
Հանրային մեղադրողի՝ բուն ապացույցներին չվերաբերող հատվածներ կարդալը վրդովմունք առաջացրեց զոհվածների ծնողների մոտ
Մարտունի-3 զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի և ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանի գործով դատարանը ապացույցների հետազոտման փուլում է։
Հրամանատարների մեղադրանքը վերաբերում է 73 հոգանոց վաշտին, որին 2020թ. հոկտեմբերի 11-ին հրաման է տրվել գնալ գրավված Հադրութ։ Վաշտի 73 զինծառայողները զոհվել են։
Գոռ Իշխանյանը մեղադրվում է, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում, ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին նույն մեղադարանքն է առաջադրվել։ Երկու հրամանատարների գործը միասին քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Արդեն 2-րդ դատական նիստն է, երբ հանրային մեղադրող Գ. Մղդեսյանը կոնկրետ ապացույցներ ներկայացնելու փոխարեն կարդում է բուն ապացույցներին չվերաբերող հատվածներ, ինչը երկարացնում է դատական պրոցեսը և առաջացնում զոհվածների ծնողների վրդովմունքը։
2 ժամ տևած նիստի կեսից զոհվածների ծնողները վրդովվեցին. «Հարգելի դատավոր, հնարավո՞ր չի կարճ, կոնկրետ ընթերցել ապացույցները»։
«Սա կարգ է, որը պետք է պահել։ Ապացույցն ամբողջությամբ պետք է հրապարակվի, հետազոտենք։ Պետք է մեկ, երկու նիստ դիմանալ մինչև ապացույցների հետազոտումն ավարտվի»,- ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
«Հա էլի ապացույց ա, բայց սալյարկա են լցնում մեքենաները, կալկուլյատորը չի աշխատում, ծառի տակ պիտի կանգնեն, էդ ժամանակ է չէ՞ խլում»,- ասաց ծնողը։
«Դե էդ ա, էդ կանոնադրության մեջ ամեն ինչը էդպես ա, հիմա պիտի լսենք»,- պատասխանեց դատավորը։
Դատախազն ընթերցում էր, թե ինչպես է ջրային տրանսպորտով գումարտակի տեղափոխումն իրականացվում, ինչ է հրամանը, ինչ տեսակի հրամաններ են լինում, ինչ է կարգադրությունը, ինչ է ռազմերթը, ինչպես շրջանցել ռադիոակիվ գոտիները, ինչ անել, երբ թունավոր նյութ է ընկել մաշկի կամ զենքի վրա և այլն։
Դատախազը հրապարակեց նաև հրամանատար Գոռ Իշխանյանի ծառայողական բնութագիրը, ըստ որի՝ վերջինս 1992-1994թթ. ակտիվ մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին, մասնակցել է ապրիլյան պատերազմին, 44-օրյա պատերազմի ժամանակ Գոռ Իշխանյանի ղեկավարած ստորաբաժանումնները պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները։
«Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է դրական կողմերով` վայելելով ծառայակիցների սերն ու հարգանքը, որպես պաշտպանական շրջանի հրամանատար հմտորեն կատարել է իր պաշտոնական պարտականությունները»,- ընթերցեց դատախազը։
Դատական նիստը հետաձգվեց։ Դատավորը հայտնեց, որ հաջորդ դատական նիստին կշարունակեն Գոռ Իշխանյանի բնութագիրը հետազոտել։
«Փաստորեն Գոռ Իշխանյանին հերոսի կոչում շնորհելով ավարտվեց էսօրվա դատական նիստը». բարձրաձայնեց ծնողներից մեկը, և դուրս գալով նիստերի դահլիճից, մեղադրեց նաև հրամանատարների պաշտպաններին. «Կարելի է նրանց էլ հերոսի կոչում տալ, պաշտպանում են մարդասպանին»։
«Որոշողը ես եմ, էս մարդիկ չեն որոշում, էնպես որ մի նեղացեք պաշտպաններից»,- ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ նշելով, որ պաշտպաններն իրենց գործն են կատարում։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 15-ին՝ ժամը 10.00-ին։
Գլխավոր լուսանկարում՝ հանրային մեղադրող Գ. Մղդեսյանը
Մեկնաբանել