HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց

2024թ. մայիսի 16-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ վերջին զարգացումները: Հայտնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։

«Հիշեցնենք, որ Նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից բացառել։ Այդ պայմաններում փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Նախագծի կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ նախագծի առումով չի ներկակայցվել միջազգային չափանիշներին համապատասխան հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորումը, չի ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների և ռիսկերի գնահատումը, ինչպես նաև չեն իրականացվել պատշաճ հանրային իրազեկման աշխատանքներ և շահառուների հետ քննարկումներ:

Քննարկման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը Նախագծի վիճելի դրույթների վերաբերյալ ներկայացրել է խնդրահարույց ասպեկտները:

Ընդ որում, Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաև այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի՝ փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չի կարող խստացվել և նույնացվել բացառապես տնտեսական նշանակություն ունեցող ոլորտների հետ, հատկապես՝ խաղատների, շահումով խաղերի, գրավատների և վիճակախաղերի:

Ներկաներն արձանագրել են, որ Նախագծի ընդունման արդյունքում.

  • փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները շեշտակիորեն ավելանալու են.
  • վերանալու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման. 
  • Ավելանալու է Հանրային պաշտպանի գրասենյակ դիմողների քանակը, ինչն անհամեմատ կավելացնի պետության ֆինանսական պարտավորության բեռը.
  • Էապես նվազելու է քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

Ներկա փաստաբանները հայտնել են իրենց դժգոհությունը և հնչեցրել առաջարկներ, այդ թվում՝ իրականացնել բողոքի ակցիաներ, քանի որ ինչպես գործադիր մարմնի, այնպես էլ օրենսդիր մարմնի կողմից դրսևորվում է որոշակի շտապողականություն, առանց պատշաճ և համակողմանի քննարկումների:  

Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ 2024 թվականի մայիս 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Նախագիծը դրվելու է քննարկման՝

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ.

  1. Պահանջել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից՝ Նախագծի քննարկմանը մասնակից դարձնել ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներին.
  2. Ձեռնարկել բոլոր միջոցները խնդրահարույց դրույթները Նախագծից հանելու ուղղությամբ.
  3. Քննարկումից խուսափելու և Նախագիծը խնդրահարույց դրույթներով ընդունելուն ուղղված շտապողականություն դրսևորելու դեպքում ձեռնամուխ լինել բողոքի ակցիաների իրականացմանը՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց, որի պայմանների մասին լրացուցիչ կհայտարարվի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter