HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դանիան հրաժարվել է Պաղեստինի անկախությունը ճանաչելուց

Դանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն ճանաչելու օրինագծին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Օրինագիծը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել դեռևս այս տարվա փետրվարին՝ չորս ձախ կուսակցությունների կողմից։ Ապրիլին կայացած քննարկման ժամանակ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել էր, որ պաղեստինյան պետության ճանաչման համար «նախապայմաններ չկան»: Սակայն քվեարկության օրը Ռասմուսենը հավելել էր, որ թեև խորհրդարանը չի կարող աջակցել այդ բանաձևին՝ «մենք ցանկանում ենք, որ գա այն օրը, երբ մենք կարող ենք դա անել»:

Մայիսի 10-ին, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալ (որը, սակայն, նրան ձայնի իրավունք չի տալիս), Ռասմուսենը սատարեց այդ որոշումը: «Այսօր մենք Պաղեստինին ավելի ուժեղ ձայն ենք տալիս ՄԱԿ-ում։ Հուսով եմ, որ այսօրվա բանաձևը կարող է ապագայի հույսի փարոս լինել պաղեստինցի ժողովրդի համար այս մռայլ ժամանակներում: Դանիան շարունակում է աջակցել երկու պետությունների վերաբերյալ որոշմանը»,- գրել էր նա։

Դեռ մայիսի 22-ին եվրոպական երեք երկրներ՝ Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան, պաշտոնապես հայտարարեցին, որ ճանաչում են Պաղեստինի անկախությունը։ Այդ որոշումն ուժի մեջ մտավ մայիսի 28-ին։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարեց, որ այս քայլի միակ նպատակը «օգնել իսրայելցիներին և պաղեստինցիներին հասնել խաղաղության»: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն հիշեցրել էր, որ Նորվեգիան ավելի քան 30 տարի եղել է «պաղեստինյան պետության ամենավճռական կողմնակիցներից մեկը»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ այս որոշումներն անվանել է «ահաբեկչության համար ընծա» ու հետ կանչել այդ երկրներից Իսրայելի դեսպաններին։

Պաղեստինի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը։ Հայաստանն այդ երկրների թվում չէ։ Բացի մեր երկրից, Պաղեստինի անկախությունը չեն ճանաչում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, և Իսրայելը։ Փոխարենը, Պաղեստինի անկախությունը ճանաչում են Հայաստանի հարևան բոլոր երկրները։

Լուսանկարը՝ Tom Little/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter