Արմեն Աշոտյանն ընդունել է մրցույթից դուրս մնացած դիմորդների ծնողներին
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թ. ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքում դրական միավորներ ստացած, բայց բուհ չընդունված մի շարք դիմորդների ծնողների:
Վերջիններս նախարարի մոտ ընդունելություն էին խնդրել՝ առաջարկելով բուհերում ավելացնել լրացուցիչ տեղեր՝ առավել մեծ թվով դիմորդների հնարավորություն ընձեռելու վճարովի հիմունքներով ընդունվել բուհեր:
Արմեն Աշոտյանն ասել է, որ հասկանում է ծնողների անհանգստությունը, որը, սակայն, անհարկի է, քանի որ այս տարի առաջին անգամ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդներին հնարավորություն է տրվել մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել թափուր տեղերի համար մրցույթին՝ թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ թափուր տեղերի համար մրցույթին կարող են հայտ ներկայացնել նաև ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած այն դիմորդները, ովքեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն հայտագրվել: Լրացուցիչ փուլի մասնագիտությունների ցանկում, համաձայն նախարարի նշած տեղեկատվության, պետական և ոչ պետական բուհերում առկա է համապատասխանաբար ավելի քան 4300 և 3700 թափուր տեղ:
Ծնողների մյուս անհանգստությունը կապված էր այս տարի որոշ բուհերում բարձր անցողիկ բալերի առկայությանը: Արմեն Աշոտյանը պարզաբանել է, որ այս տարի որոշ մասնագիտությունների գծով անցողիկ բալն իսկապես բարձր է՝ համեմատած նախորդ տարիների հետ, ինչը, սակայն, կարելի է բացատրել նաև «Հայոց լեզու և գրականություն» առարկայից ստացված բարձր գնահատականներով:
Ի մի բերելով հանդիպման արդյունքները՝ Արմեն Աշոտյանը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այլևս ոչ մի լրացուցիչ տեղ չի ավելացվելու, և ծնողներին կոչ է արել լավագույնս օգտվել այս տարի առաջին անգամ ընձեռված հնարավորությունից՝ մասնակցել թափուր տեղերի կամ հեռակա ուսուցման ընդունելության մրցույթներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել