HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երդվյալ ատենակալները Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել փաստաթղթեր կեղծելու մեջ

Նյու Յորքում երդվյալ ատենակալները Դոնալդ Թրամփի դեմ բիզնես հաշվետվությունների կեղծման գործով մեղադրական դատավճիռ են կայացրել: ԱՄՆ նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել 34 կետով։

Մեղադրանքի յուրաքանչյուր կետով Թրամփին սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Պատիժը կորոշի դատավոր Խուան Մերչանը հատուկ նիստի ժամանակ։ Այն տեղի կունենա հուլիսի 11-ին:

Նույնիսկ եթե Թրամփը բանտարկվի, դա նրան չի զրկի նախագահական ընտրություններին առաջադրվելու իրավունքից։

Մեղադրանքի հիմքում Թրամփի վճարումներն են փաստաբան Մայքլ Քոենին, որոնք կատարվել են 2017 թվականին: Փոխանցումները ձևակերպվել են որպես իրավաբանական ծառայության համար վճար, բայց իրականում դրանք ծածկել են Քոհենի՝ պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի (իսկական անունը՝ Սթեֆանի Քլիֆորդ) լռության համար վճարման ծախսերը, որի հետ Թրամփը հանդիպել էր 2006 թվականին:

Դատարանում հանդես եկած 20 վկաների թվում են Քոհենը և Դենիելսը, ինչպես նաև Trump Organization-ի հաշվապահները և Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Հոուփ Հիքսը: Թրամփը դատական այս գործընթացն անվանել է քաղաքական, իսկ փոխանցումների ձևակերպումը՝ պարզ հաշվապահական սխալ։ Նա խոստացել էր ցուցմունք տալ դատարանում, սակայն չի արել։

Այս գործը այն չորս քրեական գործերից մեկն է, որը հարուցվել է Թրամփի դեմ։ Հավանաբար, մյուս գործերով դատավարությունները չեն մեկնարկի մինչև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները։

Թրամփը հաղթել է Հանրապետական կուսակցության փրայմերիզը։ Հուլիսին կայանալիք կուսակցական համագումարի ժամանակ նա պաշտոնապես կդառնա առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ այս կուսակցության պաշտոնական թեկնածուն։

Գործող նախագահ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին բանավեճը նշանակված է հունիսի 27-ին։ Սոցիոլոգիական հարցումներում Թրամփը որոշակիորեն գերազանցում է Բայդենին։

Լուսանկարը՝ Steven Hirsch/New York Post via AP, Pool

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter