HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հենրիկ Սիրավյանի որմնանկարները ոչնչացվում են

Բջնի գյուղի նախկին մշակույթի տան առաջին հարկի պատին Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարն է, որն օրեցօր քայքայվում է անձրևաջրերից։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի՝ 5 մասից բաղկացած այս որմնանկարը, որը նա վրձնել է 1975թ-ին, որպես տեղական հուշարձան 2018թ–ին ընդգրկվել է Հայաստանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։ 

1973թ կառուցված Բջնիի մշակույթի տունը ներկայում վթարային վիճակում է։ Հայաստանի անկախացումից հետո համայնքապետարանի ենթակայությանն անցած շենքի պահպանության համար ներդրումներ չեն արվել, տարիների ընթացքում այն խարխլվել և մասամբ փլուզվել է։ 2000-ական թվականներից շենքի տանիքից հորդող անձրևաջրերը մասամբ քայքայել են որմնանկարը։

Նկարչի որդին՝ նկարիչ Գագիկ Սիրավյանը պատմեց, որ հոր մահից հետո՝ 2013թ-ին, ընտանիքն այցելել է Բջնի՝ որմնանկարի վիճակը տեսնելու։ Այդ ժամանակ արդեն անձրևաջրերի հետևանքով որմնանկարը 2 մ-ից ավելի քանդվել էր, և տարեցտարի վիճակն ավելի էր վատանում։ 

Հենրիկ Սիրավյանի ընտանիքը նկարչի որմնանկարների պահպանության վիճակն ուսումնասիրել է նաև այլ շինություններում։ Հ Սիրավյանի եւս երկու որմնանկարներ՝ «Աղբյուրի մոտ» (2X12մ) և «Որս» (4X7մ), պատկերված էին Կոտայքի մարզի (այժմ՝ Հրազդան համայնքի) Քաղսի գյուղի մշակույթի տան պատին։ Այստեղ պարզել են, որ շենքը վերանորոգելիս որմնանկարները ներկով ծածկել են։ «Սպիտակ ներկի տակից «Որս» որմնանկարից որոշ հատվածներ նկատելի էին՝ եղնիկները, որսի տեսարանը»,- հայտնեց նկարչի որդին։

Հենրիկ Սիրավյանի որմնանկարների պահպանության հարցով ընտանիքը պարբերաբար դիմել է մշակույթի նախարարություն։ Առաջին անգամ 2015թ-ին նախարարության աշխատակիցների հետ գնացել են Բջնի՝ լուծումները քննարկելու համար։ 2022թ օգոստոսին դարձյալ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցների հետ Բջնիում քննարկել են նախկին մշակույթի տան որմնանկարի պահպանության հարցը:

«Քննարկում էինք շենքը վերակառուցելու և տեղում որմնանկարն ամրակայելու և վերականգնելու կամ ծայրահեղ դեպքում՝ այլ վայր տեղափոխելու հարցը։ Ի վերջո, 2023թնոյեմբեր կամ դեկտեմբեր ամսին Կոտայքի մարզպետարանը շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն տրամադրեց Չարենցավանի համայնքապետարանին։ Ըստ Կոտայքի սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության՝ շենքը ենթակա է վերականգնման»,- հայտնեց Գագիկ Սիրավյանը։

Վերջինիս ասելով՝ ԿԳՄՍ նախարարությունն այդ եզրակացությանն էր սպասում։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունից իրեն փոխանցել են Կոտայքի մարզպետարանից ստացած նամակի բովանդակությունը՝ «Չարենցավանի համայնքապետարանը հայտնել է, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում Բջնիի մշակույթի տան վերակառուցումը կնախատեսեն սուբվենցիոն ծրագրով»։ 

Բջնիի մշակույթի տան վերականգնումը չի ներառվել այս տարվա սուբվենցիոն հայտերի մեջ։ Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը մեզ հայտնեց, որ Բջնիի մշակույթի տունը հնարավոր չէ ներառել սուբվենցիոն ծրագրում, քանի որ շենքը խիստ վթարային է։ 

«Շենքը սեյսմիկ փորձաքննություն է անցել, և համայնքապետարանին եզրակացություն է տրվել, որ այն քանդման ենթակա է։ Այս հարցը մի քանի անգամ եղել է օրակարգում, մենք ուսումնասիրել ենք, մասնագետներ են եկել որմնանկարի հետ կապված և, հավանաբար, այն կտեղափոխվի»,- հայտնեց համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։ Ս Բալաբեկյանի ասելով՝ սուբվենցիոն ծրագիրը պետք է լինի Բջնիում մշակույթի նոր տուն կառուցելու համար։

Ստացվում է, որ Բջնիի մշակույթի տունը սեյսմիկ փորձաքննության երկու եզրակացություն ունի Կոտայքի մարզպետարանին տրված եզրակացությամբ շենքը վերականգնման ենթակա է, իսկ Չարենցավանի համայնքապետարանին տրված եզրակացությամբ՝ ենթակա է քանդման։ Մենք ավելի շատ հակված ենք կարծելու, որ Չարենցավանի համայնքապետարանը համայնքի կազմում գտնվող մշակույթի տները վերագործարկելու ցանկություն չունի։

ԽՍՀՄ փլուզումից, այնուհետև համայնքների խոշորացումից հետո Չարենցավան համայնքի կազմում ընդգրկված գյուղերում մշակութային կյանքի հետընթացի և մշակութային ենթակառուցվածքները վերացնելու և լուծարելու վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ է հրապարակել «Մշակույթը հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպությունը։

ՀԿ-ն 2022թ․–ին Եվրոպական միության ֆինանսավորումով մշակութային միջավայրի ուսումնասիրություն է իրականացրել Չարենցավան համայնքում։ Չարենցավանի մշակութային ռազմավարությունը մշակելու նպատակով ուսումնասիրել է, թե ինչպիսին է մշակութային պատկերը համայնքի կազմում ընդգրկված գյուղերում։ Կազմակերպությունն արձանագրում է, որ Չարենցավան քաղաքի հետ միավորված գյուղերում ներկայում գործող մշակույթի տներ չկան։ Նախկինում մշակույթի տներ են գործել Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս գյուղերում, սակայն համայնքների խոշորացման արդյունքում դրանք լուծարվել են։

Չարենցավան խոշորացված համայնքի կազմավորումից անմիջապես հետո ավագանու 2017թ-ի դեկտեմբերի 22-ի որոշումով լուծարվել է համայնքի կազմում ընդգրկված Ալափարս գյուղի մշակույթի տունը։ Պատճառը չի նշվում որոշման մեջ։  

«Մշակույթը հանուն կայուն զարգացման» ՀԿ-ն հետազոտության մեջ շեշտադրում է հիշյալ գյուղերի մշակույթի տների տիպային և ներկայանալի ճարտարապետական կառույց լինելը։ Օրինակ՝ Ալափարս գյուղի մշակույթի տունը նախագծել է հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Շենքի դահլիճի պատին սպարապետ Վարդան Մամիկոնյանի պատկերով որմնանկար է, որի հեղինակին չի հաջողվել պարզել:

Բջնիի մշակույթի տունը ճարտարապետական հատուկ նախագծով է կառուցվել։ Խորհրդային շրջանում Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքի կառուցման համար նախագծերի մրցույթ է հայտարարվել, որին  ներկայացվել է նաև այս նախագիծը։ Ակադեմիական թատրոնի մրցույթում չհաղթած նախագիծն առաջարկվել է Բջնի գյուղին՝ մշակույթի տուն կառուցելու համար։ Այն ունեցել է շատ մեծ դահլիճ, կինոդիտման և այլ հնարավորություններ։ 

Կարենիս գյուղի մշակույթի տունը լուծարել են, գյուղում այլևս մշակութային միջոցառումներ չեն կազմակերպվում՝ չնայած այն հանգամանքին, որ Կարենիսի մշակույթի տան դահլիճը հիանալի պահպանված է։ «Բեմն ունի շատ գեղեցիկ նկարազարդված վարագույր, բարեկարգ նստարաններ, որը կարելի է օգտագործել Չարենցավան համայնքի տարբեր մշակութային միջոցառումների համար»,– նշված է հետազոտության մեջ։

Հետաքրքրական է նաև, որ Չարենցավանի համայնքապետարանն անտեսում է զբոսաշրջային և մշակութային կենտրոն դառնալու մեծ ռեսուրս ունեցող Բջնին։ Փոխարենը՝  մշակութային կենտրոն դառնալու համար ընտրել է Չարենցավան քաղաքը և որպես մշակութային հանգույց դիտարկում է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը։ Միայն նրա համար, որ դպրոցը երգեհոնի դասարան ունի։

Բջնիի մշակույթի տան և Հենրիկ Սիրավյանի որմնանկարի լուսանկարները նկարչի որդու՝ Գագիկ Սիրավյանի անձնական արխիվից
«Աղբյուրի մոտ» որմնանկարը՝ Հենրիկ Սիրավյանի ֆեյսբուքյան էջից
Սպարապետ Վարդան Մամիկոնյանի որմնանկարը՝ EU4Culture Չարենցավան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter