
Երկու ընկերության մաքսատուրքից ազատվելու արտոնություն է տրվել՝ ընդհանուր 119 մլն դրամի
Կառավարության որոշմամբ «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ Ընկերությունը Արագածոտնի մարզի, Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրին կից տարածքում հիմնել է 100 հա մակերեսով տանձի ինտենսիվ այգի։ Ներկայացված ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է նույն տարածքում հիմնել 7644 տ տարողությամբ կամ 23576 խմ ծավալով մրգերի պահպանման սառնարան։ Նշված տարածքում ընկերությունը նախատեսում է տեղադրել նաև մրգերի տեսակավորման սարքավորում, որը հնարավորություն կտա բարձրորակ մրգեր մատակարարել ինչպես տեղական այնպես էլ արտաքին շուկաներին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.17 մլրդ դրամի ներդրում՝ ապրանքների ձեռքբերման համար։ Ներկայում առկա է 14 աշխատատեղ, մինչև 2029 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 32-ի՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.17 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 109 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ էլ բավարարվել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից գտվելու վերաբերյալ:
Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել թիթեղյա տարաների և կափարիչների արտադրության համար՝իրականացնելով 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար:
Ներկայում առկա է 35 աշխատատեղ՝ 200 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 38-ի՝ 250,000 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115 մլն դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 10 մլն դրամ։
Մեկնաբանել