HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդա Ավետիսյան. «Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացումը ջախջախիչ ազդեցություն կունենա բիզնեսի վրա»

Դիլիջանում ռեստորանային բիզնեսով զբաղվող Վարդա (Վարդուհի) Ավետիսյանը մտահոգված է Կառավարության որոշմամբ, որով նախատեսվում է կրկնակի բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափերը և որոշ ոլորտների տնտեսվարողների արգելել աշխատել այդ դաշտում։ Ըստ գործարարի՝ դա ջախջախիչ ազդեցություն է թողնելու մարզերում գործող բիզնեսների վրա։ 

Վարդան և իր փոքրիկ թիմը 2016 թվականից Դիլիջանում հիմնել ու սպասարկում են ռեստորաններ։ Հետագայում մեծացել է ինչպես թիմը, այնպես էլ ռեստորանների քանակը։ Չնայած, որ քովիդն ու պատերազմը խիստ վատ են ազդել բիզնեսի վրա, ընկերությունը շարունակել է աշխատել և 2022-ին՝ ռուս զբոսաշրջիկների հոսքի կտրուկ ավելացումը Վարդան «հրաշք» է համարում ռեստորանային բիզնեսի համար։

«Հրաշքը» երկար չի տևել, և արդեն 2023-ից բիզնեսը անկում է գրանցել։ Սակայն, այդ անկումը «Կճուճ», «Թավա», «Լօշ» և այլ անուններով ռեստորանների («Վառդո գրուպ» ՍՊԸ հիմնադիր) հիմնադրին այնքան չի անհանգստացրել, որքան այս ոլորտում սպասվող հարկային փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ընկերությունը 6% շրջանառության հարկի փոխարեն պետք է 12% վճարի։

«Արդեն իսկ մեր կազմակերպության համար բավականին դժվար է այս եղած հարկային բեռը տանելը։ Երբ մենք հաշվում ենք մեր նախորդ եռամսյակները, տեսնում ենք, որ առաջարկվող մոդելով մեր հարկային բեռը ծանրանալու է 60-70%-ով։ Կլինի անհնարին մարզում բարեխիղճ հարկատուի համար մեր ոլորտի»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Վարդա Ավետիսյանը։

Կառավարությունը մայիսի 2-ի նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով նախատեսվում է գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել (հիմնականում՝ կրկնակի չափով) շրջանառության հարկի՝ ներկայում գործող դրույքաչափերը։

Հայաստանում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր: Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները ու անհատ ձեռնարկատերերը հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով (16.67-20%) և/կամ շահութահարկով (18%):

Իսկ հարկման հատուկ համակարգերն են միկրոձեռնարկատիրության (ազատված է ԱԱՀ-ից, շահութահարկից և շրջհարկից) և շրջանառության հարկի։

Հարկային օրենսգիրքն այսօր թույլ է տալիս, որ տարեկան մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն աշխատեն շրջանառության հարկի դաշտում և անհամեմատ ավելի քիչ հարկ վճարեն, քան հարկման ընդհանուր դաշտում։ Այստեղ ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարում են շրջանառության հարկ։ Բիզնեսների զգալի մասի պարագայում այն ներկայում 5% է, որը նախատեսվում է 10% դարձնել:

Շրջանառության հարկի սպասվող դրույքաչափերը՝ ըստ Ֆինանսների նախարարության նախագծի.

Ֆինանսների նախարարության առաջարկած և Կառավարության հաստատած այս նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև ԱԺ-ում, որտեղ ընդունվելուց հետո միայն օրենքի ուժ կստանա։

Որոշ բիզնեսների, ինչպես այսօր, թույլատրվելու է նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափը կատարվող ծախսերի հաշվին։ Այդ ծախսերը պետք է պարտադիր փաստաթղթավորված լինեն, ինչը մարզերում խնդիր է։ Գյուղացին, որը ռեստորանին մթերք կամ միս է վաճառում, չի կարողանում դրա համար համապատասխան թուղթ տրամադրել, որ ռեստորանն էլ դա որպես ծախս ներկայացնի և ավելի քիչ հարկ վճարի։

«Օրինակ` մեզ մոտ անտառահավաքչություն է։ Երբ սունկը եկավ անտառից, մենք, երբ պետք  է ամեն ինչ ծախսագրենք, փաստաթղթավորենք, ոչ բոլոր գյուղացիներն են համաձայնում նման փոխհարաբերությունների մեջ մտնել մեզ հետ։ Շատերը, նույնիսկ, չեն հասկանում՝ ինչի մասին է խոսքը, կամ ինչու կա դրա անհրաժեշտությունը։ Մյուս կողմից անհանգստանում են՝ նպաստ են ստանում, ծրագրերից, ինչ-որ աջակցություններից են պետական օգտվում: Նույնիսկ, երբ որ մենք բացատրում ենք, միևնույն է՝ դուք հարկեր չեք վճարում դրանից, բայց մենք կարողանում ենք ծախսեր ցույց տալ, նվազեցնել մեր հարկերը, բավականին անտարբեր մոտեցում է։ Մեկ ուրիշ տեղ ինքը կարող է իր ապրանքը նույն գնով վաճառել առանց նման քաշքշուկների»,- ասում է Վարդա Ավետիսյանը։

Կառավարությունը և մասնավորապես՝ Ֆինանսների նախարարությունը, համարում է, որ այսօր շրջանառության հարկի դաշտում գործող և հարկման ընդհանուր դաշտում գործող բիզնեսների հարկային բեռը խիստ տարբեր է։ Եթե շրջանառության հարկը բիզնեսներից շատերի համար 5-6% է, քիչ դեպքերում՝ ավելի բարձր, ապա ընդհանուր դաշտում ընկերությունները վճարում են  20% ավելացված արժեքի հարկ, 18% շահութահարկ։ Սա, ըստ Կառավարության, անարդար է։

«Երկրորդ նպատակն այն է, որ տնտեսական խթաններ ներդրվեն, շրջանառության հարկ վճարողների կողմից գործարքները փաստաթղթերով հիմնավորելու համար»,- Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը` հայտարարելով, որ շրջանառության հարկը չպետք է լինի արտոնյալ համակարգ։

Ըստ Արման Պողոսյանի՝ շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման և որոշ ոլորտների այս համակարգից «դուրս մղելու» երրորդ նպատակն այն է, որ վերաիմաստավորվեն հարկման ընդհանուր համակարգերը այն տրամաբանությամբ, որ եթե այստեղ կան գործունեության տեսակներ, որոնք չեն բնութագրվում միկրոձեռնարկատիրության կամ փոքր ձեռնարկատիրության հատկանիշներով, որովհետև այդչափ պարզունակ չեն և իրենց բնույթով, ըստ էության, աչքի են ընկնում շահութաբերության բարձր աստիճանով, տեղափոխվեն ավելի արդար հարկային միջավայր։

Վարդա Ավետիսյանը, սակայն, համոզված է, որ Կառավարությունը խորությամբ չի ուսումնասիրել հանրային սննդի ոլորտը մարզերում։ Այստեղ կան ռեստորանային բիզնեսի ուժեղ արտահայտված սեզոնայնությունը, տարածաշրջանային անհամաչափ զարգացումը, անկայունությունը, ոչ բավարար զարգացած ենթակառուցվածքները, կախվածությունը քաղաքական և սահմանային իրավիճակներից և բազմաթիվ այլ գործոններ։

«Ես շատ կուզենայի, որ մարզերին ցուցաբերվեր առանձնակի մոտեցում, որովհետև ի սկզբանե սխալ է նույն մոտեցումը ցուցաբերել, նույն դրույքաչափերով հարկել և՛ մայրաքաղաքի բիզնեսները, և՛ մարզերի բիզնեսները։ Դա ես համարում եմ մոտեցման մեջ բավականին մեծ սխալ, որովհետև մենք ունենք էստեղ բազմաթիվ խնդիրներ, որոնք մայրաքաղաքին չեն վերաբերում։ Հետևաբար նման մոտեցումը հենց նման բիզնեսների վրա ջախջախիչ ազդեցություն կարող է ունենալ»,- ասում է նա։

Վարդա Ավետիսյանը ոգևորությամբ է պատմում, թե ինչպես է սկսել բիզնեսը Դիլիջանում, որոշել ապրել ու աշխատել այդ քաղաքում։ Թե ինչպես են 2020 թվականին քովիդն ու պատերազմը գլխիվայր շրջել պլանները։

«Հետո 21 թվականին բավականին դժվար էր, քանի որ հուսալքված էինք։ Բայց եղավ այդ որոշումը, որ նորից ենք անելու այս ամեն ինչը։ Քանի որ ունեինք մեծ թիմ, որը մնացել էր անգործ, քանի որ այս ամեն ինչը մարդկանց մասին էր, քան եկամտաբեր բիզնես կառուցելու մասին էր։ Շատ հպարտանում եմ այդ տարով, որովհետև շատ ժրաջան աշխատեցինք»,- հիշում է Վարդան։

2024 թվականի սկիզբը Դիլիջանում ռեստորանային բիզնեսի համար առայժմ խոստումնալից չէ։ Տուրիստական սեզոնը ուշանում է։ Ռեստորանները, հյուրանոցներն ու հանրային սննդի մյուս օբյեկտները առայժմ չեն ստանում սպասվող եկամուտները։ 2022-ի մեծ հոսքից հետո այս բիզնեսներն անհամեմատ ավելի համեստ ցուցանիշներ են գրանցում։ Ռեստորանային բիզնեսների մի մասը հետ է եկել նույն տաշտակին։ 

«Վառդո գրուպ»-ին չի հաջողվել 2023 թվականին բավականաչափ միջոցներ կուտակել, որոնք այսօր կդառնային «անվտանգության բարձիկներ»։

«Մայիս ամիսն է արդեն, բայց դեռ մենք սպասարկում ենք շաբաթ-կիրակիներին, և զգացվում է ամբողջ մարզում, տարածաշրջանում, քաղաքում, որ մարդիկ չկան։ Չունենք տուրիստական ներհոսք։ Առաջ Վրաստանից հոսքից բավականին մեծ մասից մենք օգտվում էինք, իսկ հիմա Վրաստանում քաղաքական իրավիճակը նման բանի չի սպասում, այստեղ էլ այդ վիճակն է, մենք բավականին վատ տարի ենք սկսել։ Հետևաբար ուզում եմ հասկանաք, թե այս թվերով մեզ համար ինչքան դժվար կլինի հաջորդ տարին գնալ նման հարկային փոփոխությունների»,- ասում է «Վառդո գրուպ»-ի հիմնադիր Վարդա (Վարդուհի) Ավետիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter