«Ամերիաբանկն» ուզում է բանկային շենք կառուցել Գյումրիի կանաչ գոտո՞ւմ
Գյումրու Շահումյան փողոցի 188 շենքի հարևանությամբ նախատեսվող աշխատանքների և ներկայացվող նախագծի վերաբերյալ Գյումրու քաղաքացիական հասարակության հայտարարությունը
Սույն հայտարարությունը կազմվել և ստորագրվել է Գյումրիում գործող «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մի շարք անդամների, շահագրգիռ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ:
Գյումրու կանաչ տարածքների ոչնչացման հաշվին քաղաքի պատմական կենտրոնի կետային կառուցապատումը արդեն տասը տարուց ավելի, եղել և մնում է Գյումրու ներկայիս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող անհեթեթ, քաղաքային միջավայրն աղճատող և ամենաանհիմն քաղաքականությունը մեր համայնքի նկատմամբ:
Շարունակելով խախտել քաղաքաշինական և բնապահպանական բազմաթիվ նորմեր՝ քաղաքային իշխանություններն, ըստ էության, թքած ունեն հողային օրենսգրքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջների և Գյումրի քաղաքում ձևավորված հասարակական կարծիքի վրա:
Քաղաքաշինության ոլորտում Գյումրու ՏԻՄ-ի վարած քաղաքականության ցայտուն օրինակներից են.
- Վարդանանց հրապարակը (նախկին Ազատության, Կենտրոնական, Օգոստոսի 23-ի), որը, ըստ գոտիավորման նախագծի, նախատեսված էր որպես կանաչ հրապարակ, 2008թ. պատվեց քարե գորգով, և դա քաղաքային բյուջեից խլեց 182 մլն դրամ (կես միլիոն դոլար):
- Չերազի և Սպանդարյան փողոցները հրապարակին հարող հատվածում իրար միացնող մոտ 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար ծախսվեց 52 մլն դրամ, և հատվեց ավելի քան 40 ծառ և թուփ:
Գյումրիում այսպիսի օրինակները բազմաթիվ են, բայց բավարարվենք այսքանով:
Այսօր նախատեսվում է կյանքի կոչել մեկ այլ հանցավոր նախագիծ. կառուցապատել Վարդանանց հրապարակի և Շահումյան 188 շենքի միջև գտնվող տարածքը, որը ընդամենը չորս տարի առաջ պատված էր ծառերով, բայց Գյումրու քաղաքապետարանի համառ ջանքերով և նպատակային գործողությունների արդյունքում ծառազրկվեց և վերածվեց ոչ պաշտոնական «աղբապատ ավտոկայանատեղիի»:
Գյումրու քաղաքացիական հասարակության պահանջով և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011թ. ապրիլի 14-ի թիվ 52 հրամանով կազմվեց աշխատանքային խումբ, որը ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետի գլխավորությամբ այցելեց Գյումրի, անցկացրեց ուսումնասիրություն և քննարկում ունեցավ հասարակության ներկայացուցիչների հետ: Ուսումնասիրության և քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը կազմեց և հրապարակեց իր եզրակացությունը, որի 3-րդ կետում մասնավորապես նշվում է.
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց Շահումյան 188 շենքի դեպի Վարդանանց հրապարակը նայող ճակատը ձևավորել Գյումրի քաղաքին հարիր խճանկարով (կամ տալ այլ լուծում), իսկ կից տարածքը կանաչապատել»:
Արդեն երկու տարի է, քաղաքի հասարակական կազմակերպությունները դիմել են քաղաքապետին այդ տարածքը կանաչապատելու թույլտվություն ստանալու խնդրանքով, բայց անհասկանալի պատճառներով մերժում են ստացել: Հիմա պարզ է դառնում, թե ինչու:
Բանն այն է, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իբր թե Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու վեհ նպատակով, ուզում է այդ տարածքում բանկային շենք կառուցել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ քաղաքային իշխանությունները, այդ իրավունքը չունենալով, արդեն օտարել են տվյալ տարածքը և հիմա կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխության մասին հանրության իրազեկման, քաղաքաշինական ծրագրի և նախագծերի քննարկման ու որոշումների կայացմանը հասարակայնության մասնակցության ապահովման կեղծ նպատակով իրականացնում են հանրային քննարկում, որն ի սկզբանե կրում է ձևական բնույթ և չի կարող համարվել օրինական հանրային քննարկում:
Տարբեր պաշտոնյաներ, արդեն սկսել են հանրային այս տարածքի զավթումը ներկայացնել որպես աննկարագրելի մի բարեգործության օժանդակություն. թե աշխատատեղեր են ստեղծվելու այստեղ: Նման ծիծաղելի արդարացումների վերջը հարկավոր է տալ: Միամտություն է շահույթ հետապնդող հիմնարկներին, մասնավորաբար բանկերին վերաբերվել որպես Գյումրիում գործազրկությունը նվազեցնելու երազանքով տապակվող ու աշխատատեղ ստեղծելու բաղձանք ունեցող բարեգործական հիմնարկների, հարկավոր է նրանց վերաբերվել որպես շահույթ հետապնդող հիմնարկների, որոնք չեն կարող շահույթն ունենալ՝ առանց աշխատատեղեր բացելու, և այլևս անհեթեթ ծիծաղելի հիմնավորումներով չհամարձակվել հանրային տարածքները զոհաբերել դրանց:
Եթե ինչ-որ բանկ ուզում է մասնաճյուղ բացել Գյումրիում, վերջ ի վերջո կբացի, մենք չենք ուզում հեքիաթներ լսել այն մասին, թե միայն այդ տարածքի դեպքում է, որ բանկը կկամենա մասնաճյուղ ունենալ այստեղ: Տեղական իշխանությունները թող օժանդակեն բանկին` տարածքներ հատկացնելով ոչ կանաչ գոտիներում: Թույլ չենք տալու, որ դա տեղի ունենա մեր հանրային տարածքների հաշվին:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մի շարք անդամներս, այս հարցում համախոհ քաղաքացիներս, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս համարում ենք, որ բացարձակ անթույլատրելի է կանաչ տարածքների ոչնչացման հաշվին կառուցապատում իրականացնելու ՏԻՄ-ի գործելակերպը և Գյումրու Շահումյան փողոցի 188 շենքի հարևանությամբ նախատեսվող աշխատանքների և ներկայացվող նախագծի վերաբերյալ, համապատասխան պետական և տեղական իշխանություններին առաջարկում ենք հետևյալը.
- Հրաժարվել Շահումյան փողոցի 188 շենքի և Վարդանանց հրապարակի միջև գտնվող տարածքը (նախկին կանաչապատ տարածքը) կառուցապատելու մտքից,
- Տարածքին վերադարձնել հասարակական կանաչ տարածքի իր նախկին կարգավիճակը, այս տարվա ընթացքում կանաչապատել ու բարեկարգել կամ նույն նպատակով օրենքով սահմանված կարգով տրամադրել Գյումրու բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպություններին` պահպանելով տվյալ տարածքի համայնքային պատկանելությունը:
- Շահումյան 188 շենքի դեպի Վարդանանց հրապարակին նայող ճակատը ձևավորել Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական միջավայրին հարիր խճանկարով կամ տալ ճարտարապետական այլ խելամիտ լուծում:
- Դադարեցնել ՏԻՄ-ի կողմից արդեն մեկ տասնամյակից ավելի վարվող այն հակահասարակական քաղաքականությունը, որով Գյումրի քաղաքի պատմական կենտրոնը կառուցապատվում է կանաչ տարածքների ոչնչացման հաշվին:
- Պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր, առանց օրինական հանրային լսման, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, որոշում են կայացրել Շահումյան փողոցի 188 շենքի հյուսիսային կողին հարող տարածքի օտարման վերաբերյալ:
|
Անուն, ազգանուն |
Կազմակերպություն, աշխատավայր |
|
Գևորգ Պետրոսյան |
«Բիոսոֆիա» ՀԿ |
|
Լևոն Բարսեղյան |
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ |
|
Վահան Թումասյան |
«Շիրակ կենտրոն» ՀԿ |
|
Անահիտ Մարգարյան |
«Մենք Պլյուս» սոցիալական ՀԿ |
|
Արտուշ Մկրտչյան |
Գյումրու զարգացման հիմնադրամ |
|
Նադեժդա Հակոբյան |
«Կրթության Ասպարեզ» ՀԿ |
|
Լևոն Մարտիրոսյան |
«Գեոֆոն» ՀԿ |
|
Հասմիկ Մխիթարյան |
«Գյումրու առաջընթաց» ՀԿ |
|
Ռաֆայել Մխիթարյան |
«Երրորդ բնություն» ՀԿ |
|
Արա Սուքիասյան |
«ԵՀԱԿ» ՀԿ |
|
Մարզպետունի Զադոյան |
“Համայնքային նախաձեռնությունների և քարոզչությունների կենտրոն” ՀԿ |
|
Ալլա Խաչատրյան |
«Արաքս կենտրոն» ԲՀԿ |
|
Սոնյա Սարգսյան |
«Նոր հայացք» ՔՀԿ ՀԿ |
|
Խաչիկ Սահակյան |
«Ֆերտի» բարեգործական կենտրոն» ՀԿ |
|
Սվետլանա Մկրտչյան |
YWCA Գյումրի «Ֆլորա» ՀԿ |
|
Արտաշես Բոյաջյան |
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս |
|
Կարինե Պետրոսյան |
ԳՊՄԻ Էկոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանակն գիտ թեկն.,դոցենտ |
|
Կարինե Մկրտչյան |
Գործարար |
|
Կարեն Տերտերյան |
Երիտասարդական ոլորտի աշխատող |
|
Շուշան Վարդանյան |
Քաղաքացիական լրագրող |
|
Ղարիբ Հարությունյան |
Տնտեսագետ |
|
Աննա Եղոյան |
ՀՀ քաղաքացի |
|
Վազգեն Մարտիրոսյան |
Քաղաքացիական լրագրող |
|
Արտակ Բաղդասարյան |
Գյումրեցի |
|
Արտուշ Եղիազարյան |
Գյումրեցի |
|
Արսեն Վարդանյան |
Քաղաքացիական լրագրող |
|
Լուիզա Պետրոսյան |
ՀՀ քաղաքացի |
|
Տաթեւ Խաչատրյան |
Ուսանողուհի |
|
Գագիկ Ներսիսյան |
Տպագրիչ |
|
Գայանե Շագոյան |
ՀՀ քաղաքացի |
17-ը հուլիսի, 2012թ.
Լուսանկարում նույն տարածքը` 4 տարի առաջ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել