HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց ձախ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների՝ Հայաստանի քաղաքական համակարգը կայունացնել հնարավոր չէ

Հայաստանի քաղաքական կուսակցությունների բաշխումը «քաղաքական հարթության» վրա, ըստ իս, սխալ է: Հարթության վրա չեն երևում կուսակցությունների գաղափարախոսությունն ու տնտեսական պլատֆորմը: Քաղաքականապես կայացած ու զարգացած երկրներում կուսակցությունները բաժանվում են կենտրոնից (ցենտեր) աջ և կենտրոնից ձախ՝ ուղիղ գծի սանդղակի վրա:

Կենտրոնից աջ իրենց հաստատուն տեղն ունեն բուրժուական, փոքր ու մեծ կապիտալի շահերը պաշտպանող կուսակցությունները:

Կենտրոնից ձախ նույնպես իրենց հաստատուն տեղն ունեն բանվորների, ծառայողների ու գյուղացիների շահերը պաշտպանող ձախ սոցիալիստական կուսակցությունները:

Կուսակցությունների այս դասական բաշխումը ապահովում է երկրի քաղաքական բալանսը (օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա և այլն):

Հայաստանի կուսակցություններն իրենց գաղափարախոսությամբ ու ըստ տնտեսական պլատֆորմի, ազատ շուկայական կապիտալի դիկտատուրայի պաշտպաններ են: Հայաստանի քաղաքական սանդղակի ձախ կողմը լիովին դատարկ է, ուստի խախտված է երկրի հասարակական, տնտեսական, սոցիալ-ապահովության ու աշխատանքի իրավունքների բալանսը: Այս դիսբալանսը երկրում տիրող բոլոր չարիքների աղբյուրն է:

Հայաստանի Ազգային ժողովի կազմը

Հայաստանի հանրապետական կուսակցություն

ՀՀԿ

69

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

 

ԲՀԿ

37

«Հայ ազգային կոնգրես» խմբակցություն

 

ՀԱԿ

7

«Օրինաց երկիր» խմբակցություն

 

ՕԵ

6

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

 ՀՅԴ

5

«Ժառանգություն» խմբակցություն

 

Ժառ.

5

 

Նկար 1

 Կուսակցությունների բաշխման սանդղակի ձախ կողմը, բնականաբար, պետք է զբաղեցներ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ ՀԿԿ-ն, սակայն այսօր այն լուսանցքային դերակատարություն ունի երկրի քաղաքական-տնտեսական կյանքում (այլ քննարկման նյութ է): Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան ՍԴՀ կուսակցությունը ու կանաչների կուսակցությունը կարող էին տեղ գրավել սանդղակի ձախ կողմում, սակայն  համախմբվելով ՀԱԿ-ի կազմում, տեղավորվեցին աջ կողմում: ՀՅԴ-ն՝ տեսականորեն որպես ընկերավարական կուսակցություն, պետք է լիներ ձախ կողմում, սակայն իր հաստատուն տեղն է գրավել հակասոցիալիստական, աջ բուրժուական կուսակցությունների կողքին:

«Սարդարապատ» շարժումը տեսականորեն կարող է հավակնել համալրելու սանդղակի ձախ կողը՝ որպես գաղափարական իրական ընդդիմություն:

Քաղաքական ուժերի այս փաստացի տեղաբաշխվածությունըը խոսում է այն իրողության մասին, որ Հայաստանում տիրում է մոնոպոլ- կապիտալիստական, միաբևեռ քաղաքական և տնտեսական համակարգ:

Սանդղակի աջ կողմում հավաքված (տես նկ. 1) կուսակցությունների ԱԺ ում տեղ գտած պատգամավորների թիվը խիստ տարբեր է: ՀՀԿ-ն, որը օլիգարխների ու մեծահարուստ մոնոպոլիստների շահերի պաշտպան կուսակցությունն է, գտնվում է կենտրոնից աջ ամենածայրամասում և ունի մեծամասնություն ԱԺ-ում: Այս տախտակը երկրի ոչ դեմոկրատիկ վիճակի հստակ պատկերն է:

Աջ կուսակցությունները իրենց քաղաքական ու տնտեսական բնույթով ազատ շուկայական տնտեսության, կապիտալիստական շահագործող սիստեմի պաշտպաններն են: Երկրում տիրող այսպիսի համակարգում վերանում է ընդդիմություն հասկացությունը:

Ձախ ուժերի բացակայությունը աջ ուժերին հնարավորություն է տալիս անկաշկանդ ու անարգելք շահագործել և աղքատության շեմին կանգնեցնել աշխատող, գյուղացի, ծառայող դասակարգին: Քանի դեռ աշխատավոր գյուղացի դասակարգը կյանքի չի կոչել իր շահերը պաշտպանող կուսակցություններ, արհմիություններ, Հայաստանի քաղաքական տնտեսական կյանքը մնալու է անկառավարելի:

Համակարգերը, որտեղ բացակայում է ձախ գաղափարական ընդդիմությունը (օպոզիցիան), կոչվում են բաց համակարգեր, հետևաբար անկառավարելի սիստեմներ: Համակարգը դառնում է անկայուն, տատանողական, քանզի այնտեղ բացակայում են սիստեմը կարգավորող կարգավորիչ (Controller) և ելքի ու մուտքի հետադարձ կապ (feedback): Այս երկու էլեմենտները փաստորեն ձախ սոցիալիստական ընդդիմության ֆունկցիաններն են կատարում երկրի քաղաքական համակարգը կայունացնելու ուղղությամբ:

Նկար 2

Նկար 2-ում բերված է կարգավորվող սիստեմի մաթեմատիկական պարզեցված մոդել: Մոդելը կարող է բազմամուտք և բազմաելք լինել՝ կախված կարգավորվող պարամետրերի թվից:

Հակադարձ կապի (feedback)-ի բարերար ազդեցության ֆենոմենը օգտագործվում է գիտության տարբեր բնագավառներում, ավտամատ կարգավորվող սիստեմներում, տնտեսության մեջ... Քաղաքականապես ու տնտեսությամբ կայացած բոլոր երկրներում իշխող և ընդդիմադիր ուժերի ընտրաքանակը տատանվում է մի քանի տոկոսով, այդ իսկ պատճառով տիրող համակարգը համեմատաբար հանգիստ և կառավարելի է:

Բոլոր այն երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, գաղափարական ընդդիմության (feedback-ի) բացակայության պատճառով, ստացվում է բաց, միաբևեռ, բարձր ամպլիտուդաներով տատանվող անկայուն սիստեմ:

Համակարգի անկայունությունը իր հետ բերում է սոցիալական ու քաղաքացիական իրավունքների անտեսման, չքավորության ու արտագաղթի ազգակործան երևույթներ:

Աջ կուսակցությունները, խեղաթյուրելով վերը բերևած իրողությունները, փորձում են արհեստականորեն անտեսել տարբեր դասակարգերի գոյությունը և նրանց միջև անհաշտելի պայքարը Հայաստանում:

Սանդղակի աջ մասում գտնվող կուսակցությունները միջկուսակցական բանավեճերերը ներկայացնում են որպես ընդդիմություն և փակում են ձախ գաղափարախոսություն ունեցող ընդդիմություն կազմակերպելու ճանապարհը:

Դոկտ. Արամայիս Միրզախանյան
17 հուլիս 2012, Ստոքհոլմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter