
Անկարան հույսով է որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր կստորագրեն
Թուրքիան հույս է հայտնում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական տեղաշարժերը կհանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը: Այդ մասին նշվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը կայացել է նախօրեին Անկարայում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:
«Մենք կրկին հույս ենք հայտնում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում իրադարձությունների դրական զարգացումը կհանգեցնի խաղաղ կարգավորման և աջակցում ենք կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է փաստաթղթում, որը տարածել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության հարցերով դեպարտամենտը։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել էր, որ Անկարան ողջունում է մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շարունակելու բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»,- Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել էր թուրք նախարարը։
Դրանից առաջ էլ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացմանը դրական գնահատական էր տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մայիսի 20-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Անկարայում բազմիցս հայտարարել են, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, որի քննարկումն ընթանում է 2022 թվականից, «կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը»։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել