HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՔՊ-ի հետ պայմանավորվածության համաձայն՝ հրաժարականի դիմում է ներկայացրել Փարաքար համայնքի ղեկավարը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը։ Երեկ նրան անվստահություն հայտնելու հարց էր առաջ քաշել նույն համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, սակայն, չսպասելով գործընթացին, Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակով՝ 2022թ․ հունվարի 9-ին։ Նրա ընտրվելը հարթ չի եղել։ Այդ ժամանակ ցույցեր և բողոքի ակցիաներ էին իրականացնում «Ապրելու Երկիր» խմբակցության ավագանու անդամներն ու նրանց աջակիցները։

Փարաքարում «Ապրելու Երկիր» կուսակցությունը ստացել էր 10 ավագանու մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 6 մանդատ, իսկ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5, սակայն համայնքի ղեկավար ընտրեցին ամենաքիչ ձայներ ստացած ուժի թեկնածուին։ ՔՊ-ի և Դավիթ Մինասյանի համագործակցության նպատակն էր ամեն գնով Փարաքարում պահել իշխանությունը։ Դավիթ Մինասյանը Փարաքարի նախկին համայնքապետն է։ Որպեսզի Դավիթ Մինասյանը դառնար համայնքի ղեկավար, ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը պայմանավորվեցին, որ ընտրվելուց հետո առաջին 2.5 տարին ղեկավարելու է Դ․ Մինասյանը, հաջորդ 2.5 տարին՝ ՔՊ թեկնածուն։ Այժմ շարժվում են ըստ պայմանավորվածության։

Նշենք, որ Դավիթ Ավետիքի Մինասյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ նա մտերիմների՝ Գոռ Արմենի Մարտիրոսյանի և ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ 2023թ․ ապրիլի 23-ին՝ ժամը 02-00-ի սահմաններում, գտնվել են Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրի «Կալիֆորնիա» գիշերային ակումբում, նախասրահում անհարկի բարձրաձայն հայհոյանքներ է տվել։ Անհարգալից վերաբերմունք է դրսևորել ներկա գտնվող անձանց, ակումբի աշխատակիցների, հաճախորդների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ, որի ընթացքում շարունակելով բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորել իրավական և բարոյական նորմերի նկատմամբ՝ ձեռքին առկա ապակյա բաժակը հարվածել է ակումբի նախասրահի պատին ամրացված հայելուն և իր մտերիմների հետ դուրս է եկել ակումբից:

Այնուհետև ավտոմեքենայի ճանապարհը փակելու առիթով վիճաբանության է բռնվել ակումբից դուրս՝ ինքնությունը չպարզված անձի հետ և շարունակելով խուլիգանական գործողությունները, խոչընդոտել է հիշյալ անձի երթևեկությանը, կանգնեցրել է նրան, որի ընթացքում շուրջ 15 րոպե համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ճանապարհի երթևեկությունը խոչընդոտելով, մարդկանց անդորրը խախտելով՝ Դ․ Մինասյանը քաշքշելով փորձել է ավտոմեքենայից դուրս հանել վարորդին, իսկ Գոռ Մարտիրոսյանը ոտքերով հարվածներ է հասցրել հիշյալ ավտոմեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter