HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալբեր Կամյու. Մարդն ըմբոստացած (մաս 2)

սկիզբը

Միակը

Շտիռներն արդեն կամեցել էր Աստծուց հետո մարդու մեջ սպանել Աստծո գաղափարը: Սակայն Նիցշեին հակառակ, նրա նիհիլիզմը ինքնաբավ է: Փակուղու մեջ Շտիռները ծիծաղում է, Նիցշեն` պատեպատ խփվում: 1845 թվականից, երբ հրատարակվեց «Միակը եւ նրա սեփականությունը» աշխատությունը, Շտիռներն սկսում է ուղի հարթել:

Երիտասարդ ձախ հեգելականների հետ (որոնցից էր նաեւ Մարքսը) «Ազատախոհների միություն» հաճախող այդ մարդը ոչ միայն փակում է իր հաշիվները Աստծո հետ, այլեւ ֆոյերբախյան Մարդու, հեգելյան Ոգու եւ նրա պատմական մարմնավորման` Պետության հետ: Ըստ նրա` այդ բոլոր կուռքերը ծնվել են միեւնույն ՙմոնղոլիզմից»` հավերժական գաղափարների հավատքից:

Ահա ինչու նա կարողացել է գրել. «Ես իմ գործը հիմնեցի ոչնչի վրա»: Մեղքն, անշուշտ, «մոնղոլական պատուհաս» է, բայց իրավական օրենքները, որոնց ստրուկն ենք մենք, նույնպես: Աստված թշնամի է. իր աստվածանարգման մեջ Շտիռները գնում է հնարավորին չափ հեռու «(մարսիր նշխարը, եւ թողությունն արդեն տրված է քե»): Սակայն Աստված լոկ ես-ի ուծացումն է կամ ավելի ճիշտ այն բանի, ինչ եմ:

Սոկրատեսը, Հիսուսը, Դեկարտը, Հեգելը, բոլոր մարգարեները եւ փիլիսոփաները այլ բան չեն արել, քան նորանոր ձեւեր հորինել օտարելու այն, ինչ եմ, այն ես-ը, որ Շտիռները ձգտում է տարբերել Ֆիխտեի բացարձակ Ես-ից` այն հանգեցնելով նրա առավել մասնավոր ու վաղանցիկ կողմին: «Անունները չեն անվանում նրան», նա Միակն է:

Համաշխարհային պատմությունը մինչեւ Հիսուսը, ըստ Շտիռների, ընդամենը իրականությունն իդեալականացնելու երկարատեւ ճիգ է: Այդ ճիգը դրսեւորվում է հներին բնորոշ մտքերի եւ մաքրագործման ծեսերի մեջ:

Հիսուսի գալուստով նպատակն իրագործված է, երեւան է գալիս մի նոր ճիգ, որի խնդիրն, ընդհակառակը, իդեալը իրականացնելն է:

Մարմնավորման մոլուցքը հաջորդում է մաքրագործմանը եւ ավելի ու ավելի է ամայացնում աշխարհը այն չափով, որքանով որ սոցիալիզմը` Քրիստոսի ժառանգորդը, տարածում է իր իշխանությունը:

Սակայն համաշխարհային պատմությունը լոկ երկարատեւ անարգանք է` հասցված միակի սկզբունքը, որ ես եմ, կենդանի, որոշակի սկզբունքին, հաղթանակի սկզբունքին, որ ուզում են դնել հերթական վերացարկումների` Աստծո, պետության, հասարակության, մարդկության լծի տակ: Շտիռների համար մարդասիրությունը խաբկանք է:

Աթեիստական փիլիսոփայությունները, որոնց գագաթնակետը պետության եւ մարդու պաշտամունքն է, ինքնին «աստվածաբանական խռովություններ» են: «Մեր աթեիստները,- ասում է Շտիռները,- իսկապես բարեպաշտ մարդիկ են»:

Ողջ պատմության ընթացքում եղել է միայն մեկ պաշտամունք` հավերժության պաշտամունքը: Այդ պաշտամունքը ստահոդ է: Ճշմարիտ է միայն Միակը` հավերժության եւ իրականում այն ամենի թշնամին, ինչը չի ծառայում իր իշխելու ձգտմանը:

Շտիռներից սկսած` ըմբոստությունը բորբոքող ժխտողականության մղումը անդառնալիորեն թաղում է ամեն հաստատողականություն: Նա սրբում-տանում է նաեւ աստվածայինի բոլոր փոխարինողներին, որոնցով խցանված է բարոյական գիտակցությունը:

«Անդրկողմյան արտաքին մասը մաքրված է,- ասում է նա,- բայց անդրկողմյան ներքին մասը դարձել է մի նոր երկինք»: Նույնիսկ հեղափոխությունը, հատկապես հեղափոխությունը, խորշելի է այս ըմբոստին: Հեղափոխական լինելու համար դեռ պետք է հավատալ ինչ-որ բանի, այն դեպքում, երբ հավատալու ոչինչ էլ չկա: «(Ֆրանսիական) հեղափոխությունը վերածվեց ռեակցիայի, եւ սա ցույց է տալիս, թե ինչ էր իրականում Հեղափոխությունը»:

Ստրուկի նման մարդկությանը ծառայելը ավելի շատ արժեք չունի, քան Աստծուն ծառայելը: Ի վերջո, եղբայրությունն այլ բան չէ, քան «կոմունիստների` միայն կիրակի օրերը իրար տեսնելու ձեւ»:

Աշխատանքային օրերին եղբայրները դառնում են ստրուկներ: Արդ, Շտիռների համար կա միայն մեկ ազատություն` ՙիմ ուժը» եւ մեկ ճշմարտություն` «աստղերի ցոլարձակ եսականությունը»:
Այս անապատում ամեն ինչ ծաղկում է վերստին: «Առանց մտածելու արձակված ուրախության ճիչի հսկայական նշանակությունը հասկանալի չի լինի, քանի դեռ կշարունակվի մտքի ու հավատի գիշերը»: Այդ գիշերը մոտ է իր վախճանին, շուտով բացվի արշալույսը, ոչ թե հեղափոխությունների, այլ ապստամբության արշալույսը:

Ապստամբությունն ինքնին խստամբերություն է, որը մերժում է ամեն հարմարավետություն: Ապստամբը համաձայնություն կգտնի մյուս մարդկանց հետ լոկ այն չափով եւ այնքան ժամանակ, քանի դեռ նրանց եսությունը համընկնում է իրենին: Նրա իսկական կյանքը մենության մեջ է, որտեղ նա անվերջ հագուրդ կտա իր լինելության ծարավին, ինչը նրա միակ էությունն է:

Ինդիվիդուալիզմն, այսպիսով, հասնում է իր գագաթնակետին: Նա անհատին ժխտող ամեն ինչի ժխտումն է եւ իրեն պանծացնող ու ծառայող ամեն բանի փառաբանությունը: Ի՞նչ է բարիքը ըստ Շտիռների: «Այն, ինչը կարող եմ գործածել»: Օրենքով ի՞նչ է թույլատրվում ինձ: «Այն ամենը, ինչին ընդունակ եմ ես» ըմբոստությունը դարձյալ հանգում է հանցանքի արդարացման:

Շտիռներն արել է ոչ միայն այս արդարացման փորձը (այս առումով նրա անմիջական հետնորդները դառնում են անարխիայի ահաբեկչական ձեւերի քարոզիչները), այլեւ ակնհայտորեն հարբել է այն հեռանկարներից, որ այսկերպ բացել է ինքը:

«Կապերը խզել սրբության հետ կամ ավելի ճիշտ` ջախջախել սրբությունը,- սա կարող է դառնալ համընդհանուր երեւույթ: Մոտենում է ոչ թե մի նոր հեղափոխություն, այլ հզոր, փառատենչ, հարգանքից, ամոթից զուրկ, առանց խճղմտանքի մի ոճրագործություն, եւ արդյո՞ք այն չի ուժգնանում հորիզոնում լսվող որոտի հետ: Եվ մի՞թե չես տեսնում, թե ինչպես է մթագնում ու համրանում նախազգացումներից ծանրացած երկինքը»: Այստեղ զգացվում է նրանց մռայլ հրճվանքը, ովքեր ապոկալիպսիսներ են պատրաստում խղճուկ կացարանում:

Այլեւս ոչինչ չի կարող արգելակել այդ դառը եւ տիրական տրամաբանությունը, ոչինչ, ես-ից բացի, որ կանգնած է բոլոր վերացարկումների դեմ, ինքն էլ վերացարկված ու անանվանելի դարձած` մեկուսանալու եւ արմատներից կտրվելու պատճառով: Այլեւս չկա ո°չ հանցանք, ո°չ մոլորություն, ըստ այդմ էլ` ո°չ մի մեղավոր: Մենք բոլորս կատարյալ ենք:

Քանզի ամեն «ես» ինքնին, ըստ էության հանցավոր է պետության եւ ժողովրդի հանդեպ, ուստի ընդունենք, որ ապրել նշանակում է խախտել: Առնվազն պետք է համաձայնես սպանել, որ դառնաս միակ:

«Դուք նույնքան նշանավոր չեք, որքան հանցագործը, դուք, որ ոչինչ չեք պղծում»: Եվ Շտիռները դեռեւս լրիվ խիղճը չկորցրած` ճշտում է. «Սպանել նրանց, ոչ թե խոշտանգել»:

Բայց սպանության օրինականությունը հաստատել նշանակում է հաստատել Միակների զորակոչն ու պատերազմը: Այսպիսով, սպանությունը համընկնում է մի տեսակ հավաքական ինքնասպանության հետ: Շտիռները, որ չի խոստովանում սա կամ չի տեսնում ոչինչ, չի ընկրկում, սակայն, ոչ մի կործանման առաջ: ըմբոստության ոգին վերջապես իր ամենադառը բավարարումներից մեկը գտնում է քաոսի մեջ:

«Քեզ (գերմանացի ազգ) գերեզման կիջեցնեն: Շուտով քեզ կհետեւեն քո քույրերը` մյուս ազգերը. երբ բոլորը կհեռանան քո ետեւից եւ մարդկությունը կդամբանվի, Ես` միակ տերս, Ես` նրա ժառանգորդը, վերջապես կծիծաղեմ նրա գերեզմանի վրա»: Այսպիսով, աշխարհի ավերակների վրա անհատ-թագավորի դառը ծիծաղը փառավորում է ըմբոստության ոգու վերջին հաղթանակը: Սակայն այս ծայրահեղության մեջ հնարավոր է միայն մահը կամ հարությունը: Շտիռները եւ նրա հետ բոլոր նիհիլիստ ըմբոստները, կործանումից արբած, ձգտում են հասնել սահմանագծին: Բայց այն բանից հետո, երբ անապատը հայտնաբերված է, հարկ է սովորել այնտեղ գոյատեւել: Սկսվում են Նիցշեի տանջալից որոնումները:

Նիցշեն եւ նիհիլիզմը

«Մենք ժխտում ենք Աստծուն, ժխտում ենք Աստծո պատասխանատվությունը. միայն այսպես մենք կազատագրենք աշխարհը»: Նիցշեով նիհիլիզմը կարծես դառնում է մարգարեական: Սակայն Նիցշեից ոչինչ չի կարելի վերցնել իր իսկ ատած նողկալի ու հասարակ դաժանությունից բացի, եթե մարգարեից առաջ նրա ստեղծագործության մեջ առաջին պլան չմղենք կլինիցիստին: Նրա մտածողության կանխատեսող, հետեւողական, մի խոսքով` ստրատեգիական բնույթը կասկածի ենթակա չէ:

Նիհիլիզմը հանձին նրա առաջին անգամ դառնում է գիտակցված: Վիրաբույժների ու մարգարեների ընդհանրությունն այն է, որ նրանք մտածում եւ գործում են ապագայի տեսանկյունից: Նիցշեն մտածել է միայն գալիք ապոկալիպսիսի մասին ոչ թե այն փառաբանելու համար, քանզի կռահում էր դրա ի վերջո ձեռք բերելիք նողկալի ու հաշվարկող դեմքը, այլ որպեսզի խուսանավի դրանից եւ վերափոխի վերազարթոնքի: Նա ընդունել է նիհիլիզմը եւ քննության առել այն կլինիկական դեպքի նման:

Ինքն իրեն համարել է Եվրոպայի առաջին կատարյալ նիհիլիստը: Ոչ իր հակումով, այլ վիճակով ու նաեւ այն պատճառով, որ եղել է չափազանց մեծ` իր դարաշրջանի ժառանգությունը մերժելու համար:

Նա տվել է իր, ինչպես եւ ուրիշների ախտորոշումը. հավատալու անկարողություն եւ ցանկացած հավատի նախասկզբնական հիմքերի բացակայություն, այսինքն` կյանքի հավատի կորուստ:

«Կարելի՞ է ըմբոստացած ապրել»-ը նրա համար դառնում է «կարելի՞ է ապրել առանց որեւէ բանի հավատալու» հարցադրում: Նրա պատասխանը դրական է: Այո, կարելի է, եթե հավատի բացակայությունը վերածվում է մեթոդի, եթե նիհիլիզմը հանգեցվում է իր ծայրագույն հետեւանքներին եւ եթե անապատի մեջ ուղի հարթելով եւ հավատ ընծայելով գալիքին, նախասկզբնական նույն մղումով մարդ միաժամանակ ունենում է ցավի եւ բերկրանքի զգացում:

Մեթոդաբանական կասկածի փոխարեն նա գործի է դնում մեթոդաբանական ժխտումը. կործանել այն ամենը, ինչը դեռեւս քողարկում է նիհիլիզմն իբրեւ այդպիսին, տապալել Աստծո մահը թաքցնող կուռքերը:

«Նոր սրբատեղի հիմնելու համար հարկավոր է քանդել մի սրբատեղի. այսպիսին է օրենքը»: Ով ուզում է լինել ստեղծարար բարու եւ չարի մեջ, ըստ նրա, նախ պիտի լինի կործանող եւ վերացնի նախկին արժեքները:

«Այսպիսով, գերագույն չարիքը կազմում է գերագույն բարիքի մի մասը, սակայն գերագույն բարիքը արարիչ է»: Նա յուրովի է գրել իր ժամանակի «Քննախոսություն մեթոդի մասին» երկը` չունենալով ֆրանսիական XVII դարի ազատությունն ու ճշգրտությունը, դար, որով նա հիացել է անչափ, բայց գրել է այն խելահեղ խորաթափանցութամբ, որ հատուկ է XX դարին, նրա կարծիքով` հանճարի դարին: Ըմբոստության այս մեթոդը մենք դեռ պետք է ուսումնասիրենք:*******

Նիցշեի առաջին քայլն, այսպիսով, իր իմացածին համաձայնելն է: Նրա կարծիքով աթեիզմն ինքնին հասկանալի է, այն «կառուցողական ու արմատական» է: Նիցշեի բարձրագույն կոչումը, եթե հավատանք նրան, աթեիզմի հիմնախնդրի մեջ մի տեսակ ճգնաժամ առաջացնելն ու վճռորոշ լուծում տալն է: Աշխարհը շարժվում է բախտապավեն եւ չունի վերջնանպատակ: Ուրեմն, Աստված ավելորդ է, քանզի ոչինչ չի կամենում: Եթե նա կամենար որեւէ բան (այստեղ տեսնում ենք չարիքի հիմնախնդրի ավանդական ձեւակերպումը), ապա պիտի ստանձներ ՙցավի եւ անտրամաբանության այն հանրագումարը, որը իջեցնում է կայացման ողջ արժեքը»:

Հայտնի է, որ Նիցշեն չէր թաքցնում իր նախանձը Ստենդալի հանդեպ` վերջինիս բանաձեւի համար. «Աստծո միակ արդարացումը նրա անգոյության մեջ է»: Աստվածային կամքից զրկված` աշխարհը հավասարապես զրկված է միասնականությունից եւ վերջնանպատակից: Ահա ինչու աշխարհը չի կարող դատի ենթակա լինել: Նրան ուղղված ամեն արժեւորող դատողություն, ի վերջո, հանգում է կյանքի զրպարտության:

Այս դեպքում եղածի մասին դատում են լինելիքի, այն է` երկնային արքայության, հավերժական գաղափարների կամ բարոյական հրամայականի համեմատ: Սակայն լինելիքը գոյություն չունի. այս աշխարհը դատի ենթակա չի կարող լինել ոչնչի անունից:

«Մեր ժամանակաշրջանի առավելություններն են` ճշմարիտ չկա ոչինչ. ամեն ինչ կարելի է»: Փայլուն կամ հեգնական այս բանաձեւերը, որ արտացոլվում են հազարավոր այլ ձեւակերպումներում, ամեն դեպքում բավական են մատնանշելու, որ Նիցշեն ընդունում է նիհիլիզմի եւ ըմբոստության բեռն ամբողջությամբ:

«Վարժեցման եւ ընտրության», ընդսմին, մանկամիտ իր նկատառումների մեջ նա նույնիսկ բանաձեւել է նիհիլիստական եզրահանգման ծայրահեղ տրամաբանությունը. «Հիմնախնդիր. ի՞նչ միջոցներով է ձեռք բերվում փառահեղ ու վարակիչ նիհիլիզմի խստագույն ձեւը, որը միանգամայն գիտական բարեխղճությամբ կուսուցաներ ու կկիրառեր կամովի մահը»:

Սակայն Նիցշեն ի շահ նիհիլիզմի փոխառում է այն արժեքները, որոնք ավանդաբար դիտվել են իբրեւ նիհիլիզմի արգելակներ: Գլխավորապես` բարոյականությունը:

Բարոյական վարքը, ինչպիսին փայլուն հանդես է բերել Սոկրատեսը, կամ այն բարոյականությունը, որ պատվիրում է քրիստոնեությունը, ինքնին անկման նախանշան է: Այն ուզում է միս ու արյուն ունեցող մարդուն փոխարինել մարդու արտացոլքով: Դատապարտում է կրքերի ու տանջանքների աշխարհը հանուն ներդաշնակ ու միանգամայն երեւակայական աշխարհի:

Եթե նիհիլիզմը հավատալու անկարողությունն է, ապա նրա ամենալուրջ նախանշանը ոչ թե աթեիզմի, այլ առկային հավատալու, իրողությունը տեսնելու եւ տրվածով ապրելու անկարողության մեջ է: Այս անկարողությունն ընկած է ցանկացած իդեալիզմի հիմքում:

Բարոյականությունը հավատ չունի աշխարհի հանդեպ: Ճշմարիտ բարոյականությունը Նիցշեի համար չի տարանջատվում պայծառ մտքից:

Նա անզիջում է «աշխարհի զրպարտիչների» նկատմամբ, քանզի այդ զրպարտության մեջ տեսնում է փախուստի ամոթալի հակում: Ավանդական բարոյականությունը նրա համար սոսկ անբարոյականության առանձնահատուկ դեպք է:

«Հենց բարին կարիք ունի արդարացման»,- ասում է նա: Եվ ավելացնում է. «Հենց բարոյական նկատառումներից ելնելով մի օր կդադարեն բարիք գործելուց»:

Անկասկած, Նիցշեի փիլիսոփայությունը պտտվում է ըմբոստության խնդրի շուրջ: Ավելի ճիշտ` սկսվում է հենց դրանից: Սակայն զգացվում է Նիցշեի արած վերափոխությունը: Ըստ նրա` ըմբոստության ելակետը դառնում է ՙ

«Աստված մեռած է» դրույթը, որը դիտվում է իբրեւ կայացած փաստ. այդ դեպքում ըմբոստությունն ուղղվում է այն ամենի դեմ, ինչը ձգտում է թյուր կեպով փոխարինել վերացած աստվածությանը եւ անարգում է, անշուշտ, կառավարումից զուրկ աշխարհը, որը, սակայն, մնում է աստվածների միակ դարբնոցը: Հակառակ իր որոշ քրիստոնյա քննադատների կարծիքի, Նիցշեն չի կազմել Աստծուն սպանելու ծրագիր:

Նա Աստծուն գտել է մեռած իր ժամանակի հոգու մեջ: Նա առաջինն է ըմբռնել այդ իրադարձության վիթխարիությունը եւ եզրակացրել, որ մարդու ըմբոստությունը չի կարող հանգել վերածնության, եթե չի կառավարվում:

Ըմբոստության նկատմամբ ցուցաբերված ցանկացած այլ վերաբերմունք, լինի զղջում թե հաճույք, պիտի որ տանի ապոկալիպսիսի: Հետեւաբար, Նիցշեն չի տվել ըմբոստության փիլիսոփայությունը, այլ դրա վրա կառուցել է փիլիսոփայություն:

Եթե նա մասնավորապես հարձակում է գործում քրիստոնեության վրա, ապա այն պատճառով, որ դա դիտարկում է որպես բարոյախոսություն: Մի կողմից` նա երբեք չի շոշափում Հիսուսի անձը, մյուս կողմից` եկեղեցու ցինիկ կողմերը: Հայտնի է, որ նա գիտակի աչքով հիացել է ճիզվիտներով:

«Ըստ էության,- գրում է նա,- մերժելի է միայն բարոյական Աստված»:******** Քրիստոսը Նիցշեի, ինչպես եւ Տոլստոյի համար ըմբոստ չէ: Նրա ուսմունքի գլխավոր դրույթը հանգում է լիակատար հաշտվողականության, չարին չընդդիմանալուն:

Հարկ չկա սպանել` նույնիսկ սպանությունը կանխելու համար: Պետք է աշխարհն ընդունել այնպես, ինչպես կա, ոչինչ չհավելել նրա դժբախտությանը, այլ համաձայնել անձնապես տառապել նրա բովանդակ չարիքից: Երկնքի արքայությունը հասանելի է մեզ անմիջականորեն:

Դա զուտ ներքին տրամադրվածության խնդիր է, որը մեզ թույլ է տալիս մեր գործողությունները հարաբերակցել այդ սկզբունքների հետ եւ որը կարող է մեզ պարգեւել անհապաղելի երանություն: Ոչ թե հավատք, այլ գործեր. ահա, ըստ Նիցշեի, Քրիստոսի պատգամը:

Դրանից հետո քրիստոնեության պատմությունը սոսկ անվերջանալի դավաճանություն է այդ պատգամի նկատմամբ: Նոր Կտակարանն արդեն խեղաթյուրված է, եւ Պողոսից մինչեւ տիեզերաժողովներ հավատքի սպասավորությունը մոռացության է մատնել տալիս գործերը:
Ո՞րն է այն խոր աղճատումը, որ քրիստոնեությունը հավելում է տիրոջ պատգամին: Քրիստոսի ուսմունքին խորթ դատաստանի գաղափարը եւ պատժի ու հատուցման համապատասխան հասկացությունները:

Այդ պահից բնությունը վերածվում է պատմության, նշանակալից պատմության. ծնունդ է առնում մարդկային ամբողջության գաղափարը: Ավետիսից մինչեւ ահեղ դատաստան մարդկությունն այլ գործ չունի, քան հարմարվել նախապես գրված պատմության հատկապես բարոյական նպատակներին:

Միակ տարբերությունն այն է, որ կերպարները վերջաբանում բաժանվում են բարիների եւ չարերի: Այն դեպքում, երբ Քրիստոսի միակ դատողությունը ամփոփված է այն խոսքում, թե բնածին մեղքը նշանակություն չունի, պատմական քրիստոնեությունը ողջ բնությունը դարձնում է մեղքի աղբյուր: «Ի՞նչն է մերժում Քրիստոսը: Այն ամենը, ինչ այսօր կրում է քրիստոնյա անունը»:

Քրիստոնեությունը հավատում է, թե պայքարում է նիհիլիզմի դեմ, քանի որ ուղղություն է տալիս աշխարհին, այնինչ նիհիլիստական է հենց ինքը այն չափով, որքանով մտացածին իմաստ է պարտադրում կյանքին եւ արգելում նրա իսկական իմաստի բացահայտումը.«Ամեն եկեղեցի մարդ-աստծո գերեզմանի վրա գլորված քար է, այն փորձում է ուժով խանգարել նրա հարությանը»:

Նիցշեի պարադոքսալ, բայց եւ նշանակալի եզրակացությունն այն է, որ Աստծո մահվան պատճառը քրիստոնեությունն է այնքանով, որքանով վերջինս աշխարհականացրել է սրբությունը: Այստեղ պետք է հասկանալ պատմական քրիստոնեությունը եւ ՙնրա խոր արմատ ու քամահրելի երկակիությունը»:

Նույն դատողությունը Նիցշեն անում է սոցիալիզմի եւ մարդասիրական բոլոր ձեւերի վերաբերյալ: Սոցիալիզմը այլասերված քրիստոնեությունն է: Իրականում նա պահպանում է հավատն առ պատմության վերջնանպատակը, որը դավաճանում է կյանքին եւ բնությանը, իրական նպատակները փոխարինում է իդեալական նպատակներով եւ նպաստում կամքի ու երեւակայության թուլացմանը: Սոցիալիզմը նիհիլիստական է այդ բառին այդուհետ Նիցշեի տված ճշգրիտ իմաստով: Նիհիլիստը նա չէ, ով ոչնչի չի հավատում, այլ նա, ով չի հավատում այն բանին, ինչը կա:

Այս իմաստով սոցիալիզմի բոլոր ձեւերը քրիստոնեական անկման առավել հետադիմական դրսեւորումներ են:
Քրիստոնեության համար հատուցումն ու պատիժը ենթադրում են որեւէ պատմություն:

Սակայն անողոք տրամաբանության համաձայն ողջ պատմությունը, վերջին հաշվով, նշանակում է հատուցում եւ պատիժ. այս պահից ծնունդ է առնում հավաքական մեսսիականությունը:

Ահա ինչու Աստծո առջեւ հոգիների հավասարությունը, երբ Աստված մեռած է, հանգում է պարզապես հավասարության: Այստեղ դարձյալ Նիցշեն պայքարում է սոցիալիստական, իբրեւ բարոյախոսական ուսմունքների դեմ:

Նիհիլիզմը, որ ի հայտ է գալիս կրոնի եւ սոցիալիստական քարոզչության մեջ, մեր, այսպես կոչված, բարձրագույն արժեքների տրամաբանական ավարտն է:

Ոգեպես ազատը կկործանի այդ արժեքները` ի չիք դարձնելով այն պատրանքները, որոնց վրա հիմնվում են դրանք, մերկացնելով դրանց տակ ենթադրելի առեւտուրը, գործված հանցանքները, որոնք արգելում են, որ սթափ միտքն իրագործի իր առաքելությունը, այն է` պասսիվ նիհիլիզմը վերափոխի ակտիվ նիհիլիզմի:

Աստծուց եւ բարոյական գաղափարներից ձերբազատված այս աշխարհում մարդն այժմ մենակ է եւ առանց տիրոջ: Նիցշեն բոլորից քիչ է (եւ սրանով նա տարբերվում է ռոմանտիկներից) հավատալու տեղիք տվել, թե նման ազատությունը կարող է հեշտ լինել:

Այս վայրի ազատությունը նրան դնում է այն մարդկանց շարքը, որոնց մասին հենց ինքն է ասել, թե նրանք տառապում են նոր վշտից ու նոր երջանկությունից: Իսկ առաջին հերթին միայն վիշտը կարող է աղաղակել. «Ավա¯ղ, շնորհեք ինձ խելահեղություն... Չլինելով օրենքից վեր` ես անարգվածներից ամենաանարգվածն եմ»:

Նրա համար, ով չի կարող օրենքից վեր լինել, իրոք, պետք է գտնել մեկ այլ օրենք կամ խելագարություն: Այն պահից, երբ մարդն այլեւս չի հավատում Աստծուն եւ հավիտենական կյանքին, դառնում է գոյություն ունեցող ամեն բանի պատասխանատուն, այն ամենի, ինչը ցավի մեջ ծնված` կոչված է տառապելու կյանքում»: Նրան, միմիայն նրան է վիճակված գտնել կարգ եւ օրենք:

Այդժամ սկսվում են անարգվածների ժամանակները, արդարացումների տանջալից որոնումները, աննպատակ կարոտախտը, «հոգուց բխող ամենացավոտ, ամենակեղեքիչ հարցը` ես որտե՞ղ կկարողանամ ինձ զգալ ինչպես իմ տանը»:

Լինելով ազատ ոգու տեր` Նիցշեն գիտեր, որ ոգու ազատությունը հարմարավետություն չէ, այլ վեհություն, որին ձգտում են եւ հազվադեպ են հասնում տանջալից պայքարով: Նա գիտեր, որ նրա համար, ով ուզում է օրենքից վեր լինել, մեծ է այդ օրենքից ցած դասվելու վտանգը:

Ահա ինչու նա հասկացավ, որ ոգին իր իսկական ազատագրումը գտնում է նորանոր պարտականություններ ստանձնելու մեջ: Նրա հայտնագործության էությունը հետեւյալն է` եթե հավերժական օրենքը ազատություն չէ, առավել եւս ազատություն չէ օրենքի բացակայությունը:

Եթե ոչինչ ճշմարիտ չէ, եթե աշխարհը կանոնակարգված չէ, ապա ոչինչ արգելված չէ. որեւէ գործողություն արգելելու համար իրոք հարկավոր է, որ լինեն արժեքը եւ նպատակը:

Բայց միաժամանակ ոչինչ թույլատրված չէ. դարձյալ արժեք եւ նպատակ է հարկավոր ունենալ` մեկ այլ գործողություն ընտրելու համար: Օրենքի բացարձակ գերիշխանությունը ազատություն չէ, բայց ազատություն չէ նաեւ բացարձակ անիշխանությունը: Լրացուցիչ բոլոր հնարավոր միջոցները ազատություն չեն ստեղծում, բայց ստրկություն է նաեւ դրանց բացակայությունը:

Քաոսը նույնպես ստրկություն է: Ազատություն կա միայն այնպիսի աշխարհում, որտեղ միաժամանակ որոշված է թե հնարավորը եւ թե անհնարինը: Չկա օրենք, չկա եւ ազատություն:

Եթե ճակատագիրը չի ուղղորդվում որեւէ բարձրագույն արժեքով, եթե թագավոր է պատահականությունը, ուրեմն, դա ճանապարհ է խավարի մեջ, կույրի սարսափելի ազատություն: Հետեւաբար, ամենամեծ ազատության վերջում Նիցշեն ընտրում է ամենամեծ կախյալությունը:

«Եթե Աստծո մահը մենք չենք դարձնում վսեմ ինքնահրաժարում եւ ինքներս մեր դեմ տարած հավերժական հաղթանակ, ապա թանկ կվճարենք այդ կորստի համար:
Այլ կերպ ասած` Նիցշեով ըմբոստությունը հանգում է խստամբերության: Այս դեպքում արդեն առավել հիմնավոր մի տրամաբանություն կարամազովյան «եթե ոչինչ ճշմարիտ չէ, ամեն ինչ կարելի է» դրույթը փոխարինում է «եթե ոչինչ ճշմարիտ չէ, ոչինչ չի կարելի» դրույթով:

Մերժել, որ այս աշխարհում արգելվի թեկուզ մի բան, նույնն է, թե հրաժարվել ամենայն թույլատրելիից: Այնտեղ, ուր ոչ ոք այլեւս չի կարող ասել, թե ինչն է սեւ եւ ինչը` սպիտակ, մարում է լույսը, եւ ազատությունը դառնում է կամավոր բանտ:

Այս փակուղու մեջ, դեպի ուր Նիցշեն հետեւողականորեն մղում է իր նիհիլիզմը, կարելի է ասել, նա նետվել է մի տեսակ սոսկալի հրճվանքով: Նրա բացահայտ նպատակն է` իր ժամանակի մարդուն վերադարձնել անտանելի դրությունը: Նրա համար, թվում է, միակ հույսը հակասությունը ծայրահեղության հասցնելն է:

Եթե մարդը չի ուզում կորչել իրեն խեղդող թնջուկների մեջ, ապա դրանք պիտի կտրի մի հարվածով եւ ստեղծի սեփական արժեքները: Աստծո մահը ոչինչ չի ավարտում եւ կարող է տեղի ունենալ միայն հարության նախապատրաստման պայմանով:

«Եթե մեծություն չես գտնում Աստծո մեջ,- ասում է Նիցշեն,- ապա չես գտնի ոչ մի տեղ. կամ դա պիտի ժխտես, կամ ինքդ ստեղծես»: Մեծության ժխտումը նրան շրջապատող աշխարհի գործն էր, այն աշխարհի, որ, ինչպես տեսնում էր նա, վազում էր ինքնասպանության: Մեծություն ստեղծելը դարձավ գերմարդկային այն գործը, որի համար նա չխնայեց իր կյանքը:

Նա իսկապես գիտեր, որ արարումը հնարավոր է սոսկ ծայր մենության մեջ եւ որ մարդը կդիմի այդ գլխապտույտ առաջացնող ճիգին միայն այն դեպքում, եթե ոգու ծայր աղքատության մեջ մնացել է միայն համաձայնել այդ քայլն անել, կամ մեռնել:

Նիցշեն գոռում է մարդուն, թե աշխարհը նրա միակ ճշմարտությունն է, որին նա պետք է հավատարիմ լինի, որտեղ նա պիտի ապրի եւ իր փրկության գործը կատարի:

Բայց նա միաժամանակ ուսուցանում է մարդուն, որ անհնարին է աշխարհում ապրել առանց օրենքի, քանզի ապրելը հենց ենթադրում է օրենք:

Ինչպե՞ս ապրել ազատ եւ առանց օրենքի: Այս առեղծվածին պիտի պատասխանի մարդը մահվան սպառնալիքի տակ:
Նիցշեն, համենայն դեպս, չի փորձում խուսափել այս հարցից. տալիս է պատասխանը, եւ նրա պատասխանն է` խիզախել: Դամոկլեսը երբեք ավելի լավ չի պարում, քան սրի տակ: Հարկավոր է ընդունել անընդունելին եւ տանել անտանելին:

Այն պահից, երբ ընդունում են, թե աշխարհը որեւէ նպատակ չի հետապնդում, Նիցշեն առաջարկում է ճանաչել նրա անմեղությունը, հաստատել, որ այն դատի ենթակա չէ, քանզի չի կարելի դատել որեւէ մտադրության համար, հետեւաբար եւ պետք է փոխարինել բոլոր արժեւորող դատողությունները մեն-մի «այո»-ով, ընդունել աշխարհն ամբողջապես ու խանդավառությամբ:

Այսպես բացարձակ հուսահատությունից կժայթքի անհուն բերկրանքը, կույր ստրկությունից` անողոք ազատությունը: Ազատ լինել նշանակում է հենց նպատակները վերացնել: Կայացման անմեղությունը, դրան համաձայնելու դեպքում, ներկայացնում է մաքսիմալ ազատությունը:

Ոգեպես ազատը սիրում է անհրաժեշտը: Նիցշեի խորաթափանց միտքը մատնանշում է, որ երեւույթների անհրաժեշտությունը, եթե այդ անհրաժեշտությունը բացարձակ է, անթերի, չի ենթադրում որեւէ հարկադրանք:

Լիակատար հավանություն` լիակատար անհրաժեշտությանը,- այսպիսին է ազատության նրա պարադոքսալ սահմանումը: «Ազատ ինչի՞ց» հարցը փոխարինված է «ազատ` հանուն ինչի՞» հարցով: Ազատությունը դառնում է համարժեք հերոսությանը: Այն մեծ մարդու խստամբերություն է, «երբեւէ եղած ամենապիրկ աղեղը»:

Առատությունից, լիությունից ծնունդ առած գերագույն հավանությունը ինքնին մոլորության ու տառապանքի, չարիքի ու սպանության, գոյության ամենից խնդրահարույց ու խորթ դրսեւորման անվերապահ հաստատումն է: Այն ծնվում է հաստատուն կամքից` լինել այն, ինչ ես մի աշխարհում, ինչպիսին որ այն կա: «Ինքդ քեզ դիտել իբրեւ ճակատագիր, չկամենալ դառնալ մեկ ուրիշը, քան ինչ որ ես...» Խոսքն արդեն ասված է:

Նիցշեյան խստամբերությունը, որ ճակատագրի ճանաչողության մասն է կազմում, հանգում է ճակատագրի աստվածացման: Եվ որքան անողոք է ճակատագիրը, այնքան դառնում է պաշտելի: Բարոյականության աստվածը, կարեկցանքը, սերը ճակատագրին թշնամի են նույնքան, որքան փորձում են փոխհատուցել նրան:

Նիցշեն մերժում է փրկագինը: Կայացման բերկրանքը անէացման բերկրանք է: Սակայն ինքն իրենով մնացած անհատը խորտակվում է: Ըմբոստության մղումը, որով մարդը պահանջում էր սեփական լինելությունը, անհետանում է կայանալիք անհատի բացարձակ ենթակայության մեջ:

L`amor fati*********-ն փոխարինում է այն բանին, ինչ եղել է odium fati**********: «Ամեն անհատ համագործակից է տիեզերական ցանկացած կեցության, գիտենք դա, թե` ոչ, ուզում ենք դա, թե` ոչ»:

Այսպիսով, անհատը տարրալուծվում է մարդկային ցեղի ճակատագրի եւ աշխարհների հավերժական շարժման մեջ: «Այն ամենը, ինչ եղել է, հավերժական է, եւ ծովը դա նետում է ափ»:

Նիցշեն սրանով վերադառնում է մտքի ակունքներին, նախասոկրատյաններին: Այս վերջինները անտեսում էին վերջնական նպատակը` իրենց պատկերացրած սկզբունքը հավերժականությունն անխախտ թողնելու համար: Հավերժական է միայն աննպատակ ուժը, հերակլիտյան «Խաղը»:

Նիցշեն գործադրում է ամեն ջանք` ցույց տալու համար կայացման մեջ օրենքի առկայությունը եւ անհրաժեշտության մեջ` խաղի: «Մանուկը անմեղությունն է եւ մոռացումը, մի նոր սկիզբ, խաղ, ինքն իրեն գլորվող անիվ, նախասկզբնական մղում, «այո» ասելու սուրբ շնորհ»:

Աշխարհը աստվածային է, քանզի պարգեւ է: Ահա ինչու միայն արվեստին է տրված, որ նույնպես պարգեւ է, ընկալելու այն: Ոչ մի դատողություն պատկերացում չի տալիս աշխարհի մասին, բայց արվեստը կարող է մեզ սովորեցնել` կրկնել այն, ինչպես աշխարհն է կրկնվում իր հավերժական վերադարձերի ընթացքում:

Նախասկզբնական ծովը նույն ավազների վրա գրում է նույն խոսքերը եւ ափ նետում իրենց գոյությանը զարմանքով նայող նույն էակներին: Սակայն առնվազն նա, ով համաձայն է վերադառնալ եւ համաձայն է ամեն բանի վերադարձին, ով դառնում է արձագանք, ոգեշունչ արձագանք, մասն է աշխարհի աստվածության:

Այսօրինակ խոտոր ճանապարհով վերջապես ներմուծվում է մարդու աստվածությունը: Սկզբում Աստծուն ժխտող ըմբոստը հետո ձգտում է փոխարինել նրան: Սակայն Նիցշեի գաղափարի հիմքում ընկած է այն, որ ըմբոստը դառնում է Աստված` միայն հրաժարվելով ամեն ըմբոստությունից, նույնիսկ այն ըմբոստությունից, որ աստվածներ է ստեղծում այս աշխարհը շտկելու համար: ՙԵթե Աստված կա, ապա ինչպե՞ս հանդուրժես, որ ինքդ չես:» Արդարեւ, Աստված կա, եւ դա աշխարհն է: Նրա աստվածությանը մասնակից դառնալու համար բավական է ասել` այո: ՙԱյլեւս չաղոթել, այլ` օրհնել», եւ աշխարհը կլցվի մարդ-աստվածներով: Աշխարհին ասել ` այո, կրկնել այն, նշանակում է միաժամանակ վերստին ստեղծել աշխարհն ու ինքդ քեզ, դառնալ մեծ արվեստագետ, արարիչ: Նիցշեի պատգամն ամփոփված է արարում բառի մեջ` իր իսկ ձեռք բերած երկիմաստությամբ:

Նիցշեն փառաբանել է միայն ամեն ստեղծագործողին բնորոշ եսականությունն ու դժվարահաճությունը: Արժեքների վերափոխությունը նշանակում է միայն դատավորի արժեքը փոխարինել ստեղծագործողի արժեքով, այն է` առկայի հանդեպ հարգանքով ու սիրով:

Առանց անմահության աստվածությունը որոշարկում է ստեղծագործողի ազատությունը: Դիոնիսոսը` աշխարհի աստվածը, բզկտված ոռնում է հավերժ: Սակայն նա միաժամանակ ներկայացնում է ցավին համարժեք խռովահույզ գեղեցկությունը:

Նիցշեն կռահել է, որ այո ասել աշխարհին ու Դիոնիսոսին նշանակում է այո ասել եւ սեփական տառապանքներին: Ընդունել միաժամանակ ամենը` եւ բարձրագույն հակասությունը, եւ ցավը նշանակում է իշխել ամեն ինչի վրա: Նիցշեն համաձայն էր այս թագավորության համար թանկ վճարել: Ճշմարիտ է միայն «ծանր ու տառապալից» աշխարհը: Միմիայն նա է աստվածություն:

Ճիշտ ինչպես Էմպեդոկլեսն է շտապում թափանցել Էթնայի խառնարանը` ճշմարտությունն այնտեղ,- ուր այն կա,- գտնելու համար, այդպես էլ Նիցշեն մարդուն առաջարկում է նետվել տիեզերքի անհունի մեջ` իր հավերժական աստվածությունը գտնելու եւ Դիոնիսոս դառնալու համար: Այսպիսով, «Կամք առ իշխանությունը» ավարտվում է ինչպես Պասկալի «Մտքերը», ինչի մասին հաճախ հիշեցնում է պարին***********: Մարդը դեռեւս չունի համոզվածություն, բայց ունի կամք առ համոզվածություն, ինչը միեւնույն բանը չէ: Նիցշեն նույնպես երկբայում է այս ծայրակետում. «Ահա թե ինչն է աններելի քո մեջ: Դու ունես ամեն իշխանություն եւ մերժում ես ստորագրել դրա տակ»: Եվ սակայն, նա պիտի ստորագրեր: Բայց Դիոնիսոսի անունն անմահացրեց միայն Արիադնեին ուղղված գրությունները, որոնք նա գրեց խելագար վիճակում:

Ֆրանսերենից թարգմանությունը` Արուս Բոյաջյանի

Albert Camus "L`homme revolte"

* revolte բառի հիմքը volte-ն է, որ նշանակում է շրջադարձ. ծ. թ.

** Lalande. Vocabulaire philosophique

*** Զոհերի համակեցությունը նույնն է, ինչ զոհին ու դահճին միավորող
համակեցությունը: Սակայն դահճին հասու չէ դա:

**** L`homme de ressentiment. N.R.F. հոգի կարեկցության:

***** Հասկանալի է, որ քրիստոնեության սկզբուU եղել է մետաֆիզիկական
ըմբոստություն, սակայն Քրիստոսի հարությունը, նրա երկրորդ գալստյ
ան եւ Աստծո արքայության ավետումն իբրեւ հավիտենական կյանքի
խոստում, այն պատասխաններն են, որոնք ըմբոստությունը դարձնում
են անօգուտ:

****** կրճատված ձեւն է cogito ergo sum-ի (մտածում եմ, ուրեմն, կամ)

******* Այստեղ մեզ հետաքրքրողն, անշուշտ, Նիցշեի փիլիսոփայական վերջին
շրջանն է. 1880 թվականից մինչեւ անկումը: Այս գլուխը կարելի է
դիտարկել իբրեւ «Կամք առ իշխանություն» գործի մեկնաբանություն:

******** «Դուք ասում եք, թե դա Աստծո ինքաբուխ տարրալուծում է. սակայն
դա ընդամենը մաշկափոխություն է, նա նետում է բարոյական կաշին:
Եվ դուք կտեսնեք նրա վերահայտնությունը Բարուց եւ Չարուց անդին»:

********* Սեր առ ճակատագիր

********** Խորշանք առ ճակատագիր

*********** Պասկալի փաստարկը Աստծո գոյության մասին

«Ռուբիկոն» ամսագիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter