HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բագրատ Սրբազանի այցը Կիրանց (լուսանկարներ)

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 20-ին մեկնել էր Տավուշի մարզ` հանդիպելու սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներին, որտեղից մայիսի 4-ին մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան։ Սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանական ուժերը թույլ չէին տալիս Բագրատ Սրբազանին և նրա հետ եկած քաղաքացիներին, ինչպես նաև լրագրողներին մոտենալ բնակավայրին՝ հղում անելով ԱԱԾ-ի տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակված է։ 

Նշենք, որ ոստիկանությունը ճանապարհը փակել էր ոչ թե Կիրանց գյուղի մուտքի մոտ, այլ ավելի հեռու՝ Սարիգյուղ և Ներքին Ծաղկավան համայնքների միջնամասում։ Ոստիկանական պատը բացվում էր Կիրանցի բնակիչների, ինչպես նաև բոլոր այն մեքենաների համար, ովքեր հավաստիացնում էին, որ Կիրանց չեն գնում, այլ շարունակելու են ճանապարհը դեպի հաջորդ բնակավայրեր, կամ երկրից դուրս են գալու․ ոստիկանության կողմից փակված միջպետական ճանապարհը բացվում էր նաև Վրաստան մեկնող զբոսաշրջային մեքենաների համար։

Ըստ ԱԱԾ-ի՝ Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:

Ոստիկանության հետ բանակցելուց որոշ ժամանակ անց Բագրատ Սրբազանին հաջողվում է առանց լրագրողների մուտք գործել Կիրանց, հանդիպել գյուղացիներին։ Սրբազանի բացակայության ժամանակ ոստիկանությունը բարձրախոսով հայտարարեց. «Հարգելի քաղաքացիներ, ձեր հավաքն անօրինական է, սահմանափակում է հանրության շահերը և այլ քաղաքացիների հիմնական իրավունքները ու խախտում հասարակական կարգը, հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում այն կառաջացնի օրենքով սահմանված պատասխանատվություն, և ոստիկանությունը կցրի այն»: Այնուհետև ձերբակալվեցին 14 քաղաքացիներ, որոնք ժամեր անց ազատ արձակվեցին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter