
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ակցիան ԱԳՆ-ի դիմաց (լուսանկարներ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր ԱԳՆ-ի շենքի մոտ հանդիպում պահանջեցին նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ նրան ուղղելու իրենց հուզող հարցերը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիշեցրեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, ըստ որի՝ վերջինս պահանջում է ներողություն խնդրել իր խոսքով «Խոջալուում իրականացված ցեղասպանության» համար։ Սրբազանը նշեց՝ հիմնավոր կասկածներ ունեն, որ Հայաստանի իշխանությունները գրավոր ներողություն են ուղարկել։
Ըստ Սրբազանի՝ այս գործողությունները նվաստացնում են ՀՀ ինքնիշխանությունը, սուվերենությունը և ժողովրդին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը 30 րոպե տվեց, որ ԱԳՆ-ից իջնեն և պատասխաններ տան ու հորդորեց շրջափակել ԱԳ նախարարության շենքի մուտքերը։
ԱԳՆ շենքի առջև լարված իրավիճակ ստեղծվեց։ Ըստ Սրբազանի` սարկավագներից մեկն ակցիայի ժամանակ վնասվածք է ստացել. «Ամբողջ պատասխանատվությունն Արարատ Միրզոյանի վրա է»,- ասաց Սրբազանը։
Ոստիկանությունից էլ տեղում հայտնեցին՝ իրենց աշխատակիցները ևս վնասվածքներ են ստացել։
Այնուհետև ցուցարարները երթով գնացին Սուրբ Աննա եկեղեցու բակ։
Մեկնաբանել