Հայաստանը հետաքրքրված է կոյուղաջրերի մաքրման կայանների իրանական առաջատար փորձով
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Իրանի նախագահի տեղակալ, Բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը:
Արմեն Գևորգյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նա ընդգծեց, որ Հայաստանը և Իրանն արդյունավետ համագործակցում են մի շարք ոլորտներում, և կարևորեց նաև բնապահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանումը, ինչպես նաև հարևան երկրների հետ արժեքավոր էկոհամակարգերի պահպանության ոլորտում համատեղ ռազմավարության և միջոցառումների իրականացումը:
Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններից՝ նկատելով, որ մի շարք ոլորտներում դեռևս առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ:
Հանդիպմանը քննարկվեցին հարցեր՝ Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանում Բարեկամության և խաղաղության այգի հիմնելու, Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման, ջրի որակի բարելավման վերաբերյալ:
Ա. Գևորգյանը ողջունեց Բարեկամության և խաղաղության այգի հիմնելու գաղափարը: Այն, բացի կենդանական և բուսական հատուկ պահպանվող տարածք լինելուց, կարող է լուրջ խթան լինել էկոտուրզմի զարգացման համար: Խոսելով Արաքս գետի ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդրի մասին՝ ՀՀ փոխվարչապետը նշեց, որ Հայաստանի համար ջրային ռեսուրսների մաքրության հարցը ռազմավարական նշանակություն ունի:
Անդրադարձ կատարվեց նաև Իրանում կոյուղաջրերի մաքրման կայանների առաջատար փորձին և այն Հայաստանում ներդնելու հնարավորությանը: Ա. Գևորգյանը տեղեկացրեց, որ «Սևանա լճի բնապահպանական» ծրագրով Սևանի ափամերձ տարածքներում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների ծրագիր է իրականացվում, և իրանական փորձը հայկական կողմի համար կարող է հետաքրքիր լինել: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել