HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանի ելույթը ԱԺ մշտական հանձնաժողովներում՝ 2023 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում՝ 2023 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը հանդես է եկել ելույթով։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանն իր ելույթում նշել է հետևյալը․

«Նախ` ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել բոլորիս Հանրապետության տոնի առիթով, որը նշվում է մայիսի 28-ին: Ես չեմ հիշում՝ նախկինում այսպիսի համընկնում եղել է, բայց, քանի որ բյուջեի կատարման հաշվետվությունը քննարկում ենք հենց հաջորդող օրը, ես կուզենայի խոսել մի փոքր ավելի պակաս թվերի մասին և մի փոքր ավելի շատ հայեցակարգերի մասին, որովհետև մեծ հաշվով պետական բյուջեն, ըստ էության, մեր պետության կյանքի կազմակերպման մասին է, մեր պետության կյանքի կազմակերպման ֆինանսական ծախսերի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվող հարկերի և վճարումների վերաբերյալ:

Եվ շատ կարևոր է, որ մենք անդրադառնանք այդ հարցին, ընդ որում՝ այդ հարցն օրակարգում եղել է և այն ժամանակ, երբ ես որպես պատգամավոր էի մասնակցում բյուջետային քննարկումներին, որովհետև մեծ հաշվով բյուջեի հետ կապված հարցը հետևյալն է՝ որևէ տարվա ընթացքում մենք ունենք որոշակի եկամուտներ և որևէ տարվա ընթացքում մենք ունենք որոշակի ծախսեր, բայց շատ կարևոր է կոնկրետ պատասխան տալ մի հարցի՝ մենք ի վերջո ի՞նչ հարց ենք լուծում այդ ծախսերով, ի՞նչ հայեցակարգ է դրված մեր գործողությունների և գործունեության հիմքում և ինչու՞ ենք մենք դա անում: Այս հարցի պատասխանը, ընդ որում, վերաբերում է և՛ գերատեսչական ուղղություններին, և՛ ընդհանրապես կառավարությանը, պետությանը: Նախկինում մի քանի անգամ ասել եմ և հիմա էլ ուզում եմ վերահաստատել, որ, թերևս, պետությունը մարդկային նախաձեռնություններից ամենաթանկարժեք նախաձեռնությունն է, չկա մարդու որևէ նախաձեռնություն, որն ավելի թանկ արժենա, քան պետությունը: Շատ կարևոր է նաև մի հետևյալ հարցի պատասխանել և այդ պատասխանը կարևոր է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիների համար, որովհետև թանկ այդ վճարումն իրականացնում են ի վերջո քաղաքացիներն իրենց կողմից գեներացվող հարկերից: Ինչու՞ պետք է քաղաքացին վճարի այդ թանկ նախագծի համար, սա չափազանց կարևոր հայեցակարգային հարց է, և ընդ որում, այդ հայեցակարգային հարցերին է , որ մենք վերջին տարիներին խորհրդարանական և ոչ միայն խորհրդարանական ձևաչափերում անընդհատ անդրադարձեր ենք ունենում՝ ի վերջո, ինչի համար է արվում այդ ծախսը:

Եվ վերադառնալով Հանրապետության օրվա լեյտմոտիվին՝ ուզում եմ ընդգծել, որ Հանրապետության հայեցակարգը հենց դրանում է, որ քաղաքացիներն իրենց համար պետություն են ստեղծում, այդ պետության գոյության համար վճարում են բավականին թանկ գին, բայց շատ կարևոր է հասկանալ՝ ինչի համար է այդ պետությունը: Երեկ Սարդարապատում ունեցած ելույթում ես մի փոքր անդրադարձա այդ խնդրին, որ ի վերջո, պետությունն իրեն էլիտա համարող կամ համարած, մեկուսացած խմբերի առաջ քաշած գաղափարներն իրագործելու համա՞ր է: Այսինքն՝ քաղաքացիները պետք է իրենց աշխատանքը ծառայեցնեն մեկուսացած էլիտաների կողմից առաջ քաշված գաղափարների՞ն, ասենք՝ այնպիսի գաղափարների, ինչպես օրինակ՝ պատմական արդարություն, թե՞, այնուամենայնիվ, սեփական բարեկեցությունն ապահովելու խնդրին: Սա շատ կարևոր կոնցեպտուալ հարց է, որովհետև, երբ ասում ենք՝ ամենաթանկ նախաձեռնությունը պետությունն է և քաղաքացին վճարում է այդ նախաձեռնության համար, պետք է հասկանալ այդ գործիքն ինչի համար ենք օգտագործում կամ ինչին պետք է ծառայի: Եվ ես ուզում եմ արձանագրել, որ հայեցակարգային այս ճշգրտումն անպայման պետք է անել, որ մենք պետությունը պետք է ընկալենք որպես լավ ապրելն ապահովելուն միտված գործիք: Եվ սա է պատճառը, որ թանկ է պետությունը, որովհետև լավ ապրելն է թանկ: Այսինքն՝ պետությունը, որպես նախագիծ թանկարժեք է այն պատճառով, որովհետև լավ ապրելն է թանկարժեք: Իսկ որ՞ն է մարդու ձգտումը, ո՞րը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձգտումը և նպատակադրումը: ՀՀ քաղաքացու ձգտումը և նպատակադրումը պետք է լինի լավ ապրելը, և քաղաքացին պետությունը ստեղծում և պահում է, որպեսզի հավաքական այդ կազմակերպությունն ապահովի միջին վիճակագրական քաղաքացու լավ ապրելը: Եվ սա շատ կարևոր արձանագրում է, ընդ որում, սա մի արձանագրում է, որը գուցե հայեցակարգային մակարդակով շատ երկար ժամանակ չի արվել: Եվ սա զարգացումն է Իրական Հայաստանի հայեցակարգի, որի մասին ես խոսել եմ ՀՀ կառավարության գործունեության 2021-2026 թթ. ծրագրի իրագործման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ընթացքում:

Եվ երեկ էլ ես Սարդարապատում ունեցած ելույթում ասացի, որ իմ գնահատմամբ՝ մարդը , քաղաքացին ուզում է ապրել և ոչ տառապել, մարդն ուզում է վայելել կյանքը և ոչ թե ճգնել, մարդն ուզում է սիրել և սիրված լինել, մարդն ուզում է լինել ազատ, բարեկեցիկ, կենսուրախ ու երջանիկ, մարդն ուզում է ապրել խաղաղ, արդար և արժանապատիվ միջավայրում: Եվ այս նպատակին պիտի ծառայի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն: Եվ, հետևաբար, երբ մենք պատասխանենք այն հարցի՝ տարվա ընթացքում, որ այսքան բյուջետային եկամուտ ենք ունենում և այսքան բյուջետային ծախս ենք ունենում, ինչի՞ համար ենք դա անում, ո՞րն է մեր նպատակադրումը: Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ մեր նպատակադրումը սա է և սա պետք է լինի: Իհարկե, եթե հիմա մենք արձանագրում ենք, որ սա է և սա պետք է լինի, առնվազն սա նշանակում է, որ վստահ չենք, որ մեր սոցիալ-հոգեբանության մակարդակում մեր ընկալումը եղել է այդպիսին: Եվ ես հարկ եմ համարում, որ մենք՝ խորհրդարանը, կառավարող մեծամասնությունն այս մասին ավելի ու ավելի հաճախ և ավելի և ավելի վստահ խոսենք և նաև ասենք և նաև խմբագրենք և նաև սրբագրենք մեր կողմից բավականին հաճախ օգտագործվող մի շարք հասկացություններ և ապահովենք այդ հասկացությունների զարգացումը:

Վերադառնալով կրկին Հանրապետության օրվա լեյտմոտիվին՝ Հանրապետության տոնի հետ կապված իմ ուղերձում ես արձանագրել էի նաև, որ իմ կարծիքով՝ մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն ինչ մենք անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Սա շատ կարևոր արձանագրում է: Մենք անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով: Եվ, հետևաբար, պետք է արձանագրել, որ անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն: Անվտանգության այն կոնցեպտը, որը մինչ այժմ իրականացրել ենք, ինքն անվտանգություն չի ապահովում, ինքը վտանգներ է գեներացնում: Եվ սա նույնպես Իրական Հայաստանի և ոչ իրական Հայաստանի հայեցակարգերի միջև ընկած ճեղքումն է:

Նաև բարեկեցությունը բավարար չէ, որովհետև բարեկեցությունը ինքնին ի՞նչ է նշանակում: Սրանք էլ են շատ կարևոր հարցեր, բայց եթե շատ սաղմնային մակարդակում նայենք, բարեկեցություն՝ մարդը շոր ունի, սնունդ ունի, բազկաթոռ ունի, աթոռ ունի և ունի որոշակի նյութական կարիքներ ապահովելու և բավարարելու հնարավորություն: Եվ դա մեզ պետք է բավարարի՞: Ես կարծում եմ ոչ, մեզ պետք է չբավարարի, որովհետև այդ բոլոր պայմաններն ապահովելով՝ մարդը կարող է լինել ոչ երջանիկ: Եվ հետևաբար, բարեկեցությունը բավարար չէ այլևս, որովհետև հարկավոր է երջանկություն: Եվ նաև ուզում եմ, որ մենք վերանայենք նաև կենսունակության նկատմամբ մեր վերաբերմունքը, որովհետև անընդհատ ասում ենք, որ պետք է լինենք կենսունակ՝ որպես պետություն, պետք է լինենք կենսունակ՝ որպես ժողովուրդ, և սա բխում է գոյատևման տրամաբանությունից, որ կենսունակությունը, այնուամենայնիվ, գոյատևման ավելի, այսպես ասած, ինստիտուցիոնալ մակարդակն է: Եվ հարկ եմ համարում ընդգծել, որ կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ կենսունակությունն այլևս բավարար չէ, հարկավոր է կենսուրախություն կամ կենսախնդություն: Այս հասկացությունների մասին ես չեմ հիշում, որ այս դահլիճում և ընդհանրապես, պետական ամբիոններից հաճախ խոսվում է: Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որովհետև այո, մենք պետք է արձանագրենք, որ թանկ նախագիծ պետությունը, ժողովուրդը պետք է իմանա՝ ինչի համար է ֆինանսավորել, եթե ինքը ֆինանսավորում է, որ դրա արդյունքում ավելի վատ ապրի, ավելի պակաս ազատ և պակաս երջանիկ զգա իրեն, այդ պետությունը մարդու համար կկորցնի իմաստը:

Եվ ես նորից ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ի վերջո, անկախության ձեռքբերումից հետո մեր ամենատեսանելի միտումը եղել, շարունակել և շարունակում է մնալ արտագաղթի միտումը: Արտագաղթն ի՞նչ է, արտագաղթը հետևյալն է՝ մարդն իր համար հարմար ապրելու տեղ է փնտրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետություն է ստեղծե՞լ, որ իր համար, ապրելու հարմար տեղ գտնի՞: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր համար այդքան էլ ապրելու տեղ չի՞, էլ ինչո՞ւ է աշխատում, ինչո՞ւ է հարկ վճարում այս պետությանը և ինչո՞ւ է այսպես, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կառավարվել է և Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորվել է էլիտաների կամ իրենց էլիտա համարող շրջանակների կողմից, որոնց գաղափարախոսությունն առանցքայնորեն եղել է կղերաֆեոդալական, և այդ գաղափարաբանությունը, ըստ էության, վերջին դարերի ընթացքում էական զարգացում չի ունեցել: Այդ գաղափարաբանությունը կրթական համակարգի միջոցով ներարկվել է մարդկանց, մեզ բոլորիս, և արդյունքում՝ մենք ստացել ենք այս ճեղքը: Պատկերացրեք՝ մարդն անկախ պետություն է ստեղծում, իր համար ապրելու տեղ է փնտրում, սա նույնն է, որ մենք հիպոթեկային վարկ ենք վերցնում, տուն ենք ձեռք բերում և գնում ենք վարձով ապրելու:

Սա է կարճ ձևակերպումը մեր իրականության: Ինչո՞ւ, մի պարզ պատճառով, որովհետև, կներեք, կենցաղային օրինակներ բերեմ, օրինակ՝ երբ այդ քաղաքացին կարճ տաբատով պատշգամբում առավոտյան նստում, սուրճ է խմում, կողքի կանգնածներն ասում են՝ այս ի՞նչ ես անում, չի կարելի, դու վիրավորում ես մեր պատկերացումները, չէ որ դու այստեղ չես սուրճ խմելու համար, վեհ գաղափարներ կան, գետինը մտնես, այդ վեհ գաղափարների պայմաններում շորտիկը հագել, նստել բալկոնում սո՞ւրճ ես խմում, փոխանակ բալկոնից քեզ քցես, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրես ինչ-որ մի շատ կոնկրետ և կարևոր խնդրի վրա: Գունավոր շոր է հագնում, ասում են՝ գետինը չե՞ս մտնում, ոնց կարելի է գունավոր շոր հագնել՝ ողբն ու ողբերգությունը թողած, իսկ ո՞վ է ողբալու, որ դու գունավոր շոր ես հագել, տականք, դավաճան: Ծնունդ է անում, ասում են՝ ո՞նց, հոգեհանգիստը թողած, ծնո՞ւնդ ես անում: Մեկ, երկու, երեք, չորս, մարդն ասում է՝ լավ, այս տունն էլ ձեզ, սուրճիս բաժակն էլ ձեզ նվեր, կարող եք ոչ մի բան չվճարեք, ես գնամ մի ապրելու տեղ գտնեմ, որտեղ կարող եմ պատշգամբում սուրճ խմել և ոչ մեկ ինձ ամոթանք չի տա դրա համար:

Եվ ես ուզում եմ մենք գնահատենք, որ մենք ինքներս, մենք՝ որպես կառավարող մեծամասնություն, մեզ հետ ի՞նչ է տեղի ունեցել վերջին տարիներին, հեղափոխությունից հետո: Եվ սա թերևս մեր ամենամեծ ամոթն է կամ ամենամեծ պրոբլեմը՝ երբ 2018 թ. ստանձնել ենք Հայաստանի Հանրապետության կառավարումը, մենք շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները: Եվ այսօր մեզ հետ էլ է դա տեղի ունենում, մայիսի 24-ին իմ ունեցած ուղերձն ինչու եմ կարևոր համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փորձեմ բացատրել, թե ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանի Հանրապետությունում, բայց կարծում եմ՝ այս խոսակցությունը մի օրվա խոսակցություն չէ: Ի՞նչ է մեզ հետ տեղի ունեցել. այսօր մեզ ասում են՝ դուք այսպիսի բան էիք ասում 2018-ին, 2019-ին, հիմա կարծես այդպես չեք ասում, ինչո՞ւ, որովհետև մենք ինքներս մեր մեջ հաղթահարում ենք կղերաֆեոդալական մտածողությունը և կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում, ասում է՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել, մենք ենք ստեղծել մտածողության կաղապարները դարեր ի վեր և դուք պարտավոր եք մտածել այդ կաղապարի շրջանակում: Եթե դուք այդ կաղապարի շրջանակից դուրս մտածում եք, ուրեմն դուք դավաճան եք և այլն, և այսպես շարունակ: Բայց երբ մենք վերադառնում ենք լավ ապրելու հայեցակարգին և ըմբռնում ենք, որ պետությունը չի կարող այլ բան լինել, քան սեփական քաղաքացիների արդարությունը, երջանկությունը, կենսուրախությունն ապահովող գործիք, լավ ապրելն ապահովող գործիք, մենք պետք է վերադառնանք այս հարցին՝ ի՞նչ է պետք դրա համար քաղաքական մակարդակում: Դրա համար հարկավոր է արդյունավետ պետություն, իսկ ի՞նչ նկատի ունենք՝ արդյունավետ պետություն ասելով: Ընդ որում, շատ կարևոր է նաև, որ այս հարցի պատասխանը դասագրքերում կարող է գրած լիներ, թե ի՞նչ է նշանակում արդյունավետ պետություն, բայց այս հարցի պատասխանը, եթե ոչ ամեն տարվա բյուջեի հետ, ամեն միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ պետք է ձևակերպվի՝ ի՞նչ է նշանակում արդյունավետ պետություն, որովհետև այն, ինչ դասագրքում գրված է, կարող է այսօր չաշխատել, դա լավ բազա է ՝ իմանալու համար:

Իմ գնահատմամբ՝ այսօր մենք պետք է արձանագրենք, որ արդյունավետ պետությունը փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու մարտահրավերների և նպատակների հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ պետությունն է: Եվ սա միակ բանաձևն է, որը կապահովի պետության հարատևությունը և պետության կենսունակությունը: Հենց այս է տեղի ունենում: Մեզ հետ տեղի է ունենում հետևյալը՝ մենք ասում ենք լավ, մենք դասագրքում կարդացել ենք, պատմել ենք և հինգ ենք ստացել դրա համար, բայց եթե մենք այսօրվա իրողություններին արձագանքենք դասագրքում կարդացածի, պատմածի և հինգ ստացածի կլիշեի մեջ, մենք պետությունը կկորցնենք: Եվ ես շատ ուրախ եմ, դուք հիշում եք, որ ես 2022-2023 թթ. խորհրդարանական ամբիոնից մի քանի անգամ հայտարարել եմ, որ եթե մենք մեկ-երկու տարի կարողանանք ապահովել մեր պետության գոյությունը, մենք մեր պետության գոյությունը կապահովենք երկարաժամկետ կտրվածքով:

2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության կատարողականի առումով սա ամենակարևոր արձանագրումն է, եթե հաշվի առնենք, որ բյուջեն ֆինանսական, հաշվապահական փաստաթուղթ չէ, այլ ապահովում է բովանդակություն: Հիմա, մենք ինչի՞ ենք հասել 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքում: Մենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքում հասել ենք հետևյալին, որ մենք այդ մարտահրավերների, այդ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք, որովհետև եթե 2020, 2021, 2022, 2023 թվականներին մենք տեսնում էինք մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ և անմիջական սպառնալիք, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կարողացել ենք վերը նշված բանաձևերի գործարկմամբ մեր պետությանը սպառնացող ուղիղ վտանգները, մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով և միջնաժամկետ իմաստով: Բայց մենք պետք է հասկանանք նաև, որ երկարաժամկետ իմաստով շատ կարևոր է, որ այս քաղաքականությունը շարունակենք, և Իրական Հայաստանի ռազմավարության վրա հիմնվելով՝ կայացնենք որոշումներ, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ:

Փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվելու ու զարգանալու, մարտահրավերներին և նպատակներին հարմարեցված որոշումներ կայացնելու ընդունակ կառավարություն, խորհրդարան և կառավարող մեծամասնություն պետք է լինենք: Սա է այն նպատակադրումը և այն ձեռքբերումը, որ մենք ունենք 2023 թվականի պետական բյուջեի ծախսման արդյունքներով: Եվ մենք պետք է շարունակենք սպասարկել այս նպատակադրումը:

Եվս մի հանգամանք ուզում եմ շեշտել՝ Իրական Հայաստանի ռազմավարության շրջանակներում այն պայմաններով, երբ պետությունը բացառապես քաղաքացու լավ ապրելն ապահովելու գործիք է, ոչ միայն պետք է Իրական Հայաստանը դառնա պետական գաղափարախոսություն և ռազմավարություն, այլև աշխատանքը պետք է դառնա պետական գաղափարախոսություն և ռազմավարություն, որովհետև ես արդեն ասացի, որ լավ ապրելը թանկարժեք երևույթ է, լավ ապրելն ապահովելու գործիք, պետություն ունենալը թանկարժեք երևույթ է: Իսկ այդ թանկարժեք լավ ապրելու ծախսերը սպասարկելու համար անհրաժեշտ է ամեն տարի գեներացնել ավելի ու ավելի շատ միջոցներ: Ամեն տարի ավելի ու ավելի շատ միջոցներ գեներացնելու գործիքն աշխատանքն է: Եվ աշխատանքը պետք է Հայաստանի Հանրապետությունում դառնա ժողովրդական և պետական գաղափարախոսություն: Չաշխատող մարդը չպետք է հարգանքի արժանանա: Չնայած ենթադրում եմ և համոզված եմ, որ այդպես էլ կա, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ չաշխատելու և դրա արդյունքում առաջացող պրոբլեմներն ունեն խորն ինստիտուցիոնալ պատճառներ, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական, բայց նաև ինստիտուցիոնալ պատճառներ: Եվ այս առումով, կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրն է կրթության բարեփոխումների հարցում լինել հետևողական: Իհարկե, միշտ էլ պետք է հասկանալ, որ քաղաքական գնահատականը մեծ բաժին ունի և այն չի հավակնում լինել մաթեմատիկորեն ճշգրիտ, բայց կառավարության նիստում ես վերջերս առիթ ունեցա հետևյալ գնահատականը տալ՝ իսկ ի՞նչ ենք մենք սովորեցնում մեր կրթական համակարգով և պատասխանեցի, որ մեր կրթական համակարգով մենք սովորեցնում ենք տառապել, մենք սովորեցնում ենք, թե ինչպես չի կարելի պատշգամբում կարճ տաբատով նստած սուրճ խմել այն դեպքում, երբ այսքան շատ պրոբլեմներ կան: Մինչդեռ մեր կրթական համակարգով մենք պետք է սովորեցնենք ապրել և պետք է սովորեցնենք լավ ապրել: Եվ պետք է սովորեցնենք, որ լավ ապրելու միայն մի ճանապարհ կա, դա պրոֆեսիոնալիզմն է, դա աշխատասիրությունն է, դա սեփական ընդունակությունը և տաղանդը զարգացնելու հմտությունն է, դա հարստանալու և հարստացնելու հմտությունն է: Կրթական համակարգի շուրջ էլ այս բանավեճն է տեղի ունենում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փորձում է կրթական կղերաֆեոդալական տրամաբանությունը, որի նպատակն ապրելու միակ ձևը տառապանքը դարձնելն է, ընդ որում՝ ժողովրդի համար, շարքային մարդկանց համար, էլիտաները րենջրովերներով ու բրաբուսներով բացարձակապես չեն տառապում, պատերազմների ժամանակ էլ չեն տառապում, խաղաղության ժամանակ էլ չեն տառապում, համաճարակի ժամանակ էլ չեն տառապում, ճգնաժամի ժամանակ էլ չեն տառապում: Այս տրամաբանությունը մենք պետք է դուրս բերենք: Եվ այդ տրամաբանությունն ենք փորձում դուրս բերել, և դրա համար էլ կրկին դիմադրություն է: Մենք ենք որոշել, թե ինչ պետք է սովորել և ինչպես պետք է սովորել: Ոչ, ինչ պետք է սովորել և ինչպես պետք է սովորել որոշում է ժողովուրդն իր ընտրված մարմինների միջոցով այն տրամաբանությամբ, որ իր կողմից ընտրված մարմինները պետք է իր զավակներին սովորեցնեն լավ ապրել, լավ ապրելու հմտությունը: Դպրոցը միայն մի բան պետք է տա՝ լավ ապրելու հմտություն այն տրամաբանությամբ, որ լավ ապրելու մեջ կարևորագույն պայման են ինքնությունն ու արժեքները: Եվ նաև սա է պատճառը, որ 2019 թվականին մեր իրականության մեջ, թերևս, առաջին անգամ փորձ արվեց ձևակերպել, թե ի վերջո մեր ազգային արժեքները որո՞նք են, որովհետև մեր քաղաքականության իրականության մեջ պատեհ անպատեհ ինչ արվում է, հղում է արվում ազգային արժեքներին: Լավ, մենք պե՞տք է հասկանանք մեր ազգային արժեքները որոնք են:

2019 թվականի Ազգային անվտանգության ռազմավարությունից հետո ես կարևոր համարեցի, որ մենք իսկապես ձևակերպենք և վերաձևակերպենք, թե որոնք են Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքները, որովհետև այս ազգային արժեքները մեր ինքնության մաս են, և այդ ինքնության պահպանումը և զարգացումը երջանկության և բարեկեցության մաս է: Մարդը չի կարող երջանիկ լինել առանց իր ինքնության: Կարևոր եմ համարում ևս մեկ անգամ այս առիթով բարձրաձայնել այն ընկալումը, որը ես ունեմ՝ բացարձակապես չհավակնելով, որ սա ամբողջական ցանկ է կամ չբացառելով, որ այս հայեցակարգի վրա դեռ պետք է մենք աշխատենք: Այսինքն՝ ոչ թե չբացառելով, ես 100 տոկոսով համոզված եմ:

Եվ ուրեմն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են՝ Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, ես կարծում եմ, որ սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի թիվ մեկ ազգային արժեքն է: Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը: Ընդ որում, այս կետի վրա ես ուզում եմ մի մեկնաբանություն անել նաև բանակի նկատմամբ մեր ընկալման փոփոխության մասին: Բանակը Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ որպես խաղաղության գործիք, ինչպես ընդհանարապես մնացած բոլոր պետական ինստիտուտները: Շարունակելով թվարկումը՝ Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը, մասնավորապես՝ էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ՝ թարգմանական գրականությունը, գիտելիքը գիտությունը, Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը: Ինչո՞ւ է սա արժեք, որովհետև այն մարդիկ, տունը ձեռք են բերել և գնացել են վարձով ապրելու, այդ մարդիկ մեր ինքնության և մեր հանրության մասն են, և այստեղ էլ մենք պետք է մեր ռազմավարությունները ճշգրիտ ձևակերպենք: Շարունակելով թվարկումը՝ Հայրենիքը, ընտանիքը, անհատը: Եթե անհատը, օրինակ, ազգային արժեք է, այս էլ շատ կարևոր բան է, որ մենք պետք է կարողանանք անհատին արժևորել, ինչը մեր իրականության մեջ այդքան էլ ընդգծված չէ, որը նույն շորի գույնի նկատմամբ վերաբերմունքից արտահայտվում է, որովհետև հանրությունը չպետք է որոշի, թե անհատն ինչ գույնի շորով դուրս գա փողոց: Անհատն ինքը պետք է որոշի, որն գույնն է արտահայտում իր ինքնությունը, անհատականությունը, այդ գույնի շորով էլ պետք է դուրս փողոց: Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին, Քրիստոնեությունը: Ընդ որում, շատ է խոսվում այն մասին և փորձ է արվում մեզ մեղադրել նրանում, որ մենք որոշ արժեքների նկատմամբ չունենք պատշաճ վերաբերմունք: Ես կարծում եմ, որ սա բացարձակապես չի արտահայտում իրականությունը, որովհետև, եթե որոշ ինստիտուտների ներսում գտնվող մարդիկ իրենք իրենց գործողություններով վարկաբեկում և զրոյացնում են այն ինստիտուտները, որոնք ունեն Հայաստանի ժողովրդի համար ազգային արժեքի նշանակություն, ես չեմ ասի, որ դա կառավարության գործը չէ, դա կառավարության գործն է, և մենք, թերևս, պետք է զբաղվենք դրանով, բայց դա կառավարության մեղքը չէ: Սրանում ես համոզված եմ հաստատ: Շարունակելով արժեքների թվարկումը՝ Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը, Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ, Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականություն ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ, Եղբայրական զգացումները և հարաբերություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի նույնությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում և խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի վերը նկարագրված ազգային արժեքները: Ինչ կապ ունի սա 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվության հետ: Կապն ուղիղ է, որ սա էլ նպատակն է, որ բյուջեի ծախսմամբ մենք պետք է ապահովենք այս արժեքների պահպանումը և զարգացումը: Եվ սա էլ հաջորդ գլոբալ նպատակն է, որ մենք պետք է մեր առաջ դնենք: Ես հիմա չեմ ուզում խոսել այդ աշխատանքի մեթոդների մասին: Դրա մասին խոսելու առիթներ ունեցել եմ և դեռ, համոզված եմ, կունենամ:

Եվ որպեսզի այսօրվա քննարկումը չափից ավելի թվազուրկ չլինի՝ ես ուզում մեն նաև 2023 թվականի պետական բյուջեի հետ առնչվող և ավելի լայն համատեքստում մի քանի տվյալ ներկայացնել: Շատ կարևոր է արձանագրել, որ 2023 թվականին մենք ունեցել ենք 8.7 տոկոս տնտեսական աճ, որը մեր նպատակադրումից 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրով արտահայտված նպատակադրումից բարձր է: Եվ ես ուզում եմ արձանագրել, որ և՛ 2022 թվականին, և՛ 2023 թվականին մենք այդ նպատակադրումից բարձր տնտեսական աճ ենք ունեցել: Իսկ մեր նպատակադրումը հետևյալն էր՝ տարեկան միջինում ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: Բայց կարևոր է նաև արձանագրել, որ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Սա շատ կարևոր ցուցանիշ է: Բնակչության մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը 2017-ի համեմատ, այսինքն՝ հեղափոխությունից հետո իրական արտահայտությամբ աճել է շուրջ 37 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ ավելի քան կրկնապատկվել է: Հայեցակարգային մակարդակում խոսեցի աշխատատեղերի մասին, շատ կարևոր եմ համարում այն վիճակագրությունը, որը մենք ունենք նոր ստեղծված աշխատատեղերի առումով: 2024 թվականի հունվարին մենք ունեցել ենք 713 715 աշխատատեղ, ինչը 2018 թվականի հունվարի ցուցանիշից ավելի է 200 656-ով: Եվ որպեսզի մի ամսյա տվյալ չլինի, ես համադրել եմ ցուցանիշները: Սա 2024 թվականի հունվարն էր: 2023 թվականի դեկտեմբերին ունեցել ենք 741 726 աշխատատեղ, որը 2017 թվականի դեկտեմբերի նկատմամբ ավելի է 206 208 աշխատատեղով: 2024 թվականի ապրիլին 2018 թվականի ապրիլի նկատմամբ, սա արդեն ամենավերջին տվյալն է, հեղափոխությունից առաջվա աշխատատեղերի նկատմամբ ավելի է 205 991-ով: Այսինքն՝ այս երեք տվյալները համադրելով մենք կարող ենք հստակ և աներկբա ասել, որ հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 200 հազար նոր աշխատատեղ:

Հաջորդ տվյալը, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում, ըստ էության, գործազրկությունը, եթե զուտ թվերին նայենք՝ կասենք, որ նվազել է 5 տոկոսով: Բայց նաև մենք այստեղ մեթոդաբանության փոփոխության խնդիր ունենք, և դրա համար կարծում եմ, որ այս համեմատական այնքան էլ կոռեկտ չէ, բայց, այնուամենայնիվ, նոր տվյալով, նոր մեթոդաբանությամբ նույնպես 2023 թվականի գործազրկությունը Հայաստանի Հանրապետությունում նվազել և եղել է 12 տոկոս, և մենք պետք է շարունակենք այս ուղղությամբ:

2023 թվականի հարկերի և տուրքերի գծով եկամուտները 2022 թվականի համեմատ ավելի են 297 մլրդ 600 մլն դրամով կամ 14.5 տոկոսով: Բայց կարևոր է նաև, որ բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի նկատմամբ ավելի են 1 տրիլիոն 63 մլրդ դրամով կամ 92 տոկոսով: Այսինքն՝ մեր բյուջեի եկամուտները 2023-ին 2017 թվականի համեմատությամբ աճել են 92 տոկոսով:

2023 թվականի եկամտային հարկի գծով քաղաքացիներին վերադարձվել է 68 մլրդ 200 մլն դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 63 մլրդ դրամով կամ 14.5 տոկոսով: Քանի որ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մասին խոսեցինք՝ 2017 թվականից ի վեր հիփոթեկային այս ծրագրով Հայաստանի Հանրապետությունում բնակարան է ձեռք բերել 36 686 քաղաքացի: 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում նոր բնակարան է ձեռք բերել եկամտային հարկի վերադարձի այս ծրագրով 36 686 քաղաքացի կամ ասենք դեպք, դա ավելի ճիշտ է, որովհետև կարող են լինել քաղաքացիներ, որ 2 բնակարան են ձեռք բերել: Աճը 2017 թվականի նկատմամբ՝ 1648 տոկոս: Սա այն դեպքն է, երբ ասում եմ, որ քաղաքացին պետական բյուջեին հարկ վճարելիս չպետք է այնպես վերաբերվի, որ ինքն ուրիշին է փող տալիս, այլ այնպես, որ մի գրպանից դնում է մյուս գրպանը: Սա հենց այդ դեպքի ամենաուղիղ արտահայտությունն է, որովհետև հաշվարկված եկամտային հարկը, մի մասը եկամտային հարկի վերադարձվում է իրեն: Իսկ եկամտային հարկի մյուս մասով դեպի այդ նոր շենք գնացող ճանապարհ է կառուցվում, ենթակառուցվածքներ են կառուցվում, դպրոց է կառուցվում մոտակայքում իր երեխայի համար, մանկապարտեզ է կառուցվում մոտակայքում իր երեխայի համար: Ի՞նչ որակով, այս էլ ուրիշ պրոբլեմ է, որը, այո, մենք գիտենք, որին առնչվում ենք: Բայց որակի հետ կապված պրոբլեմի լուծման ձևը հետևյալն է, որ որակով շինարարությունը տեղի է ունենում և կուլտուրան ձևավորվում է, երբ երկրում կա շինարարություն: Այսինքն՝ այս որակի ճեղքը մենք ինչի՞ ենք ունեցել, որովհետև երկում, ըստ էության, էական կապիտալ շինարարություն տասնամյակով չենք ունեցել: Եվ սրա ապացույցներից մեկը հետևյալն է՝ 2023 թվականի պետական բյուջեի կապիտալ ծախսերը կազմել են 494 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելի է 3.3 անգամ: Իհարկե, այստեղ նաև պաշտպանական ծախսերը կան, բայց մոտավորապես, այն ժամանակ էլ են պաշտպանական ծախսեր եղել:

Այսինքն, ըստ էության, կապիտալ ծախսերը եռապատկվել են, և այս պրոցեսում է, որ մենք պետք է որակյալ շինարարության ստանդարտներ կարողանանք իրոք ձևավորել: Այո, ես կրկնում եմ՝ սա էլ խնդիր: Չէ՞ որ դասագիրքը բացենք՝ մենք շինարար ազգ ենք, կառուցում ենք, այս ենք անում, այն ենք անում, երեխան դասարանից դուրս է գալիս, տեսնում է՝ դպրոցը գլխին փլվում է, ասում է՝ մի րոպե, ինչի է այսպես: Սա նաև կրթության նկատմամբ վերաբերմունք է ձևավորում: Երեխան չգիտի՞ և չի՞ զգում, թե որտեղ են իրեն խաբում: Այսօր չի զգում, վաղը կզգա, վաղը չզգա, մյուս օրը կզգա: Եվ սա վերաբերմունք է ձևավորում պետության նկատմամբ: Ինքն այդ դիտանկյունից է սկսում գնահատել իրեն՝ որպես քաղաքացի, և պետությունը՝ որպես իր գործունեության արդյունք: Բայց այստեղ էլ իմ արձանագրումը հետևյալն է, որ մենք պետք է հետևողական ուղղակի աշխատենք:

2023 թվականին ավելացված արժեքի գծով վերադարձրել ենք բիզնեսին՝ հաշվանցումներ, դեբեդներ և այլն, 288 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ ավելի է 197 մլրդ դրամով կամ 3.2 անգամ: Այսինքն՝ մենք այսքան լրացուցիչ բիզնեսին գործունեության հնարավորություն ենք տվել: Բայց դա էլ պետք է ասեմ, որ մենք տեսնում ենք նաև, որ սա մեծ թվերի մեջ չարաշահումների տեղ է թողնում: Ընդհանրապես՝ մենք չպետք է նաև խորշենք մեր պոզիտիվ քաղաքականությունները, եթե դրանք լայնորեն չարաշահվում են, հետ պտտել: Ես, օրինակ, ուզում եմ վերադառնալ՝ այդ բանավեճը կար չէ, որ բուհերի հետ կապված հայտարարություն, որ ընդհանրապես քաղաքական ներկայացուցիչներ չլինեն, այո, մենք այդ բարի կամքը դրսևորել ենք, բայց հետո տեսանք, որ բուհերը վերածվում են ծայրահեղական խմբավորումների ընդհատակյա ցանցերի համար նպաստավոր միջավայրի: Հիմա էլ դեռ շատ խորը պրոբլեմներ կան այդ առումով: Ոչ, մենք պետք է քաղաքական առաջնորդություն իրականացնենք: Եվ ես ուզում եմ ասել, որ կառավարությունը ոչ մի ոլորտում քաղաքական առաջնորդությունից չի հրաժարվելու: Եվ սա իմ այն ասած տրամաբանության շրջանակներում՝ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվող մարտահրավերներին պատշաճ արձանագրելու նպատակադրմամբ:

Վերադառնալով թվաբանությանը՝ 2023 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 14.6 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը՝ 12.4 տոկոսով: Իրական աշխատավարձը, եթե ներառենք գնաճը, ինչքան ավելի աշխատավարձ է ստանում մարդը, թանկացումից ինչքա՞ն ավելի աշխատավարձ է ստանում մարդը, և նախորդ տարի այդ թիվը կազմել է 12,4 տոկոս: Աշխատող մարդը, որովհետև երբ մենք ասում ենք, որ մարդն այսքանով ավելի շատ է վաստակել, սա շատ քննարկման հարց է դառնում, բայց խոսքն աշխատող մարդու մասին է, չաշխատող մարդը ոչ մի բան էլ ավելի չի վաստակել, որովհետև չի աշխատել, որը շատ պարզ տրամաբանություն է:

Եվ շատ կարևոր է արձանագրել, որ իրական աշխատավարձը 2018 թվականի համեմատ՝ 2023-ի արդյունքներով աճել է 34 տոկոսով: Գնաճային նույնիսկ շոկեր ենք մենք ունեցել, բայց բոլոր թանկացումներից ավելի մեր մոտ իրական աշխատավարձն 2018 թվականից ի վեր աճել է 30 տոկոսով:

Եվս մի տվյալ, 2023թ. թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ, իսկ անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը կազմել է թոշակառուների կողմից 60 մլրդ 104 մլն դրամ: Սա շատ լավ ծրագիր է, կարևոր ծրագիր է, որը օգնում է, որպեսզի մենք ստվերը կրճատենք: Բայց նաև որոշակի մտահոգություններ էլ այստեղ կան: Վերջերս ես տեղեկանք խնդրեցի, թե, ի վերջո, մեր սիրելի թոշակառուներն ինչի՞ վրա են ծախսում այս գումարները և զարմանքով արձանագրեցի, որ մեծ տարբերությամբ գումարները ծախսվում են առաջին տողով ծխախոտի, երկրորդ տողով՝ բենզինի վրա: Սա առնվազն մեզ մտածելու տեղիք պետք է տա, թե ի՞նչն է սրա պատճառը: Ես կարծում եմ, որ անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը մենք պետք է զարգացնենք, ինչպե՞ս, ե՞րբ, կառավարությունում քննարկումներ կան, բայց մյուս կողմից նաև բովանդակային որոշակի փոփոխություններ պետք է անենք, որպեսզի չստացվի, որ մենք մեր սիրելի թոշակառուներին կամ նրանց թոռնիկներին մղում ենք ավելի շատ ծխելու: Մեր նպատակադրումն այն է, որ իրենք ոչ միայն ավելի քիչ ծխեն, այլև ընդհանրապես չծխեն և առողջ ապրելակերպով ապրեն:

Հարգելի գործընկերներ, իրականում ասելիք շատ կա, բայց ես համոզված եմ, որ հատկապես բյուջեի բովանդակային և թվային մասով կառավարության անդամները ոչ պակաս կարևոր մանրամասներ կներկայացնեն և կպատասխանեմ ձեր հարցերին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter