
«Ծառուկյան» հիմնադրամը Հատիսի գագաթից 2 հա հող է վերադարձրել համայնքին
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Հատիս լեռան գագաթի հողակտորներից 2 հեկտարը վերադարձրել է Ակունք համայնքին։
«Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Ակունք համայնքին վերադարձված հողատարածքները ընդգրկում են բրոնզ-երկաթեդարյան ամրոցի այն հատվածը, որտեղ նախորդ տարի պեղումներ են կատարվել։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը կրող հիմնադրամը Հատիս լեռան տարածքից 146 հեկտար ձեռք էր բերել 2022 թ․-ին։ Լեռան գագաթը սեփականաշնորհելու փաստը հանրային դժգոհություններ առաջացրեց, իսկ հնագետները հայտարարեցին, որ տարածքում պատմամշակութային արժեք ներկայացնող հնավայր կա։ Որոշ ժամանակ անց ԿԳՄՍ նախարարությունն ու «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին, որով սկսվեցին լեռան գագաթի մի հատվածի պեղումները։
Պեղումներից ամիսներ անց, հիմնադրամը հրաժարվել է հնավայրի մի մասն ընդգրկող տարածքների նկատմամբ սեփականության իր իրավունքից։ Ակունք համայնքի ավագանու 2023 թ․-ի որոշմամբ մի շարք հողամասեր ճանաչվել են համայնքային սեփականություն։ 2024 թ․-ի մարտին Ակունք համայնքի ղեկավարի որոշմամբ 1․22 հա, 0․7 հա և 0․09 հա մակերեսով հողամասերը ճանաչվել են Ակունք համայնքի սեփականություն։ Համայնքին վերադարձված հողամասերի ընդհանուր մակերեսը 2.01 հեկտար է։
Համադրելով հողամասերի կադաստրային կոորդինատներն արբանյակից արված լուսանկարների հետ՝ տեսնում ենք, որ հողամասերը գտնվում են լեռան անմիջապես գագաթին և ընդգրկում հնավայրի տարածքի մի մասը։
ԲՀԿ նախագահը Հատիս լեռան գագաթին նախատեսել է կառուցել Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը։ Շաբաթներ առաջ՝ մայիսի 14-ին, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Հիսուսի արձանը պատրաստ է։ «Վերջին երազանքը, ցանկությունը, որ ուզեցել եմ իրականություն դարձնեմ եղել է, որ Քրիստոսի արձանը կառուցեմ։ Արձանը պատրաստ է արդեն, տեղը պատրաստ է։ Հիմա ճոպանուղին են տեղադրում։ Մյուս տարվա վերջ արդեն բացումը կանենք, ամբողջ աշխարհին կհրավիրենք և տա Աստված, որ Աստված մեզնից երես չթեքի»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։
Թեև գործարարը հայտարարեց ճոպանուղու կառուցման մասին, սակայն մինչ օրս ո՛չ արձանի, ո՛չ էլ ճոպանուղի կառուցելու համար Ակունք համայնքի ղեկավարը շինթույլտվություն չի տրամադրել։ Հատիս լեռան գագաթ տանող ճանապարհները հարթեցնելու թույլտվությունն է միայն տրամադրվել։ Լեռան գագաթ տանող երկու հողաշեն ճանապարհ է արդեն կառուցվել․ մեկը՝ Կոտայք գյուղից, մյուսը՝ Զովաշենից։ Սարի վրա նաև էլեկտրականություն կա, դրա համար տեղադրվել են երկաթբետոնե հենասյուներ, անցկացվել են մետաղալարեր։
Մեկնաբանել