«Հայաստանի եվրոպացի բարեկամները» դիտորդական առաքելություն կիրականացնի Արցախի ընտրություններում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս Արցախի իշխանությունների հրավերով հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն կիրականացնի նախագահի ընտրություններում:
Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարոսը, ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի և Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան, «Հայաստանի եվրոպացի բարեկամների» գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը և այլք:
Էդուարդ Շարմազանովը հատկանշական համարեց Հայաստանի եվրոպացի բարեկամների այցը այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները:
«Ներկայում իմ երկիրը՝ Կիպրոսը, նախագահում է Եվրամիությունում, և հավաստիացնում եմ, որ հնարավոր ամեն ինչ կանենք՝ աջակցելու Հայաստանին բոլոր ուղղություններում»,- ասաց Էլենի Թեոխարոսը: Ղարաբաղ իրենց այցելությունը նա որակեց որպես ուխտագնացություն՝ նշելով, որ ամենաազատ ոգին ինքը 15 տարի առաջ տեսել է հենց Ստեփանակերտում: Էլենի Թեոխարոսը հավաստիացրեց, որ հայկական կողմը կարող է ապավինել բոլոր այն եվրոպական ուժերին, որոնք հետամուտ են հակամարտությունների, մասնավորապես ԼՂ հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծմանը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում համոզված են՝ Կիպրոսի նախագահությունը ԵՄ-ում շատ արդյունավետ կլինի՝ անկախ նրանից, որ թուրք շատ գործիչներ այդ առումով տարբեր հակասական հայտարարություններով են անում: Նա ասաց, որ Հայաստանը կողմնակից է միացյալ Կիպրոսին, և 21-րդ դարում ուժի դիրքերից խոսելը, պատեր շարելը, նախապայմաններ առաջադրելը եվրոպական արժեքների հետ որևէ կապ չունեն:
«Խոսքն առնչվում է թե Թուրքիային, թե Ադրբեջանին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավաստիացնելով, որ այդպես են կարծում նաև Լեռնային Ղարաբաղում:
Հանս-Յուրգեն Զահորկան էլ հավաստիացրեց, որ իրենց այս այցի արդյունքում եվրոպական շատ գործիչներ ու լրատվամիջոցներ կտեղեկանան այն իրականության մասին, որ այսօր տիրում է իր անկախությունը կերտող Ղարաբաղում: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել