Օդանավակայանի աշխատակիցների և Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցածի առնչությամբ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
«Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: Վերջին այցը տեղի է ունեցել մայիսի 21-ին»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները բռնություն են գործադրում օդանավակայանում հացադուլ իրականացնող Լեո Նիկոլյանի նկատմամբ։ Ֆրանսահայ լրագրողին ապրիլի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չէին տվել մուտք գործել ՀՀ տարածք, ինչի պատճառով Նիկոլյանը հացադուլ է իրականացնում օդանավակայանում։
Մեկնաբանել