
Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ:
«Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Վարչապետը շեշտել է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես, ֆինանսական բնագավառում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին, այդ ուղղությամբ իրականացվող քայլերին վերաբերող հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ primeminister.am կայքից
Մեկնաբանել