
11 կգ թմրամիջոցների մաքսանենգության վարույթով նախաքննությունը երկու անձի մասով ավարտվել է
Քննչական կոմիտեում իրականացված քննությամբ պարզվել են Երևանի երկու բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները։
Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 27-ամյա բնակիչն իր 29-ամյա ընկերոջ հետ ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակների թմրամիջոցներ ձեռք բերելու շուրջ։ 2024 թվականի հունվարի 10-ին, 27-ամյա երիտասարդի կողմից վարած «CHRYSLER PT CRUISER» մակնիշի ավտոմեքենայով նրանք Երևան քաղաքից ուղևորվել են Մեղրի քաղաք: Հաջորդ օրը՝ հունվարի 11-ին, Իրանի՝ ինքնությունը չպարզված քաղաքացու կողմից մատնանշված՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանին հարակից ճանապարհահատվածում, վերջինս պետական սահմանի վրայով, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում, նրանց է փոխանցել 4598,58 գրամ «Մեթամֆետամին», 489,12 գրամ «Ափիոն», 198,01 գրամ, «Հերոին» և 5401,92 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ։ Երիտասարդները, դրանք, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել, տեղավորել ավտոմեքենայի սրահում, ապօրինի պահել և տեղափոխել, որը նույն օրը, ավտոմեքենայի խուզարկությամբ, հայտնաբերվել է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին և նրա ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշյալ երիտասարդների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը չպարզված անձի կողմից մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ ՀՀ ապօրինի տեղափոխելու և նշված մեղադրյալներին իրացնելու մասով նախաքննությունը շարունակվում է։
Մեկնաբանել