ադրբեջան: Այդ մասին հայտնում է БелТА գործակալությունը։

Ինքնաթիռի թեքահարթակի մոտ Լուկաշենկոյին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը, ավելի վաղ կառավարական պատվիրակության կազմում ժամանած Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն և արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը:

Բաքվում այսօր մեկնարկել են Լուկաշենկո-Ալիեւ բանակցությունները։ Ընդ որում, բանակցությունները սկզբում դեմառդեմ են եղել, իսկ հետո արդեն՝ ընդլայնված կազմով։ Ինչպես նշվում է բելառուսական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային հարթակներում և ինտեգրացիոն միավորումներում։

Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը կարող է մասնակցել Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքներին։

«Մենք իսկապես փակ թեմաներ չունենք։ Մեզ մոտ ամեն ինչ բաց է։ Նույնիսկ, եթե ինչ-որ մեկը լսի, թե ինչ հարցեր ենք քննարկում, նրանք կմտածեն՝ ինչ հարաբերություններ ունենք։ Ամենաբարի, ամենամտերիմ: Մենք՝ որպես եղբայրներ, շփվում ենք, մենք հավասարապես հասկանում ենք աշխարհը, հասկանում ենք, թե ուր է այն գնում։ <...> Ես դեռ մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն վիճում էինք ճաշի ժամանակ։ Այն ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ պատերազմում կարելի է հաղթել։ Դա կարևոր է: Շատ կարևոր է պահպանել այդ հաղթանակը։ Բայց, երրորդը, մենք համակարծիք էինք, դուք այն ժամանակ անդրադարձաք այդ հարցին, որ պատերազմից հետո կսկսվի ամենածանր ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի վերակենդանացնել այն հողերը, որոնք դուք ազատագրել եք, դրանց վերածնունդը սկսել։ Եվ հենց եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ հողերը, պետք է վերադարձնել մարդկանց, իսկ ոմանք արդեն կծնվեն այդ քաղաքներում, խնդիրը, հավանաբար, կլինի։ Հաղթեցին, հաղթանակը պահեցին։ Հիմա պետք է վերակենդանացնել։ Դա ժամանակ է, դա մեծ աշխատանք է, հինգ և գուցե տասը տարվա ընթացքում դժվար է ամեն ինչ իրականացնել»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ չթաքցնելով իր վերաբերմունքը 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի վերաբերյալ։ 

Նա հավելել է, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել այդ գործընթացին։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter