
Խոշոր կառուցապատում իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են օդի որակի չափիչ սարքեր տեղադրել. Ավինյան
Երևանի քաղաքապետի՝ մայիսի 20-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է խստացված շրջայցեր կատարել շինհրապարակները սահմանված չափորոշիներին համապատասխանեցնելու նպատակով:
«Մասնավորապես՝ կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել և արդյունքը գոհացուցիչ չէ և մոտ չէ բավարար լինելու: Այս պահի դրությամբ 16 սարքավորում է տեղադրված:
«Խոշոր կառուցապատում իրականացնող բոլոր սուբյեկտները պարտավոր են, ըստ ավագանու որոշման, տեղադրել օդի որակի չափիչ սարքեր, և մենք էլ պարտավոր ենք արձանագրել խախտումները»,- ընդգծել է քաղաքապետը»,-ասված է քաղաքապետարանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
2023 թվականի սեպտեմբերի 1-ից, ավագանու որոշմամբ, մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում օդի որակը դիտարկող սարքերի առկայությունը պարտադիր է։
Նախորդ շաբաթ «Հետքը» գրել էր, որ Երևանում այդ պահի տվյալներով ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից միայն 12-ում օդի որակը դիտարկող սարքեր կային։
Ավելի մանրամասն՝
Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի
Մեկնաբանել