Տարոն Մարգարյանը Դավթաշեն վարչական շրջանին պարգևատրել է 3 մլն դրամով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ըստ այդմ, համեմատաբար ցածր ցուցանիշեր են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։ Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Նոր Նորք վարչական շրջանները։ Նոր Նորքն, ընդ որում, նախորդ ամսվա համեմատ ցուցանիշները բարելավել է միանգամից 7 նիշով։ Համեմատաբար ցածր են Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջանների արդյունքները։
Աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշեր արձանագրվել են Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբահանության վարձավճարների գանձման նոր մեխանիզմի կիրառման պիլոտային ծրագիրը հաջողությամբ իրականացվում է Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում։ Անդրադառնալով աղբահանության մասով առկա թերացումներին՝ քաղաքապետն անթույլատրելի է համարել դրանք ու խստորեն հանձնարարել ամենասեղմ ժամկետում շտկել իրավիճակը։
Տարոն Մարգարյանը հստակ հանձնարարականներ է տվել նաև մյուս ոլորտներում ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։
Անդրադառնալով 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ, ինչպես և տարեսկզբին խոստացել էր, լավագույն արդյունք ցուցաբերած վարչական շրջանները կպարգևատրվեն։
Ըստ այդմ, կիսամյակային արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Դավթաշեն վարչական շրջանը Երևանի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել է 3, երկրորդ տեղն զբաղեցրած Ավան վարչական շրջանը՝ 2 և երրորդ տեղն զբաղեցրած Էրեբունի վարչական շրջանը՝ 1 մլն դրամով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել