«Քաղաքակրթությունների հատում». ցուցահանդես՝ ՆԱՄ-ում
«Ներկայացրել եմ հին Եգիպտոսի ու հին Հայաստանի քաղաքակրթությունների մասին պատմող դրվագներ, դրանց նմանությունները»,- «Նարեկացի» արվեստի միությունում հուլիսի 16-ին կայացած իր աշխատանքների ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Մարիամ Էրյանը:
Ցուցահանդեսի խորագիրն է «Քաղաքակրթությունների հատում»: Ցուցահանդեսը ներկայացնում է հին Եգիպտոսի աստվածությունները, եգիպտական քաղաքակրթության պատմությունը, զուգահեռաբար հին հայկական դիցաբանությունը, աստվածությունները. Ամոն Ռա, Իսիդա, Օսիրիս, Հաթհոր, Արամազդ, Անահիտ, Տիր, Վահագն…
Հեղինակը, հին հայկական դիցերից սահուն անցում կատարելով, ներկայացրել է նաև քրիստոնեության ժամանակահատվածը, պատկերապաշտությունը, դրանից բխող մանրանկարչությունը:
Ընդհանուր առմամբ, ցուցասրահ մտնելիս միանգամից զգում ես եգիպտական նկարչության գույները, փիրուզագույնի ու դարչնագույնի համադրությամբ ստեղծված, եգիպտական աստվածների պատկերները կարծես պատմում են իրենց երբեմնի փառքի ու մարդկանց՝ անդրշիրիմյան կյանքի նկատմամբ պաշտամունքի մասին:
Հայկական բաժինն ավելի պասիվ է: Հեղինակն օգտագործել է տարատեսակ տեխնիկաներ՝ ստանալու համար իր մտքերի ընդհանուր պատկերը:
Կատարողական իմաստով Մարիամն, անշուշտ, ճանապարհ ունի անցնելու, սակայն տեղեկատվական և նյութի հարստության իմաստով ցուցահանդեսը լիովին արդարացված է:
ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանը Մարիամին ՆԱՄ խորհրդանշական նուռը նվիրեց՝ նշելով, որ ուրախ է ՆԱՄ ցուցասրահում քաղաքակրթությունների մասին պատմող այս հետաքրքիր ցուցահանդեսը տեսնել:
Ներկաները ևս տպավորված էին աշխատանքներով. հետաքրքրական մտահղացումներով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները այցելուին կարողանում են պատմել, աստվածները՝ պատկերների միջոցով ինչ-որ իմաստով հաղորդակցվել ժամանակակից մարդու հետ՝ ստեղծելով քաղաքակրթությունների հատում ու բախում, քանի որ ստեղծված բոլոր աշխատանքներն, ամեն դեպքում, ժամանակակից մարդու պրիզմայով են ներկայացվում և ընկալվում:
Ցուցահանդեսն այցելուների համար բաց է մինչև հուլիսի 24-ը:
Մարիամ Մուղդուսյան
«Նարեկացի» արվեստի միություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել