Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռն անհետացել է. ինչ է հայտնի այս պահի դրությամբ
Ուղղաթիռը, որտեղ գտնվում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, անհետացել է կամ ինչպես իրանական պետական Tasnim գործակալությունն է հայտնում, «կոշտ վայրէջք է կատարել»։ Associated Press գործակալությունը, հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը, փոխանցում է, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Ջոլֆա (Ջուղա) քաղաքի մոտ՝ մայրաքաղաք Թեհրանից 600 կիլոմետր հեռավորության վրա։ Սակայն տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ չկան։
Ուղղաթիռում Ռայիսիից բացի գտնվել են ևս մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը և Արևելյան Ադրբեջան օսթանում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոհամմադ Ալի ալ-է-Հաշեմը:
IRNA գործակալությունը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել Ուզի գյուղի շրջանում գտնվող անտառային զանգվածում։ Այդ շրջան է ուղարկվել ավելի քան 20 փրկարարական բրիգադ։ Իրանական գործակալության կայքում նշվում է, որ փրկարարներն արդեն ժամանել են դեպքի վայր, սակայն այդ տեղեկության հաստատում չկա:
«Նախագահը և ևս մի քանի մարդ վերադառնում էին մի քանի ուղղաթիռներով։ Ուղղաթիռներից մեկը վատ եղանակի և մառախուղի պատճառով ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել։ Փրկարարական տարբեր թիմեր արդեն ուղևորվում են այդ շրջան, բայց վատ եղանակի և մառախուղի պատճառով նրանց կարող է ժամանակ պահանջվել ուղղաթիռին հասնելու համար»,- պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։
Իրանական պետական Tasnim գործակալությունը պնդում է, որ նախագահի ուղեկիցներից մեկը կարողացել է կապ հաստատել փրկարարների հետ։ Դրա պատճառով գործակալությունը ենթադրել է, որ վթարի հետևանքով զոհեր չկան։
Իր հերթին Mehr գործակալությունը հայտնել է, որ Իրանի նախագահի հետ ամեն բան կարգին է և մեքենայով գնում է Թավրիզ քաղաք։ Այդ հաղորդագրությունը շուտով հեռացվել է կայքից:
Ընդհանուր առմամբ, նախագահական կորտեժում եղել է երեք ուղղաթիռ։ Tasnim-ի տվյալներով՝ մյուս երկու ուղղաթիռներում եղել են էներգետիկայի և ճանապարհաշինության և քաղաքաշինության հարցերով նախարարները։ Նրանք բարեհաջող հասել են իրանական մայրաքաղաք:
Մայիսի 19-ի առավոտյան Էբրահիմ Ռայիսին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու երկրների ղեկավարները ամբարտակ էին բացել Խուդաֆերինի կամրջի մոտ։
63-ամյա Ռայիսին, ով նախկինում գլխավորում էր երկրի դատական համակարգը, Իրանի նախագահ էր ընտրվել 2021 թվականի հունիսին:
Լուսանկարը՝ Իրանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել