HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վիրահատությունից հետո Սլովակիայի վարչապետի վիճակը կայուն է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը, որի դեմ մայիսի 15-ին մահափորձ էր կատարվել, այս պահին «շատ լուրջ է, սակայն կայուն»: Նման հայտարարություն է արել Սլովակիայի կենտրոնական հատվածում գտնվող Բանսկա Բիստրիցա քաղաքի Ռուզվելտի անվան համալսարանական կլինիկայի ղեկավար Միրիամ Լապունիկովան:

Ինչպես նշել է նա, Սլովակիայի կառավարության ղեկավարին վիրահատել է վիրաբույժների երկու թիմ, ընդհանուր առմամբ վիրահատությունը տևել է 5 ժամ: Այժմ Ռոբերտ Ֆիցոն վերակենդանացման բաժանմունքում է։

Ավելի վաղ Սլովակիայի շրջակա միջավայրի նախարար Տոմաշ Տարաբան BBC-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ֆիցոյի վիրահատությունը «լավ» է անցել, և քաղաքական գործչի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: «Կարծում եմ, որ, ի վերջո, նա ողջ կմնա»,- նշել էր նախարարը։

Մինչդեռ Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակը լրագրողներին հայտնել էր, որ Ֆիցոյի ստացած հրազենային վնասվածքները «ծանր» են եղել, սակայն «գիշերվա ընթացքում բժիշկներին հաջողվել է կայունացնել հիվանդի վիճակը»: Այժմ նրա վիճակը «դեռ շատ լուրջ է»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 15-ին Գանդլովա քաղաքում, որը գտնվում է Սլովակիայի կենտրոնական հատվածում: Ականատեսներին վկայակոչող ԶԼՄ-ների տվյալներով՝ Սլովակիայի վարչապետը կառավարության արտագնա նիստից հետո մոտեցել էր տեղի բնակիչներին, որից հետո կրակոցներ էին հնչել: Standard պարբերականը նշել էր, որ քաղաքական գործիչը վիրավորվել էր որովայնի, ձեռքի և ոտքի շրջաններում: Ֆիցոյին ուղղաթիռով տեղափոխել էին Բանսկա Բիստրիցա քաղաք, որտեղ նա վիրահատվել էր։

Վարչապետին կրակած անձը տեղում ձերբակալվել էր: Լրատվամիջոցների տվյալներով՝ հարցաքննվել է նաև նրա կինը։ Ձերբակալվածի որդին aktuality.sk-ին պատմել է, որ հայրը զենքի օրինական իրավունք է ունեցել։

Լրատվամիջոցները փոխանցում են, որ հարձակումը կատարել էր Լևիցե քաղաքից 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան։

Լուսանկարը՝ AFP Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter