HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։  Զրուցակիցները քննարկել են հարցերի լայն շրջանակ: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ և Եվրոպական միության միջև գործընկերության համատեքստում երկուստեք ընդգծվել է թե՛ արդեն իսկ ձևավորված համագործակցության ծրագրերի իրականացման, թե՛ լրացուցիչ ուղղություններով նոր հանգրվանի հասնելու կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ս.թ. ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման արդյունքներով մշակված «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագրին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կայացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել օրակարգի առաջիկա միջոցառումներին և անելիքներին:

Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: Անդրադառնալով երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին և համապատասխան հանձնաժողովների միջև գրավոր պայմանավորվածություններին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես հայտարարվել է նաև երկու երկրների ղեկավարների մակարդակով: Ներկայացնելով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության ձեռք բերված պայմանավորվածությունները նաև պայմանագրի նախագծում արտացոլելու միջոցով:

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter