HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների գործընթացը. Քրիստինե Ղալեչյան

2023 թվականին ՏԿԵՆ իրականացրել է 21 ծրագիր եւ 138 միջոցառում: Գումարը կազմել է գրեթե 270 մլրդ դրամ, տարեկան ճշտված պլանի նկատմամբ կատարողականը եղել է 98,2 տոկոս. այս մասին մայիսի 31-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Օրակարգում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության` «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումն էր: Հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ներկայացմամբ նախարարությանը 2023 թվականի բյուջեով տրանսպորտի ոլորտում փաստացի ծախսել է 101 մլրդ 987 մլն դրամ, որի շրջանակում իրականացրել է 3 ծրագիր, 31 միջոցառում: Էներգետիկայի ոլորտում ծախսել է 6 մլրդ 423 մլն դրամ` իրականացնելով 4 ծրագիր, 9 միջոցառում, ջրային ոլորտում` 49 մլրդ 992 մլն դրամ` ապահովելով 6 ծրագրի եւ 43 միջոցառման իրականացում: 

Ծրագրերից թերեւս ամենախոշորը, ըստ փոխնախարարի, «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որի շրջանակում իրականացվել է 24 միջոցառում, որոնցից 18-ը` վարկային դրամաշնորհային միջոցներով: «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի իրականացման համար 2023 թվականի բյուջեով նախատեսվել էր 103 մլրդ 820 մլն դրամ, որից փաստացի ծախսը կազմել է 100 մլրդ 442 մլն դրամ: 

Խոշոր միջոցառումներից Քրիստինե Ղալեչյանն առանձնացրել է «Պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման եւ ճանապարհների միջին նորոգման» ծրագիրը, որի փաստացի ծախսը կազմել է  66 մլրդ 951 մլն դրամ: Իրականացվել են շուրջ 305 կմ ավտոմոբիլային ճանապարհների, միջպետական` 97 կմ, հանրապետական` 103 կմ եւ մարզային` 105 կմ հիմնանորոգման աշխատանքներ: Կատարվել են նաեւ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներ, որոնց փաստացի ծախսը կազմել է 8 մլրդ 379 մլն դրամ: 

Խոսելով վարկային-դրամաշնորհային ծրագրերի կատարողականի մասին` հիմնական զեկուցողը նշել է, որ 2023 թվականի փաստացի ծախսը կազմել է 24 մլրդ 793 մլն դրամ` ապահովելով 31 կմ ընդհանուր երկարությամբ միջպետական ճանապարհների վերակառուցման աշխատանքների կատարում: 

Ավարտվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցի 220 կմ լարման Լիճք-Աշնակ եւ Վանաձոր 1 ենթակայանների վերակառուցման աշխատանքները: 

Մանրամասն ներկայացնելով ոլորտում իրականացած ծրագրերն ու ծախսերը` Քրիստինե Ղալեչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա պարզաբանումներ է ներկայացրել ճանապարհաշինարարության ժամկետներին, դրանց վերահսկմանը, անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ: 

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին` Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է հայեցակարգային եւ ռազմավարական մոտեցումները: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքների գործընթացը: Մշակվում է նոր ռազմավորություն, որը կունենա ներդրումային եւ տեխնիկական իրագործելիության պլան ճանապարհային ցանցի այն երթուղիների մասով, որոնք ապահովելու են միջազգային փոխադրումներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter