HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը չեղարկել է Գազայի հատվածից Associated Press-ի ուղիղ հեռարձակման անջատման որոշումը

Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարին հայտարարել է, որ չեղարկել է Associated Press (AP) լրատվական գործակալության սարքավորումների բռնագրավման և ամբողջ աշխարհում Գազայի հատվածից ուղիղ հեռարձակումը դադարեցնելու մասին ավելի վաղ տրված հրամանը: Այդ մասին հայտնում է BBC-ն։

«Ես հրամայեցի չեղարկել գործողությունը և սարքավորումները վերադարձնել AP գործակալությանը»,- ասված է նախարարի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը լրագրողներին ասել էր, որ Իսրայելի այդ որոշումը մտահոգիչ է: «Մենք ուսումնասիրում ենք Իսրայելում AP գործակալության սարքավորումների առգրավման մասին հաղորդումները և համոզված ենք, որ լրագրողներն իրավունք ունեն կատարել իրենց աշխատանքը»,- նշել էր նա։

Ավելի ուշ Սպիտակ տունը կոչ էր արել Իսրայելին վերսկսել AP-ի հեռարձակումը Գազայի հատվածից: «Մենք ուղղակիորեն շփվում ենք Իսրայելի կառավարության հետ՝ արտահայտելու մեր մտահոգություններն այս գործողությունների վերաբերյալ և խնդրելու նրանց չեղարկել որոշումը»,- ամերիկյան լրատվական գործակալությանը հայտարարել էր Սպիտակ տան անանուն ներկայացուցիչը։

Իսրայելը AP-ին մեղադրել էր Իսրայելում արգելված կատարական Al Jazeera արբանյակային հեռուստաալիքին ազդանշան փոխանցելու արգելքը խախտելու մեջ:

Ավելի վաղ, Associated Press-ը հայտնել էր, որ նախօրեին Իսրայելի իշխանությունները Սդերոտ քաղաքում առգրավել էին մի տեսախցիկ և հեռարձակման սարքավորումները, որտեղից իրականացվում էր հեռարձակումը։ Հենց այդ կետից տեսարան էր բացվում դեպի Գազայի հյուսիս։

Իսրայելի կապի նախարարությունը հայտարարել էր, որ սարքավորումներն առգրավվել են «օրենքին համապատասխան»։ «Associated Press-ը վճռականորեն դատապարտում է Իսրայելի կառավարության գործողությունները՝ դադարեցնելու մեր երկարատև ուղիղ հեռարձակումը: Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին վերադարձնել մեր սարքավորումները և անմիջապես վերսկսել ուղիղ հեռարձակումը, որպեսզի մենք կարողանանք շարունակել այդ կարևոր վիզուալ տեղեկատվության տրամադրումը աշխարհի հազարավոր լրատվամիջոցներին»,- ասված էր լրատվամիջոցի հայտարարության մեջ։

AP-ում հայտնել էին, որ Al Jazeera հեռուստաալիքը գործակալության հաճախորդն է և հազարավոր այլ հաճախորդների հետ միասին ստանում է ուղիղ հեռարձակումներ։

Լուսանկարը՝ AP Photo/Jenny Kane, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter