HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Դատարանը հետազոտեց «Կյանքի խոսքին» և Անժելա Սարգսյանին վերաբերող խտասկավառակները

Դերասանուհի Անժելա Սարգսյանի և «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հնարավոր կապը կամ դրա բացակայությունն էր այսօր ներկյայացվում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Այստեղ ընթանում էր «Կյանքի խոսքի» հայցի քննությունն ընդդեմ «Իրավունք» թերթի:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին տեխնիկական պատճառներով դատարանը չկարողացավ դիտել կողմերի ներկայացրած խտասկավառակները, սակայն այսօր դատարանը հետազոտեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության և «Իրավունք» թերթի ներկայացրած  ապացույցները:

 «Կյանքի խոսքի» կողմից ներկայացված խտասկավառակում «Կենտրոն» հեռուստաընկերության «Կռվախնձոր» հաղորդման ընթացքում Անժելա Սարգսյանի հայտարարությունն էր առ այն, որ վերջինս «Կյանքի խոսք» եկեղեցու անդամ չէ և հետաքրքրությունից դրդված հաճախակի  է այցելել տարբեր եկեղեցիներ և մասնակցել տարբեր հավաքների:

«Իրավունք» թերթի ներկայացրած խտասկավառակը ընդգրկում էր «Կյանքի խոսքի»  կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանի գործունեության մասին տեղեկությունները: Հիմնականում ներկայացվում էր Ա.Սիմոնյանի իտալերեն քարոզը, որտեղ վերջինս օգտագործում է «պոռնոաստվածուհի», «ծովի հրեշի որդիներ» բառերը: Անդրադարձ էր կատարվում Ա.Սիմոնյանի վարքագծին, այն է՝ հավաքների ընթացքում վերջինս նշում է, որ շնացել է, հարբել է, պետությունից գողություն է կատարել, ինչ պետք է եղել, այն էլ գողացել է:

Խտասկավառակում առկա էր հատված Ռուսաստանում անցկացված «Կյանքի խոսքի» հավաքներից, որտեղ հովիվը բեմի վրա տեղադրված զուգարանը համեմատում է աղոթատեղիի հետ՝ նշելով, որ բնական կարիքները հոգալու ժամանակ աղոթելիս անձը մաքրվում է՝ վերջում ջուրը քաշելու միջոցով:

Այնուհետև խտասկավառակում ներկայացվում է Անժելա Սարգսյանի «տղամարդու» մոր՝ Մարինա Արայանի հարցազրույցը, ով հայտնում է, որ Ա.Սարգսյանը սպառնացել է իր որդուն. «Անժելան շանտաժի էր ենթարկում Կարենին, փորձում էր ահաբեկել իր թիկունքին կանգնած «Կյանքի խոսք» աղանդով, որն ի զորու է այս քաղաքում լուծել ցանկացած հարց»: Մ.Արայանը նաև հայտնում է, որ Ա.Սարգսյանի քույրը՝ Աննան, «Կյանքի խոսքի» ավագներից է:

Ա.Սարգսյանի նախկին կոլեգաներ Գայանե Ասլամազյանը և Անի Պետրոսյանը հայտնում են, որ Ա.Սարգսյանը հիմնականում խոսել է հավատքից՝ նշելով. «Մենք իմացել ենք, որ նա հավատացյալ է, որովհետև անընդհատ խոսում էր, որ սա մեղք է, նա մեղք է, ես գնում եմ հավատքի»: Նրանք նաև ավելացրել են, որ «Անժելան  ունի քույր, որն ինչ-որ կապ ունի թերթերի հետ, և պատահական չի, որ էդ ամեն ինչը անընդհատ հայտնվումա մամուլում»:

Խտասկավառակում ներկայացվում է նաև Անժելա Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ հավատքով է հասել այն ամենին, ինչ հիմա ունի, որ նա սովորել է «Աստվածաշնչյան դպրոցում»: Ըստ պատասխանողի պարզած տվյալների՝ այդ դպրոցը պատկանում է «Կյանքի խոսք» եկեղեցուն, որի դեկանն է Արթուր Մելիքյանը: Պատասխանողը ներկայացնում է հատվածներ, որտեղ Ա.Սարգսյանը դեռ վաղ տարիքից ներկա է եղել «Կյանքի խոսքի» հավաքներին:

Խտասկավառակները դիտելուց հետո դատարանը հեռացավ ապացույցների հետազոտման և դատական ակտ կայացնելու համար: Վճիռը կհրապարակվի հուլիսի 31-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter