
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ապաքինվում է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոn, որի դեմ մայիսի 15-ին մահափորձ էր իրականացվել, ապաքինվում է: Այդ մասին նշվում է Բանսկա-Բիստրիցա քաղաքի Ռուզվելտի անվան հիվանդանոցի գրառման մեջ, որը հրապարակվել է հիվանդանոցի ֆեսյբուքյան էջում։ Ֆիցոն հենց այս հիվանդանոցում է բուժում ստանում։
«Այսօր կայացած կոնսիլիումից հետո կարող ենք տեղեկացնել, որ բուժառուն կայուն վիճակում է։ Նրա կլինիկական վիճակը բարելավվում է, զրուցում է բժիշկների հետ։ Աստիճանաբար նվազում են բորբոքային պրոցեսների մասին վկայող ցուցանիշները»,- ասված է հրապարակման մեջ։
Հիվանդանոցի տնօրինությունը նշել է, որ Սլովակիայի վարչապետն այսուհետ ևս բուժվելու է այդ բուժհաստատությունում: Ֆիցոյի առողջական վիճակի մասին հերթական տեղեկատվությունը բժիշկները հանրությանը կտրամադրեն երեքշաբթի։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 15-ին Գանդլովա քաղաքում, որը գտնվում է Սլովակիայի կենտրոնական հատվածում: Ականատեսներին վկայակոչող ԶԼՄ-ների տվյալներով՝ Սլովակիայի վարչապետը կառավարության արտագնա նիստից հետո մոտեցել էր տեղի բնակիչներին, որից հետո կրակոցներ էին հնչել: Standard պարբերականը նշել էր, որ քաղաքական գործիչը վիրավորվել էր որովայնի, ձեռքի և ոտքի շրջաններում: Ֆիցոյին ուղղաթիռով տեղափոխել էին Բանսկա Բիստրիցա քաղաք, որտեղ նա վիրահատվել էր։
Վարչապետին կրակած անձը տեղում ձերբակալվել էր: Լրատվամիջոցների տվյալներով՝ հարցաքննվել է նաև նրա կինը։ Ձերբակալվածի որդին aktuality.sk-ին պատմել է, որ հայրը զենքի օրինական իրավունք է ունեցել։
Լրատվամիջոցները փոխանցում են, որ հարձակումը կատարել էր 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան՝ Լևիցե քաղաքից։
Լուսանկարը՝ AFP Photo-ի
Մեկնաբանել