HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար Արաբկիրի համայնքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են Երևանի 2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքներ:

Նշենք, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում հիշատակված Արաբկիրի նախկին համայնքապետը Ալբերտ Երիցյանն է։

«Մասնավորապես, նշված անձը, իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական կեղծիքների բազմաքայլ հանցավոր սխեմայով, «Արաբկիր» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքը դուրս է բերել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներից, դարձրել օտարման ենթակա։ Դրա վրա կառուցված 89.5 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունը պաշտոնեական կեղծիքների միջոցով ճանաչվել է օրինական, և այդ շինությունը 3.302.550 ՀՀ դրամ, իսկ նշված կառույցի համար առանձնացված 1500քմ մակերեսով հողամասը 16.065.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքներով (այն դեպքում, երբ նշված հողամասի և կառույցի շուկայական արժեքը կազմել է 142.000.000 ՀՀ դրամ) ձևականորեն օտարվել է Ա.Ե.-ին։

Ապա հանցավոր գործողությունների արդյունքում ձեռք բերված և ձևականորեն Ա.Ե.–ի անվամբ գրանցված, սակայն փաստացի Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած տվյալ անձին սեփականության իրավունքով պատկանող նշված հողատարածքն ու շինությունը 2008թ. ապրիլին առուվաճառքի պայմանագրով օտարվել է այլ անձի: Ընդ որում, գույքի օտարումից առաջացած իրական եկամուտները չարտացոլելու նպատակով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում խեղաթյուրվել է վաճառքի արժեքը. որպես վաճառված գույքի արժեք՝ նշվել է 184.200.000 ՀՀ դրամը, սակայն գործարքի դիմաց փաստացի վճարվել է 750.000 ԱՄՆ դոլարին համարժեք 269.100.000 ՀՀ դրամ, որը Ա.Ե.-ն փոխանցել է Արաբկիրի համայնքապետարանի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին: Այսինքն՝ հողամասը և դրա վրա կառուցված շինությունը փոխակերպվել է 269.100.000 ՀՀ դրամի՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի կողմից իր հոր, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հանցավոր օժանդակությամբ, չարաշահելով պաշտոնական դիրքը, կրկին բազմաքայլ հանցավոր սխեմայի կիրառմամբ, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող, 16.687քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա 2.734,6քմ մակերեսով շենք-շինությունները նախ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Երևանի «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին։ Ապա համայնքի ավագանու անդամների կողմից, խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ գործադրելով, կայացված որոշման և այն համայնքի ղեկավարի կողմից հաստատվելու արդյունքում նշված հողամասը և շենք-շինությունները, կադաստրային և շուկայական արժեքից (կադաստրային արժեքը՝ 38.223.700 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքը՝ 56.127.000 ՀՀ դրամ) անհամեմատ ցածր գնով՝ 29.000.000 ՀՀ դրամով, վաճառվել են Արաբկիրի համայնքապետարանի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձի հորը։ Այդ գործողությունների արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 27.127.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գույքի իրական պատկանելությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով 2007 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին ընդամենը 75.491.988 ՀՀ դրամ մուտքագրելուց հետո, այն դեպքում, երբ հողամասի շուկայական արժեքը կազմել է 354.000.000 ՀՀ դրամ, նշված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է նշված պաշտոնատար անձի հոր սեփականության իրավունքը։ Դրա հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 278.508.012 ՀՀ դրամի գույքային վնաս: 

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված այս գույքի իրական պատկանելությունը թաքցնելու, ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով, հայրը վերոնշյալ հողամասը բաժանելով երկու մասի, դրանցից մեկը 91.800.000 ՀՀ դրամով, իսկ մյուսը 340.000.000 ՀՀ դրամով օտարել է երկու տարբեր անձանց: Այդ կերպ պաշտոնատար անձը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հոր օժանդակությամբ փոխակերպել է դրամի՝ օրինականացնելով առանձնապես խոշոր չափերով՝ 326.508.000  ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը, անտեսելով օրենսդրության պահանջը,  իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելով,  որպես աճուրդի կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով օտարել է Մամիկոնյանց փողոցում գտնվող 79քմ ընդհանուր մակերեսով՝ 16.950.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքին պատկանող բնակարանը: 

Քննությամբ պարզվել է նաև, որ նա, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, հաստատել է  Արաբկիր թաղային համայնքի ավագանու՝ 2007թ. դեկտեմբերի որոշումը՝ Արաբկիր համայնքին պատկանող՝ Հր.Քոչար փողոցում գտնվող տարբեր մակերեսներով ոչ բնակելի 4 տարածքները, առանց գնահատելու, շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով,  հաշվեկշռային արժեքով այդ գույքերի վարձակալ հանդիսացող 4 տարբեր մարդկանց, ովքեր եղել են պաշտոնատար անձանց հարազատներ, օտարելու մասին և նշված անշարժ գույքերը, սեփականության իրավունքով, վաճառվել են նշված անձանց։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հորը պատկանող «Շ…» ՍՊԸ-ն, իրականացված ներդրումային և կանոնադրական կապիտալի համալրման գործընթացում զեղծարարության արդյունքում, համայնքի ավագանու որոշումներով, 2005թ.  դարձել է Արաբկիր համայնքի (70 տոկոս չափով) և նշված ՍՊԸ-ի (30 տոկոս չափով) կողմից հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 49 տոկոսի բաժնետերը։ Ապա «Շ…» ՍՊԸ-ի տնօրենը՝ նշված պաշտոնատար անձի հայրը, 2007թ. նոյեմբերին դիմել է Արաբկիր թաղային համայնքին՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի մյուս 51 տոկոս բաժնետոմսերը գնելու առաջարկով: Նրա որդին, տեղյակ լինելով, որ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող մեքենա-մեխանիզմների արժեքը ներառված չեն ընկերության կանոնադրական կապիտալում, առանց այդ մասին Արաբկիր համայնքի ավագանու անդամներին հայտնելու՝ նշված առաջարկը ներկայացրել է ավագանու քննարկմանը: Եվ  ավագանու որոշմամբ ՓԲԸ-ի՝ Արաբկիր համայնքին պատկանող բաժնետոմսերի 51 տոկոսը 28.381.500 ՀՀ դրամով վաճառվել է «Շ…» ՍՊԸ-ին, որի արդյունքում «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 100 տոկոս մասնաբաժնի, հետևաբար նաև ընկերությանը պատկանող մեքենա-մեխանիզմների սեփականատեր է դարձել այդ ՍՊԸ-ն: 

Համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը  հաստատել է Արաբկիր համայնքի ավագանու որոշումը, որի արդյունքում, վատնելու եղանակով, հափշտակվել է Արաբկիր համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամ արժողության գույքը (մեքենա-մեխանիզմները): Կազմվել են հաշիվ-ապրանքագրեր, որոնց համաձայն՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռից «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին անհատույց փոխանցվել են 156.330.000 ՀՀ դրամի չափով մեքենա-մեխանիզմներ, որոնք գույքի իրական պատկանելիությունը, ծագման աղբյուրը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու համար որդուն օժանդակելու նպատակով, տնօրենն ամրացրել է իրեն պատկանող «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին։ Արդյունքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերը նկարագրված հանցավոր գործողություններով վատնելու եղանակով, Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը հափշտակել է իրեն վստահված, համայնքի առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամի գույքը: 

Այնուհետև, նպատակ ունենալով հիշյալ մեքենա-մեխանիզմներն օրինական քաղաքացիաիրավական գործարքների շղարշի ներքո փոխարկել դրամական միջոցների և այդ կերպ խեղաթյուրել գույքն ապօրինի եղանակով ՍՊԸ-ին անհատույց փոխանցվելու փաստը, հանցավոր ճանապարհով ստացված մեքենա-մեխանիզմները, միախառնելով իր ընկերության հաշվեկշռում առկա այլ գույքի հետ, «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի տնօրենի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Արաբկիր համայնքի կողմից հիմնադրված մեկ այլ ՓԲԸ-ի հետ կնքվել է գույքի առուվաճառքի պայմանագիր։ Դրանով տվյալ ընկերությանը 375.519.000 ՀՀ դրամով, այսինքն՝ ձեռք բերման արժեքից էականորեն բարձր գնով, վաճառվել է 37 միավոր տեխնիկա, որոնց մեջ ընդգրկված են եղել նաև «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ից անհատույց փոխանցված մեքենա-մեխանիզմները։ Այդ կերպ կատարվել է փողերի լվացում։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա և հաշվի առնելով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն չհամաձայնելու հանգամանքը՝ Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 314-րդ հոդվածի  1-ին  մասով, 308-րդ  հոդվածի  2-րդ մասով  (4 դրվագ):

Ավագանու անդամների մի մասին մեղադրանքներ են ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /մի մասին՝ 5 դրվագ, մի մասին՝ 4 դրվագ/: Մի մասի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Նախաքննությունը, նշված նախկին պաշտոնատար անձի և նախկին ավագանու 4 անդամների մասով, ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, դեռևս 2023թ. օգոստոսին ուղարկվել էր դատարան, ընթանում է դատաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև՝

Լուսանկարում՝ Ալբերտ Երիցյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter