HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերնիսաժի» տարածքում առևտուրը կարգելվի՞

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դարձյալ խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրել մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և բարեկարգման մասով, հատկապես վարձակալությամբ տրված տարածքների վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ:

Քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է Փ. Բուզանդի փողոցին հարող «Վերնիսաժի» տարածքում տիրող բարձիթողի իրավիճակին, որի ականատեսն անձամբ է եղել հանգստյան օրերին այնտեղ այցելելու ընթացքում:

Կարեն Կարապետյանի դժգոհությունն ու զայրույթն են հարուցել կանաչ գոտիների հաշվին իրականացվող առևտուրն ու շատրվանների և ընդհանրապես ողջ տարածքի ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակը:

Ըստ այդմ, քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել և տարածքը վարձակալած տնտեսավարողին պարտադրել կատարել վարձակալական պայմանագրի պահանջները, բարեկարգել և կանաչապատել տարածքը:

Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պայմանագրային պարտավորությունները չկատարող սուբյեկտները օրենքով սահմանված կարգով կարող են ենթարկվել համապատասխան տույժի, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրերի դադարեցման:

«Վերնիսաժի» մասով հանձնարարել է. «Մինչև շաբաթ օրը ամբողջությամբ պետք է վերականգնվի կանաչ գոտին և արգելվի այդ հատվածում առևտրի իրականացումը: Վերահսկեք, որ վարձակալը կատարի բարեկարգման և կանաչապատման պայմանագրային պարտավորություններն ու պահպանի այն»,- շեշտել է քաղաքապետը:

Հասարակական վերահսկողության նպատակով քաղաքապետն առաջարկել է ներգրավել նաև բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ-ներին:

Անդրադառնալով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման ներկա իրավիճակին' քաղաքապետը նշել է, որ այսօրվանից քաղաքապետարանի աշխատակազմն ուսումնասիրություններ կիրականացնի ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում։ Մոնիտորինգին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև Երևանի ճարտարագիտական համալսարանի, Արդյունաբերական քոլեջի և Արհեստագործական հ.1 ուսումնարանի թվով 60 ուսանող։

Ըստ այդմ' իրականացված մոնիտորինգի արդյունքում կհավաքագրվի երթուղիներում շահագործվող շարժակազմերի փաստացի քանակի, արտաքին տեսքի և սանիտարական վիճակի, երթուղիների սպասարկման վիճակի, վարորդների արտաքին տեսքի և նրանց կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքում հնարավոր կլինի պարզել երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, նշել է քաղաքապետը:

Ամփոփելով ապրիլի 9-ին մայրաքաղաքում իրականացված համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի արդյունքները, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին և բոլոր այն կառույցներին, ովքեր ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:

Հիշեցնելով, որ ապրիլի 16-ը նույնպես մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր, քաղաքապետը աշխատակազմի պատասխանատուներին հանձնարարել է պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին' գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննակվել են նաև համաքաղաքային ընթացիկ ծրագրերին վերաբերող այլ հարցեր: Հանձնարարվել է սահմանված ժամկետներում սկսել և ավարտել մայրաքաղաքի փողոցների, բակերի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter