HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզի բնակիչը կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2024 թ․ մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը: 

«ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջիկ երեխային թմրամիջոց ապօրինի իրացրած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի 58-ամյա բնակիչ է: Վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված:

Անչափահասի մոր կողմից ներկայացված զանգվածի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված կանեփի և թութունի բուսական մանրացված մասնիկներից կազմված զանգվածը «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 58-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ նմանատիպ հնարավոր այլ հանցադրվագներ ի հայտ բերելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հատկապես անչափահասներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավելուն, թմրամիջոց առաջարկելու, դրա օգտագործմանը դրդելուն ուղղված հանցավոր արարքների նկատմամբ, իր իրավասության սահմաններում, դրսևորվելու է իրավաչափ ամենախիստ մոտեցումը։ Անչափասներին, նրանց ծնողներին կամ հարազատներին հորդորում ենք նման իրողությունների առնչվելու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter