HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ՃՏՊ-ի գործով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 12 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Շիրակի մարզի 33-ամյա բնակիչը, գտնվելով սթափ վիճակում, 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան-Գյումրի ավտոճանապարհով՝ դեպի Գյումրի ուղղությամբ։ Հասնելով հիշյալ ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատված՝ հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցի հեռահար լույսերից շլանալու հանգամանքով պայմանավորված վտանգի առաջացման պահից սկսած, առանց վթարային լուսային ազդանշանը միացնելու և իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի արագությունը իջեցնելու, անհրաժեշտության դեպքում նաև կանգնելու, շարունակել է երթևեկությունը, կատարել լույսերի հեռահարից մոտակա միացում և ինքնաբերաբար երթևեկել դեպի ձախ։ Արդյունքում՝ իր վարած տրանսպորտային միջոցը դուրս է բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, որի հետևանքով «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան բախվել է «Վոլկսվագեն Քրաֆթեր» ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Վոլկսվագեն Քրաֆթեր» ավտոմեքենայի վարորդը և 11 ուղևոր մահացել են, ևս 4 ուղևորի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Զիլ-ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման համակցված միջոցներ են ընտրվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter