HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ Շիշյան. մոռացված սիմֆոնիա

1988-ին Գյումրիում երկրաշարժի ժամանակ զոհվեց կոմպոզիտոր Ազատ Շիշյանը։ Փլատակների տակ Շիշյանի դին գտան իր դաշնամուրի մոտ։ Ազատ Շիշյանի և կնոջ դիերի հետ փլատակներից դուրս բերվեցին նաև Հայոց ցեղասպանության և գաղթի մասին Շիշյանի հուշագրությունները, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, այդ թվում՝ կոմպոզիտորի առաջին սիմֆոնիան։

Կոմպոզիտոր Երվանդ Երկանյանն իր ուսուցչի՝ Ազատ Շիշյանի հարազատների տուն է այցելում։ Այստեղ տասնյակ տարիներ անց նա գտնում է իր առաջին ստեղծագործությունը, որը նվիրել էր իր ուսուցչին պատանի ժամանակ։

Երվանդ Երկանյանը նշում է՝ չնայած առաջին սիմֆոնիան գրել է Արամ Խաչատրյանը 1934թ․-ին Մոսկվայում՝ Հայաստանում գրված առաջին սիմֆոնիան (1937թ.) Ազատ Շիշյանինն է։ Կոմպոզիտորի սիմֆոնիան նվիրված է եղել Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակին։ Սիմֆոնիան Շիշյանը ներկայացրել է Թբիլիսիում՝ Անդրկովկասյան առաջին փառատոնի շրջանակում, որը ղեկավարում էր դիրիժոր Կոնստանտին Սարաջևը։

Հյուրասենյակում ակտիվ քննարկում է։ Շիշյանի հարազատներն արխիվային լուսանկարներն են նայում, գտել են 1925թ. մի նկար և բանավիճում են, թե նկարում պատկերված երեխաներից որ մեկն է Ազատը։

-1925թ. պետք է լիներ 13 տարեկան։ Սա 13-ից մեծ է,- ասում է պարոն Երկանյանը։

-Այ էս ա ինքը, Վազգենին էլ նմանա,- պնդում են հարազատները։

-Հնարավորա, 13 տարեկան կարող է լինի,- հաստատում է Երկանյանը։

Գաղթի ճանապարհ

Ազատը 3 տարեկան է եղել, երբ կորցրել է ընտանիքն ու հայտնվել որբանոցում։ Հասուն տարիքում նա գրի է առել իր հուշերը՝ նկարագրելով գաղթի ճամփան ու իր ապրումները։

«Գնում եմ պառկելու կասկածանքով։ Այս գիշեր ինձ կսպանեն… մտածում եմ երկար՝ գլուխս վերմակի տակ. վատ հիշողություններ, լուռ արցունքներ, արցունքներ… Աչքիս առաջով անցնում են ծնողների կենդանի պատկերները, ո՞ւր է եղբայրս՝ Վազգենը…

Զգում եմ բոլորովին մենակ, որբ՝ բառիս լայն իմաստով, այն էլ՝ հայ որբ»,- իր հուշագրություններում պատմել է Ցեղասպանությունից փրկված Ազատ Շիշյանը։

Շիշյանի ընտանիքն ապրել է Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքում։ Հայրը՝ Եղիշե Շուշեյանը, հայտնի կոշկակար է եղել։ 1915թ․-ին Ազատի հորը զինծառայության պատրվակով տարել և սպանել են։

3-ամյա Ազատը մոր, երկու եղբոր և տատի հետ հեռանում են Բաբերդից։ Մայրը՝ Թագուհին, կարողանում է մի քանի իր էժան գնով վաճառել և էշ գնել, վրան խուրջին է դնում, մի կողմում նստեցնում է Ազատ Շիշյանին, մյուսում՝ եղբորը՝ Վազգենին։ 

Մյուս մանկահասակ եղբորը մայրը գրկում է և մորական տատի հետ ճանապարհ են ընկնում։

Շիշյանի տատը հետ է ընկնում ճանապարհից, նրա հետ կապը կորում է։ Ընտանիքի մյուս անդամները հանդիպում են ծանոթ թուրքի, ով նրանց առաջարկում է տանել և պահել իրենց գյուղի տան թաքստոցում։ Շիշյանենց ընտանիքն ապրում է թուրքերի տանը։ Որոշ ժամանակ անց թուրքերին հայտնի է դառնում, որ Թագուհին ապրում է այդտեղ, գալիս են նրա հետևից։ Շիշյանն իր հուշագրությունում նշում է, որ երբ թուրքերը մորն ու մանկահասակ երեխային վերցնում են, որ տանեն, ինքն ու եղբայրն առաջ են վազում, որպեսզի մորը մոտենան, թուրքերը հրացանը պահում են իրենց գլխին և թույլ չեն տալիս մոտենալ։ Մայրը տղաներին ասում է. «գնում եմ մեր տուն, որ կարի մեքենան բերեմ, ձեր համար շորեր կարեմ»։

Ազատն ու Վազգենը որոշ ժամանակ շարունակում են ապրել նույն ընտանիքում։ Լուր են ստանում, որ իրենց տատը ողջ է, թուրք ընտանիքը որոշում է եղբայրներին տանել տատի մոտ։

Իր հուշագրություններում Շիշյանը նշել է, որ տատն անդադար խնամքի կարիք ուներ, բայց քանի որ իրենք էլ փոքր են եղել, իրենք էլ են խնամքի կարիք ունեցել, բայց ինչով կարողացել, օգնել են իրենց տատին։ Երբ տատը մահացել է, Ազատին և Վազգենին աքսորել են Բաբերդի իրենց տնից։ 

Մինչև գաղթի ճանապարհը բռնելը, Շիշյանի մայրը սովորեցրել էր՝ եթե հարցնեն՝ դուք ո՞վ եք, հանկարծ չասեք, որ հայ եք։

«Մայրս մեզանից բաժանվելուց շատ առաջ մեզ սովորեցրել էր, որ երբեք, ոչ մի տեղ մեր հայ լինելը ցույց չտանք։ Տաճկերեն խոսել արդեն սովորել էինք։ Մայրս իմ անունը դրել էր թուրքի անուն՝ Նիազի, իսկ եղբորս անունը՝ Մեմետ։ Եթե հարցնեին՝ ո՞ւմ տղան եմ, պիտի ասեի Իսմայիլի, մորս անունը՝ Ֆատիմե»,- իր հուշերում գրել է Շիշյանը։

Ազատին և եղբորը՝ Վազգենին, տարբեր ընտանիքներ են որդեգրում։ 

«Եղբայրս ապրում էր մի ուրիշ տան մեջ, ես հաճախ գնում էի նրան տեսնելու, մի անգամ էլ գնացի, հիվանդ էր, և ինձ չթողին նրա մոտ, կարգադրեցին, որ էլ չգնամ։ Չեմ հիշում՝ ինչքան ժամանակ այդպես ապրեցինք, մի օր լուր ստացվեց, թե ռուսական զորքը Բաբերդը գրավել է, շարժվում է դեպի գյուղերը, բնակչությունը խուճապահար սկսեց փախչել դեպի արևմուտք՝ իրենց ունեցվածքը թողնելով, ես ել առանց հասկանալու՝ ինչ է կատարվում, իրենց հետ փախչում եմ»,- գրել է Ազատ Շիշյանը։

Գաղթի ճանապարհին Ազատը հայտնվում է որբանոցներում։

«Պարբերաբար հիշում էի հորս, մորս, որ սպանվեցին հայ լինելու պատճառով, իսկ ես ողջ եմ մնացել, քանի որ որպես թուրք եմ ներկայացել»,- պատմել է նա։

Որբանոցներից մեկում ապրելու ժամանակ թուրքերը մոտենում են և ասում, որ հայ սաները մեկ քայլ առաջ գան, Ազատը վախենում է։ Իր հուշերում գրել է, որ կարծում էր, թե կտանեն, կսպանեն, եթե ասեր, որ հայ է։ Որբանոցի թուրք ընկերներից մեկին հարցրել է՝ տանում են սպանե՞ն հայերին, տղան պատասխանել է՝ չէ, չեն սպանելու, իրենց տանելու են հայկական որբանոց։ 

Շիշյանը, հավատալով, որ իսկապես հնարավորություն կա փրկվելու, մյուսների հետ հեռացել է որբանոցից։ Հետագայում որպես լավագույն սան նրան տեղափոխել են Կիպրոսի Մելքոնյան վարժարան՝ կրթություն ստանալու։ Այստեղ նրան դասավանդել է Բարսեղ Կանաչյանը։ Վարժարանն ավարտելուց հետո լավագույն 10 ուսանողներին հնարավորություն է տրվել Հայաստան մեկնելու։ Ազատ Շիշյանը նրանց թվում է եղել։

1940թ․ Ազատ Շիշյանին աքսորում են Ալթայի երկրամաս։ Այնտեղ նա անցկացնում է 14 տարի։ Շիշյանն իր հուշագրություններում ներկայացրել է նաև ձերբակալման պատմությունը։

Ըստ Շիշյանի՝ սկզբնական շրջանում իրեն պահել են Երևանի ներքին բանտում, այստեղ նրան պարբերաբար հարցաքննել ու դաժանաբար ծեծել են։ «Բանտախցում այնքան շատ էին կալանավորները, որ հազիվ նստած մի կերպ տեղավորվել էին։ Բանտախցում նորմալ կարող էր տեղավորվել 10-15 հոգի, իսկ բանտերում տեղ չլինելու պատճառով լցրել են իրար վրա 60-70։ Գիշերները քնից արթնացնում, տանում էին քննության, ծեծում, ջարդում, կիսամեռ բերում, գցում են խուց։ Եթե պնդես, որ քեզ անմեղ տեղն են դատապարտել, դա նույնպես մեղադրանք է»,- գրել է նա։

Քննիչներից մեկը Շիշյանին տվել է կարդալու Կիպրոսից իր հետ եկած տղաներից մեկի գործը, որին կասկածել են լրտեսության մեջ․ «Այդտեղ հիշատակված էր իմ ու ինձ հետ Հայաստան եկած տղաների ազգանունները։ Նա մեզնից ավելի ուշ էր եկել Հայաստան։ Հայրենիքում, չդիմանալով դժվարություններին, որոշում է դիմել Սովետական կառավարություն վերադառնալու համար, նրան չեն թույլատրում և ձերբակալում են լրտեսության մեղադրանքով։

Չգիտեմ, թե նրա գործն ինչպես վերջացավ, բայց մի բան պարզ է, որ նա իր միամիտ վարքով դարձավ Կիպրոսից եկած մեր տղաների մի մասի ազատազրկման պատճառ»։

Աքսորից վերադառնալով Հայաստան՝ Շիշյանը շարունակում է ստեղծագործել և դասավանդել Գյումրիում։

Ազատ Շիշյանը չգիտեր՝ որ օրն է ծնվել, բայց համարում էր, որ ապրիլի 24-ն է իր ծննդյան օրը․ «Սա սիմվոլիկ թիվ էր, բայց ինքը դա պահպանում էր որպես հիշողություն այն ահավոր ավերածությունների և Ցեղասպանության վերաբերյալ, որն ինքը մանկուց ապրել է, դա կստիպեր իրեն անընդհատ այս մասին հիշել»,- ասում է Երվանդ Երկանյանը։

Ազատ Շիշյանն ու կինը՝ Արաքսյա Մեքինյանը, զոհվել են 1988-ին՝ երկրաշարժի ժամանակ։ Այժմ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցը կրում է կոմպոզիտոր Ազատ Շիշյանի անունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter