HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացին պնդում է, որ հարկադիր կատարողները 9.9 մլն դրամով անօրինական վաճառել են իր երկհարկանի տունը. նա դիմել է դատարան

Ռուբեն Մկրտչյանը «Ֆինքա» ՈՒՎԿ-ից վարկ է վերցրել, սակայն, չկարողանալով վճարել՝ կորցրել է ընտանիքին պատկանող երկհարկանի տունը: Հարկադիր կատարման փուլում վարկային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատեր Ռ. Մկրտչյանն ու վարկային երաշխավորները հաշտության համաձայնագիր են կնքել: Ինչպես նշված է համաձայնագրում, վարկային կազմակերպության «բարի կամքով» պայմանագրի չկատարված մասը տարաժամկետվել է, սակայն հիմնական վարկին գումարվել են տույժերն ու տուգանքները, ամբողջը կապիտալացվել է՝ որպես մայր գումար։ Այդ ամբողջի վրա հաշվարկվել է տարեկան 14% տոկոսադրույք, սակայն եթե վճարման խախտումներ լինեն, դառնալու է 24%: Այս պայմանն ավելի է ծանրացրել Մկրտչյանի վիճակը, և նա չի կարողացել մարել վարկը: Հարկադիր կարգով վաճառվել է նրա գրավադրած երկհարկանի տունը։ Գումարն ամբողջությամբ չի մարել պարտավորությունը, և որոշում է կայացվել գնահատել նաև երաշխավորի տունը, որպեսզի այն ևս վաճառվի: Վարչական դատարանում վիճարկվում են հարկադիր կատարողների գործողությունները, քանի որ Ռուբեն Մկրտչյանի կինը պնդում է, որ նրանք օրենքի խախտումով են տունը վաճառել:

Անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մկրտչյանը զբաղվել է եվրոդռների եւ պատուհանների  արտադրությամբ։ 2017 թ. «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ից 10 մլն դրամ վարկ է վերցրել՝  5 տարի մարման ժամկետով: Վարկային կազմակերպությունը գրավ է վերցրել Ռ. Մկրտչյանին պատկանող՝ Էջմիածին քաղաքում գտնվող երկհարկանի առանձնատունը: Դրան համաձայնություն են տվել նաև Ռուբեն Մկրտչյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը և որդին՝ Ռաֆայել Մկրտչյանը։ Բացի գրավից՝ վարկի համար երաշխավորության պայմանագրեր են կնքվել:

Ռուբեն Մկրտչյանը սկզբում պատշաճ վճարել է վարկը, ուշացումներ չի ունեցել: Սակայն, ընթացքում չի կարողացել կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, և «Ֆինքա»-ն հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ռ. Մկրտչյանի, երաշխավորներ Գոհար Մկրտչյանի, Ռաֆայել Մկրտչյանի ու Ժաննա Սարգսյանի՝ գումար բռնագանձելու  և գրավի առարկա տան վրա բռնագանձում տարածելու պահանջով: Դատարանը 2020 թ. նոյեմբերին հայցն ամբողջությամբ բավարարել է, և վճռվել է համապարտության կարգով Ռուբեն, Գոհար և Ռաֆայել Մկրտչյաններից, Ժաննա Սարգսյանից բռնագանձել մոտ 11 մլն դրամ՝ այդ գումարի վրա հաշվարկելով տոկոսներ մինչև պարտավորության կատարումը: Վճռով բռնագանձումը տարածվել է Ռ․ Մկրտչյանի սեփական տան վրա:

Վարկային կազմակերպության դիմումի հիման վրա դատարանը տրամադրել է կատարողական թերթ, ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքում հարուցվել են կատարողական վարույթներ: Գրավի առարկա հանդիսացող բնակելի տան շուկայական արժեքը պարզելու նպատակով հարկադիր կատարողը նշանակել է ապրանքագիտական փորձաքննություն:

2021 թ. սեպտեմբերին վարկային կազմակերպության և Մկրտչյանների ընտանիքի ու երաշխավոր Ժ. Սարգսյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն: Այդ ժամանակ Ռուբեն Մկրտչյանի վրա դրվել է մոտ 12 մլն 275 հազ. դրամի պարտավորություն, որից 8 մլն 912 հազ. դրամը՝ վարկի մայր գումարը, 1 մլն 23 հազ. դրամ տոկոսագումարը, 1 մլն 146 հազ. դրամը՝ չվճարված պարտավորության վրա հաշվարկված տոկոսագումարը և 1 մլն 194 հազ. դրամ  հաշվարկված տույժը կապիտալացվել են՝ որպես մայր գումար։ Ռ․ Մկրտչյանը վճարել է նաև 227 հազ. դրամ դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրքը։ Ստացվում է, որ Ռ․ Մկրտչյանը համաձայնագրով պետք է վճարեր նաև տոկոսագումարի վրա հաշվարկվող տոկոսները, ինչը պարտապանները պայմանների էլ ավելի վատթարացում են համարում։

Որպեսզի չկորցնեն տունը, Մկրտչյանները և Ժաննա Սարգսյանը ստիպված համաձայնել են, որ տույժ-տուգանքները ևս կապիտալացվեն վարկի մայր գումարին, և դրանց վրա հաշվեգրվեն տոկոսագումարներ: Սակայն ստանձնած նոր պարտավորությունը ևս չեն կարողացել վճարել: Համաձայնագիրը ստորագրելուց հետո ծանր հիվանդացել, ապա մահացել է Ռ․ Մկրտչյանի մայրը, և այդ ընթացքում Մկրտչյանը վճարումներ չի կատարել։ Առողջական լուրջ դժվարություններ են ունեցել նաև Ռուբենը և որդին: Իսկ համաձայնագրով նախատեսված է, որ եթե պարտավորությունը ժամանակին և պատշաճ չկատարվի, 14%-ը դառնալու է 24%։ Ուշացումների պատճառով հաշվարկը կատարվել է հենց 24%-ով:

Էջմիածնի բաժանմունքի հարկադիր կատարող Ա. Հակոբյանը 2022 թ. մայիսին որոշում է կայացրել առանձնատունը հարկադիր աճուրդով իրացնելու մասին: Երկհարկանի առանձնատունը գնահատվել է 27 մլն 700 հազ. դրամ: Հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75%-ի չափով, ուստի անշարժ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 20 մլն 775 հազ. դրամ մեկնարկային գնով: Աճուրդի սկիզբ է նշանակվել 2022 թ. հուլիսի 11-ը։

Տան մակերեսը 237.4 քմ է, հողամասինը՝ 255 քմ: Ունի 18.2 քմ անասնագոմ: Գույքի գնահատման ժամանակ փորձագետը նշել է, որ երկհարկանի տան պատերը քարից են, միջհարկային ծածկերը՝ երկաթբետոնից: Տարածքն ապահովված է ջրամատակարարմամբ, էլեկտրականությամբ, գազաֆիկացված է: Երկրորդ հարկի սենյակներում մանրահատակ կա:  Տեղազննման ժամանակ պատերի և առաստաղի վրա ճաքեր, ճեղքեր չեն արձանագրվել, տեսանելի վթարված հատվածներ չեն եղել:

Նշված առանձնատունը Կադաստրի կոմիտեում գրանցված էր միայն Ռուբեն Մկրտչյանի անվամբ: Նույն տարվա հուլիսի 28-ին Ռ. Մկրտչյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, հայց է ներկայացրել ամուսնու դեմ՝ իր սեփականության իրավունքը ճանաչելու և համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջով: Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և արգելանք է դրել վարկային կազմակերպությունում գրավադրված տան վրա՝ արգելելով Ռուբեն Մկրտչյանին նշված գույքն օտարել, գրավադրել կամ այլ կերպ երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնել։

Հենց այդ հիմքով հարկադիր կատարողը 2022 թ․ օգոստոսին  որոշել է կասեցնել տան օտարման հետ կապված վարույթները։ Վարկային կազմակերպությունն Արդարադատության նախարարին բողոք է ներկայացրել հարկադիր կատարողի՝ վարույթը կասեցնելու որոշման դեմ, պատճառաբանելով, որ օրենքի դրույթը սխալ է մեկնաբանել։ Դրանից հետո կասեցված վարույթը վերսկսվել է։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է Գոհար Մկրտչյանի սեփականության իրավունքը։ Դրանից հետո՝ 2023 թ․ դեկտեմբերին, Գ. Մկրտչյանը հայց է ներկայացրել դատարան, այս անգամ՝ գույքն արգելանքից հանելու պահանջով։

Գոհար Մկրտչյանը դիմում է ներկայացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ խնդրելով կասեցնել վաճառքի գործընթացքը, քանի որ արգելանքից հանելու վերաբերյալ գործ կա դատարանում, սակայն ստացել է պատասխան, որ դատարանի որոշումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, դեռևս հիմք չէ բնակելի տան աճուրդային գործընթացը կասեցնելու համար (ավելի ուշ դատարանը մերժել է Գ․ Մկրտչյանի հայցը)։

Գոհար Մկրտչյանը 2024թ․ փետրվարի 19-ին դիմել է վարչական դատարան՝  արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով տունն իրացնելու գործընթացը կասեցնելու պահանջով։ Դատարանը այդ ժամանակ հայցի ապահովման միջոց չի կիրառել, որպեսզի աճուրդի գործընթացը կասեցվի՝ մինչև վճռի կայացումը։

Մկրտչյանների տունը 8 անգամ աճուրդի է հանվել, և 2024 թ․ մարտի 4-ին վաճառվել մոտ 9 մլն 987 հազ․ դրամով։ Այդ գումարն ամբողջությամբ չի մարել վարկային պարտավորությունը, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցել է երաշխավորի բնակարանը վաճառելու գործընթացին։

Նշենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի համաձայն՝ եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի 10%-ի չափով։

Երաշխավոր Ժաննա Սարգսյանի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել գնահատելու իր բնակարանը՝ հետագայում վաճառելու ակնկալիքով։ Չեն գնահատվել ինչպես հիմնական վարկառուի այլ միջոցները, այնպես էլ նրա շարժական գույքը։

Տան վաճառքից հետո՝ մարտի 19-ին, վարչական դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ պահպանելով Գոհար Մկրտչյանի և վերջինիս ամուսնու սեփականությունը հանդիսանալու իրավիճակը։ Դատարանի այս որոշումից հետո տունն աճուրդով գնած քաղաքացին Կադաստրի կոմիտեում չի կարողանում իր անվամբ գրանցել սեփականության իրավունքը։

Վերջին 2 ամսվա ընթացքում Ռ. Մկրտչյանը վճարել է ևս 2 մլն 80 հազ․ դրամ՝ որպես պարտավորության կատարում։ Ընդհանուր առմամբ՝ առ այսօր նշված վարկի շրջանակում ՈՒՎԿ-ին վճարվել է շուրջ 22․4 մլն դրամ, ինչի մասին վկայում է վարկային կազմակերպության քաղվածքը:

Ժաննա Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ազգականի վարկային պայմանագրին որպես երաշխավոր միացել է 2019 թ. հուլիսի 29-ին՝ վերջիններիս վարկի երաշխավորի մահից հետո։

«Թվում էր՝ ռիսկերն առանձնապես մեծ չէին: Ազգականներիս փոքր բիզնեսը 2009-ից ի վեր իրեն քիչ թե շատ արդարացնում էր, հակառակ պարագայում գրավադրված տան իրացումը լիուլի ծածկելու էր իրենց վարկային պարտավորությունը։ Սակայն քովիդը պարալիզացրեց բոլոր բիզնեսները։ Բանկերը, ԿԲ-ի հորդորով, մի քանի ամսով երկարաձգեցին  քաղաքացիների պարտավորությունների մարումը և որոշ ժամանակով կասեցրին տոկոսների գանձումը։ Մինչդեռ «Ֆինքա» ՈՒՎԿ-ն ոչ մի օրով տոկոսագումարների հաշվարկը չկանգնեցրեց, իսկ 2020-ի սեպտեմբերի 2-ին հայց ներկայացրեց դատարան՝ գրավադրված գույքի բռնագանձման պահանջով»,- ասում է Սարգսյանը:

Վարկի երաշխավոր Ժ․ Սարգսյանը նշում է, որ ազգականները ստիպված համաձայնել են հաշտության պայմաններին, վարկային կազմակերպության Էջմիածնի գրասենյակում ստորագրել են փաստաթղթի յուրաքանչյուր էջի ներքևում ու փոխանցել իրեն, որ ինքն էլ ստորագրի:

«Ստորագրելուց առաջ ես լուսանկարեցի հիմնական պայմանների էջերը, որ մեծացնելով՝ հեշտ կարդամ։ Մի հայացքից էլ պարզ էր, որ «հաշտության համաձայնագրի» անվան տակ անհաղթահարելի պայմաններ են առաջարկվում անելանելի վիճակում հայտնված մարդկանց: Հավելյալ 3,4 մլն տույժ ու տուգանք էին ավելացրել 8.9 մլն մայր գումարի վրա, ամբողջը դարձրել 12,274,699 դրամ մայր գումար ու մարման համար կարճ ժամկետ տվել։ Իրենց իրավաբանին խնդրեցի՝ վերանայել պայմանները, սակայն մերժվեցի։ Բարեկամներիս խնդրանքով ստորագրեցի, քանի որ նրանք այդ «հաշտությունը» գրավադրված տունը փրկելու միակ ելքն էին համարում»,- ասում է Ժաննա Սարգսյանը՝ հավելելով, որ այդ փաստաթղթում գոնե պարտքի տարեկան տոկոսագումարը 12 % էր, սակայն հետո վարկային կազմակերպությունը որոշել է վերահաշվարկ անել ու տարեկան տոկոսը դարձրել 14 %, իսկ ժամանակին չվճարելու դեպքում՝ 24%։

Տունը կորցնելու վտանգի առաջ կանգնած Ժ. Սարգսյանը պատմում է, որ վարկային կազմակերպությունից այդպես էլ չի ստացել պարտքի գումարի չափի վերաբերյալ հստակ հաշվարկ, որով հասկանալի կլինի պարտքի տոկոսների գոյացման տրամաբանությունը։ Ժաննա Սարգսյանը նշում է, որ «Ֆինքա»-ի էլեկտրոնային ծանուցումները տարբերվում են  միմյանցից և նշված ժամանակահատվածում ԴԱՀԿ ներկայացված տվյալներից։ Օրինակ՝ 2023-ի փետրվարի 6-ի դրությամբ, էլեկտրոնային ծանուցման համաձայն, պարտքը 16,7 մլն դրամ է, մարտի 6-ի դրությամբ՝ 17 մլն, իսկ նույն տարվա օգոստոսի 23-ին ԴԱՀԿ ներկայացրած գրության մեջ վարկային կազմակերպությունը նշել է 15․5 մլն պարտավորություն։ Տարօրինակն այն է ըստ Սարգսյանի, որ այս տվյալների միջանկյալ ժամանակահատվածում որևէ վճարում չի կատարվել, ինչը կարող էր պարտավորության գումարի փոփոխություն առաջացնել: ՈՒՎԿ-ի տրամադրած 2024թ. մայիսի 20-ի տվյալով, 5 մլն 265 հազ․ դրամ է կազմում վարկի չափը, մինչդեռ հարկադիր կատարման ծառայությունում 6․3 մլն է երևում։

«Պայմաններ չեն ստեղծվում, որ պարտապանը կարողանա մարել գումարը։ Անելանելի վիճակում, տունը կորցնելու վտանգի տակ հայտնված մարդկանց առաջ «հաշտության պայմանագրի» անվան տակ այնպիսի պահանջներ են դրվում, այնպիսի ուռճացված տոկոսներ, որոնց տակից պարզապես հնարավոր չէ դուրս գալ տրված կարճ ժամկետում։ Անհնար է մարել այդ միլիոնները՝ օրական բազմապատկվող տոկոս, տոկոսի տոկոս ու տույժեր, երբ քո բոլոր հաշիվները, ողջ գույքը կալանքի տակ են, և գործողություններդ՝ սահմանափակված։ Այսպիսով, ստեղծված են մարդկանց ունեզրկելու բոլոր պայմանները։ Ստացվում է՝ պետական համակարգը գործիք է վարկային կազմակերպությունների ձեռքին, և որևէ գործիքակազմ չի կիրառվում՝ զսպելու վերջիններիս կամայական ցանկություններն ու ախորժակը»,- ասում է Ժաննա Սարգսյանը:

Հարկադիր կատարման ծառայությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք անհրաժեշտություն չի առաջացել Մկրտչյանների տունը վաճառելուց առաջ նոր գնահատման ներկայացնել, քանի որ 2 տարի է անցել, և վաճառվելուց առաջ կարող էր շուկայական այլ գին ունենալ։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահրամ Ենոքյանը հայտնել է, որ գույքի գնահատման անհրաժեշտություն չի առաջացել, աճուրդները հաջորդել են միմյանց։ Մինչդեռ վարկի երաշխավոր Ժաննա Սարգսյանը հայտնում է, որ գրավադրված տունն աճուրդով օտարելուց մեկ ամիս առաջ՝ հունվարի 30-ին, ՈՒՎԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է վերագնահատում, և Ռ․ Մկրտչյանի տունը գնահատվել է 32 մլն դրամ։ Սակայն հարկադիր կատարողներն աճուրդի պայմանները թողել են անփոփոխ։

Ինչ վերաբերում է տունը վաճառելուց ձեռնպահ մնալուն, քանի որ հայց է ներկայացվել դատարան, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հերքում են, թե անօրինական բան են կատարել։ Հայտնում են, որ օրենքի խախտում թույլ չեն տվել, տվյալ դեպքում  հայց հարուցելն արգելք չէր գույքի իրացման վարույթը շարունակելու համար:

Գոհար Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Առաքելյանը պնդում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սխալ է մեկնաբանում օրենքը: Փաստաբանի խոսքերով՝ ԴԱՀԿ-ի մասին օրենքով է նախատեսված, որ հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե դատարանը վարույթ է ընդունել հայցադիմում՝ այն գույքն արգելանքից հանելու վերաբերյալ, որի վրա բռնագանձում է տարածվել հարուցված կատարողական վարույթով: 

Գոհար Մկրտչյանը մի քանի անգամ գրություն է ուղարկել Հարկադիր կատարման ծառայություն, ներկայացրել է ապացույց՝ հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ, սակայն կատարողական վարույթը չի կասեցվել, և տունը վաճառվել է: Վարչական դատարանում հարկադիր կատարողների այս գործողություններն են վիճարկվում, ինչը հանգեցրել է Մկրտչյանների՝ սեփականության իրավունքից զրկվելուն:

Վարչական դատարանում գործը դեռևս գտնվում է նախնական դատալսումների փուլում։

Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք «Ֆինքա» ՈՒՎԿ-ին:  Մարկետինգի բաժնի ղեկավար Իրենա Բալայանը պարզաբանեց, որ 2019թ․-ից Ռուբեն Մկրտչյանը սկսել է չվճարել վարկը: Առաջարկել են հաշտության համաձայնագիր կնքել, որ նոր ժամանակացույց կազմվի և 5 տարվա ընթացքում վճարի: Սակայն, նոր գրաֆիկով էլ 2-3 ամիս է վճարել, որից հետո չի վճարել:

Վարկային կազմակերպությունից պարզաբանում են, որ բազմիցս բանակցել են Ռ. Մկրտչյանի հետ, սակայն չի ստացվել: Իրենա Բալայանի փոխանցմամբ՝ իրենք հակված չեն եղել վարկառուի հետ վեճը լուծել դատական կարգով, սակայն այլ տարբերակ չեն ունեցել:

Մարկետինգի բաժնի ղեկավարի փոխանցմամբ՝ ամեն ինչ իրականացվել է օրենքի սահմաններում, քանի որ ցանկացած ֆինանսական կառույց նույն կանոններով է աշխատում: Իրենա Բալայանն ասում է, որ Մկրտչյաններին առաջարկվել է ամբողջությամբ մարել վարկի գումարը, և վարկային կազմակերպությունը զիջումներ կանի տույժերի ու տուգանքների հարցում, սակայն հրաժարվել են՝ ասելով, թե գումար չունեն միանվագ վճարում կատարելու համար: Դրանից հետո առաջարկվել է որոշակի ժամկետում՝ փուլային տարբերակով վճարումները կատարել, սակայն դրանից էլ են հրաժարվել, ինչից հետո մնացել է հաշտության համաձայնագիրը:

«Ֆինքա»-ից հաստատում են, որ այդ համաձայնագրով տույժերն ու տուգանքները գումարվել են մայր գումարին, և տոկոսներ են հաշվարկվել, ըստ ժամանակացույցի: Հաստատում են նաև, որ 14% տոկոսադրույքը դարձել է 24%, քանի որ վճարումները ժամանակին չեն կատարվել, սակայն նշում են, որ այդ ամենի մասին Ռուբեն Մկրտչյանն ու կինն իմացել են, իրենց կամքով են ստորագրել այդ համաձայնագիրը:

Գոհար Մկրտչյանը հերքում է, որ իրենց առաջարկել են փուլային տարբերակով վճարումներ կատարել, հակառակ դեպքում՝ իրենք չէին ընկնի այդ տոկոսների տակ: Վարկային կազմակերպությունից առաջարկել են կամ միանվագ ամբողջ գումարը վճարել, ինչը չեն կարողացել, կամ համաձայնագիր կնքել նոր պայմաններով, նոր ժամանակացույց: Իրենք ստիպված ընտրել են վերջին տարբերակը:

Վարկային կազմակերպությունից նշում են, որ հաշտության համաձայնագրի դեպքում տույժերն ու տուգանքները չեն զիջվում և կապիտալացվում է մայր գումարին, որպես մնացորդ, ինչի մասին Մկրտչյանները տեղեկացվել են և խոստացել են ամեն ամիս վճարում կատարել:

Վարկային կազմակերպությունն ասում են, որ 22 մլն դրամի վճարում չի կատարվել, սակայն չեն կարող հայտնել, թե որքան գումար է վճարվել, դա բանկային գաղտնիք է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter