HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հադրութ քաղաքում կառուցվում է խմելու ջրի ներքին ցանց

«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմինը լոսանջելեսաբնակ բարերարներ տեր և տիկին Ջերարդ և Փաթրիշիա Թրփանջյանների հովանավորությամբ (Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի հովանավորներ, 2010թ.) Արցախի Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է Արցախի կառավարությունը:

Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ Էդիկ Դավթյանի խոսքով՝ քաղաքն օգտվում է 1976 թ. կառուցված ներքին ցանցից: «Ջրագծերը, սակայն, հին են ու մաշված, հաճախ վթարներ են լինում, ու մարդիկ օրերով զրկվում են ջրից»,- ասում է նա:

Ծրագրով նախատեսված, 33 կմ երկարություն ունեցող ներքին ցանցի կեսից ավելին արդեն կառուցված է: Ջրամատակարարման բաշխիչ և կարգավորիչ հորերի տեղադրման աշխատանքներից բացի՝ կկառուցվեն նաև պոմպակայան և 2 ջրամբար: Արդեն հաջորդ տարվա գարնանը Հադրութ քաղաքի տնտեսությունները՝ ավելի քան 3200 բնակիչ, կունենան կանոնավոր ջրամատակարարում:

«2008թ. հիմնադրամի կառուցած Արջաղբյուր-Հադրութ 22 կմ երկարությամբ ջրագծի շնորհիվ՝ խմելու ջուրը հասավ քաղաք, իսկ անցյալ տարի բարերարներ, տեր և տիկին Ջերարդ և Փաթրիշիա Թրփանջյանները ստանձնեցին ներքին ցանցի կառուցման հովանավորությունը: Կանոնավոր ջրամատակարարումը զգալիորեն կհեշտացնի իրենց կյանքը: Լեռնային գոտում գտնվող այս շրջանում բարենորոգ ենթակառուցվածքների դերը առավել կարևոր է»,- տեղեկացնում է հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Հիմնադրամը Հադրութի բնակիչների կենցաղը հեշտացնելուն ուղղված ծրագրեր է իրականացնում՝ սկսած 2008 թ.-ից: Հիմնադրամի կառուցած Տող-Հադրութ 20 կմ երկարությամբ գազատարը գազով է ապահովում քաղաքի և հարակից յոթ գյուղերի շուրջ 5200 բնակչին, իսկ վերակառուցած եռահարկ շրջանային հիվանդանոցը ծառայում է շրջանի 12.000 բնակչի բուժսպասարկման կարիքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter