HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համախմբելով ԱՄՆ ծրագրերի շրջանավարտներին՝ հանուն Հայաստանի առաջընթացի» թեմայով համաժողով է անցկացվել

Մայիսի 24-ից 26-ը տեղի ունեցավ «Համախմբելով ԱՄՆ ծրագրերի շրջանավարտներին՝ հանուն Հայաստանի առաջընթացի» թեմայով առաջին ամենամյա համաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը։ Այս մասին հաղորդում են ԱՄՆ դեսպանությունից։

«Մասնագիտական կապերի ու ցանցի ձևավորմանը միտված այս եռօրյա համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին՝ քննարկելու քաղաքացիական ներգրավվածության, սոցիալական պատասխանատվության և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերը։  Միջոցառմանը բացման ելույթներով հանդես եկան ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ուսումնական փոխանակումների շրջանավարտները կենսական դերակատարում ունեն երկրում ժողովրդավարության զագացման, նորարարությունների և տարածաշրջանային խաղաղության խթանման հարցերում։ Հպարտ ենք գործակցել շրջանավարտների հետ՝ առավել խորացնելու հայ-ամերիկյան փոխգործակցությունը, որն օրեցօր դառնում է առավել կուռ ու ամուր», - ասաց դեսպան Քվինը։

Համաժողովը իրապես խոստումնալի հեռանկարներ է բացում՝ խթանելու երկխոսությունն ու համագործակցությունը, որի արդյունքում կարող են ծնունդ առնել առարկայական ռազմավարություններ՝ հանուն պայծառ ապագայի։ Համաժողովում  ելույթներ ունեցան ու պանելային քննարկումներում իրենց նկատառումները ներկայացրեցին ավելի քան 20 բանախոսներ ու գործիչներ պետական կառավարման, կրթության, բիզնեսի և այլ ոլորտներից։ Քննարկվող թեմաների շարքում էին քաղաքացիական ներգրավվածության, սոցիալական պատասխանատվության, կրթության ազդեցության, խաղաղաշինության հարցերը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա հնարավորությունները, դրամաշնորհային հայտերի պատրաստման և մասնագիտական առաջխաղացման հարցերը։ Բացի այդ, շրջանավարտների համար նախատեսված էին ծանոթությունների ու ցանցի ձևավորման հնարավորություններ, որոնք համագործակցության և ներգրավվածության նոր եզրեր կարող են բացել։ 

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով

  • «ԱՄՆ ծրագրերի շրջանավարտները հանուն Հայաստանի» (ուշադրության կենտրոնում շրջանավարտների ունեցած ազդեցությունն էր)
  • «Կրթական էկոհամակարգեր դիտարկումներ բազմազան ակադեմիական տիրույթներից»
  • «Կամուրջների կառուցում խաղաղաշինության հեռանկարները»
  • «Կանանց հարցերով գենդերային դինամիկայի միտումները»։

Համաժողովի շրջանակում նաև ուսուցողական բաղադրիչ էր ներառված, որտեղ առաջարկվեցին դրամաշնորհային հայտերի ներկայացման, հոգեկան առողջության, հակամարտությունների կարգավորման, և մասնագիտական առաջխաղացման հարցերին վերաբերող պրեզենտացիաներ։

«Հայաստանյան շրջանավարտների աջակցության և ներգրավման ծրագիրը» (A2SE) ԱՄՆ պետքարտուղարության ռազմավարական նախաձեռնություններից է, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության համատեղ ջանքերով։ Ծրագրի շրջանակում անցկացված այս շրջադարձային համաժողովին մասնակցեցին մոտ 150 շրջանավարտ։ Նախաձեռնությունը նպատակ ունի միավորել շրջանավարտներին ու նրանց համար ապահովել հնարավորություններ իրենց համայքներում ազդեցիկ ներդրում ունենալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter